Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը բավարարեց Հայաստանից ստացված հերթական բողոքը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում:

Հայաստանից ՄԻԵԴ ուղարկված 1800-ից ավելի բողոքներից վճիռ կայացվել է միայն 60-ի մասով, և պետությունը վճարել է շուրջ 235 հազար եվրո:

Օրեր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական վճիռը կայացրեց ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Հայցը ստրասբուրգյան դատարանում ներկայացրած փաստաբան Հայկ Ալումյանը պնդում է, որ Հայաստանի դատարանները ապօրինաբար զրկել իր վստահորդին սեփականությունից, խախտել են նաև նրա արդար դատաքննության իրավունքը:

Եվրադատարանում գործը հաղթած Կարեն Պողոսյանը որպես վնասի փոխհատուցում ՀՀ-ից պահանջել է 94 հազար եվրո: Գումարի չափը, սակայն, առայժմ հաստատված չէ:

Դեռ 2001 թվականին դատարանը ճանաչել էր Ալումյանի վստահորդի սեփականության իրավունքը: 7 տարի անց, սակայն, դատախազությունը ՀՀ-ի անունից բողոքարկել էր վճիռն ու դատարանի օգնությամբ զրկել քաղաքացուն իր սեփականությունից՝ հողամասից, որտեղ նաև նրա բիզնեսն է եղել:

«7 տարի հետո ասել, որ Հայաստանի Հանրապետություն տեղյակ չի եղել այդ վճռից, այդ վճիռը բողոքարկել․․․ Նույն Հայաստանի դատարանները տրամագծորեն հակառակ որոշում են կայացնում, երբ որ խոսքը վերաբերում է իրական իրավունքների վերականգնմանը, ինքը համարում է, որ այդտեղ իրավունքի հետ կապված խնդիր չկա և վարույթ չի ընդունում: Իսկ Եվրոպական դատարանը համարեց, որ շատ էլ լավ իրավունքի հետ կապված խնդիրներ կան», - ասաց Ալումյանը:

Հայաստանից ՄԻԵԴ ուղարկված 1800-ից ավելի բողոքներից վճիռ կայացվել է միայն 60-ի մասով, և պետությունը վճարել է շուրջ 235 հազար եվրո: Պաշտոնական այս վիճակագրությունը փաստում է նաև, որ վերջին 13 տարիների ընթացքում հայաստանցիները Ստրասբուրգ են դիմել հիմնականում ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության իրավունքը պաշտպանելու համար:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին մտահոգում է, որ այդ գումարները վճարվում են շարքային քաղաքացիների հաշվին․ - «Մենք բոլորս ենք վճարում: Առանձին ներկայացուցիչների պատասխանատվության հասցեագրման մեխանիզմ դեռևս մշակված չէ»:

ՀՔԱ Վանաձերի գրասենյակի՝ օրերս կազմակերպած լսումներին ներկա Սահմանադրական դատարանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի պնդմամբ՝ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի վճռի ընդունումից հետո դրա կատարումը արհեստականորեն չձգձգվի․ - «Կառավարությունը, օգտվելով իր օրենսդրական նախաձեռնությունից, կարող է և շատ արագ այդ խնդիրներին լուծում տալ: Եթե սահմանադրական վերահսկողության մյուս սուբյեկտները ևս լինեն ավելի ակտիվ, կարծում եմ, այդ առումով Սահմանադրական դատարանի դերը ավելի ակնհայտ կլինի վճիռների կատարման մասով»:

Փաստաբան Արտակ Զեյնալյանը հակադարձեց Վարդևանյանին՝ պնդելով, թե հենց Սահմանադրական դատարանը հաճախ ոչ-լիարժեքորեն է հաշվի առնում ՄԻԵԴ-ի վճիռները․ - «Հայաստանի Հանրապետությունը ավելի լավ է կատարում Եվրոպական դատարանի վճիռները, քան Սահմանադրական դատարանի վճիռները: Դրա պատճառը, կարծում եմ, Սահմանադրական դատարանի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող նախարարների կոմիտեի բացակայությունն է»:

Եվրոպական դատարանի վճիռների կատարման վիճակն ուսումնասիրած Սաքունցը պնդում է, որ Ստրասբուրգ ուղարկվող գործերի հիմնական բողոքները չեն կրկնվի, եթե դատարանների նախագահների խորհուրդը վճիռների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնի: Այս գործառույթը, նրա խոսքով, նաև ԱԺ-ն պետք է իր վրա վերցնի․ - «Օրենսդիր և դատական իշխանության մասնակցությունը ՄԻԵԴ-ի վճիռների իրականացման առումով զրոյական է: Իրենք պետք է սեփական նախաձեռնությամբ, ելնելով պետության կողմից պարտավորությունների կատարման տրամաբանությունից, համապատասխան իրավական կարգավորումները մշակեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG