Մատչելիության հղումներ

Մովսես Հակոբյան․ «Հայ զինվորը ևս մեկ անգամ պարտադրեց հակառակորդին հրադադարի»


ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը կարծում է՝ Ադրբեջանը այս գործողություններից հետևություն կկատարի:

Ղարաբաղյան շփման գծում կրակի դադարեցման առաջարկությունը ներկայացրել է Ադրբեջանը: Այդ մասին հայտնեց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման եթերում:

«Ազատության» հարցին, թե իր կանխատեսմամբ՝ որքա՞ն կարող է այս վիճակը շարունակվել, և արդյո՞ք Մոսկվայում ձեռք բերված բանավոր համաձայնությունը կարող է տևական լինել, Հակոբյանը արձագանքեց․ - «Մենք պիտի փաստենք, որ հրադադարի առաջարկությունը ներկայացրել է Ադրբեջանը՝ դիմելով Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետին, ո՛չ հայկական կողմը: Եվ այս անգամ ևս մենք պիտի փաստենք, որ հայ զինվորը ևս մեկ անգամ պարտադրեց հակառակորդին հրադադարի»:

«Ինչքան կտևի այս իրավիճակը՝ կանխատեսել մի քիչ ավելի դժվար է, բայց այն, որ Պաշտպանության բանակը և հայկական Զինված ուժերը այսուհետ ևս պատրաստ են կանխելու հակառակորդի նման ոտնձգությունը, դա փաստ է: Կարծում եմ՝ հակառակորդը այս գործողություններից հետևություն կկատարի և եթե ևս մեկ անգամ փորձի նման ձևով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, իր պատասխանը կլինի ավելի կոշտ և ավելի խիստ», - շեշտեց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը:

«Այս կարճատև պատերազմը մեծ ավերածությունների, մարդկային մեծ կորուստների պատճառ դարձավ: Հայկական ուժերին հաջողվեց կասեցնել այդ հարձակումը, սակայն հիմա արդեն քննադատական դիտողություններ են հնչում, թե ինչու հայկական կողմը չկարողացավ ժամանակին կանխատեսել այդ հարձակումը, ինչը հնարավորություն կտար կանխել այս կորուստները: Ի՞նչ ցույց տվեց այս պատերազմը ընդհանրապես, իսկապես, հնարավո՞ր էր կանխատեսել այս հարձակումը, թե՞ ոչ», - այս հարցին Մովսես Հակոբյանը պատասխանեց․ - «Մեր հետախուզությունը տեղեկություն ուներ, բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանը բավականին երկար է, և կոնկրետ որ ժամին որտեղ է լինելու՝ իհարկե, դա կռահելը մի քիչ ավելի դժվար է: Բայց այն, որ մենք կանխատեսել էինք և գիտեինք, որ հակառակորդը դիվերսիոն գործողությունների միջոցով փորձելու է անցնել հարձակման, այդ տեղեկությունը մեր Զինված ուժերը ունեցել են և համապատասխան միջոցառումներ իրականացրել են»:

«Մտադրությունն իրենց՝ մինչև Ստեփանակերտ հասնելը, կարծում եմ՝ դա երազանքից է, որովհետև Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ կռվելու է բանակի հետ, և ամեն մի կտոր հողի համար այնտեղ զինվոր կա, որը մարտնչելու է և այդ հնարավորությունը հակառակորդին երբեք չի ընձեռելու», - շեշտեց գեներալ-լեյտենանտը:

Ներկայացնելով մանրամասներ ապրիլի լույս 2-ի գիշերը սկիզբ առած մարտական գործողությունների մասին՝ նա պատմեց, որ Ադրբեջանի դիվերսիոն ջոկատները գործել են չորս ուղղություններով, երկու ուղղություններում հաջողություններ չեն ունեցել, մյուս երկուսում ձեռք բերված սկզբնական հաջողությունը այնուհետև կանգնեցվել է Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից․ - «Այս չորսօրյա պատերազմի ընթացքում մենք կարողացել ենք հակառակորդին կանգնեցնել և թույլ չտալ նրա մխրճումը մեր պաշտպանության խորքը»: «Դուք ճիշտ նշեցիք, որ պաշտպանությունը բազմաշերտ է և այսօրվա միայն առաջին գծի խրամատը չի, և հակառակորդը նաև այս գործողությունների ընթացքում դա հասկացել է, որը և հնարավորություն չի տվել իրեն ավելի խորը մխրճվելու», - «Ազատության» հարցին ի պատասխան նաև ասաց Հակոբյանը:

«Նախկինում այդպիսի տարածված կարծիք կար, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը իր հմտություններով գերազանցում է ադրբեջանական բանակին, այս կարծիքը հատկապես ստեղծվեց մինչև հրադադարի կնքումը 94 թվականին, և դրանից հետո որևէ փոփոխություն այստեղ եղե՞լ է», - այս հարցին էլ Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը արձագանքեց․ - «Իհարկե ոչ, այսօրվա երիտասարդը ապացուցեց, որ ինքը այն տղաների զավակներն են, որոնք 94 թվականին հաղթանակ են կերտել և փոխանցել իրեն, և իրենք իրենց այսօրվա գործողություններով ապացուցեցին, որ առավել են, քան 92-94 թվականի մեր ավագ սերունդը»:

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ահռելի քանակությամբ՝ ավելի քան 4 միլիարդ դոլարի զենքի վաճառքի կապակցությամբ էլ Հակոբյանը հայտարարեց․ - «Հայաստանի Հանրապետության Գերագույն գլխավոր հրամանատարը այդ զենքի վաճառքի գնահատականը տվել է, կարծում եմ՝ ավելորդ մեկնաբանության կարիք չկա: Կիսում եմ նախագահի մտահոգությունը»:

Գլխավոր շտաբի պետի տեղակալը նաև չափազանցված է համարում սոցիալական ցանցերում հնչող քննադատությունները Զինված ուժերին և այլ ոլորտներին հատկացվող ծախսերի անհամաչափության վերաբերյալ: «Ես՝ որպես զինվորական, այդ գործերով չեմ զբաղվում և տեղյակ չեմ ինչ է, բայց կարծում եմ՝ այդ բոլորը չափազանցված է, և ձեր խոնարհ ծառան, լինելով տարբեր պաշտոններում, այսօր իր համեստ կյանքն է վայելում կամ ծառայությունն է տանում մեր երկրում: Կարծում եմ՝ համեմատել բանակը և ազատ շուկայական հարաբերությունները այստեղ տեղին չի», - ասաց նա:

«Ադրբեջանում կասկածներ կան, որ Դուք ծանր վիրավորված եք, ոմանք էլ պնդում են, թե Դուք սպանվել եք: Այսպիսի լուրեր են տարածում ադրբեջանական այդ լրատվամիջոցները YouTube-ով և այլ սոցցանցերով: Արդյո՞ք վիրավորվել եք Դուք ռազմաճակատում, որևէ բան Ձեզ պատահե՞լ է», - այս հարցին ի պատասխան՝ Մովսես Հակոբյանը հայտարարեց․ - «Ինչպես տեսնում եք, ես ողջ-առողջ եմ և Ձեզ հետ զրուցում եմ: Պիտի ասեմ, որ ինձ սպանել կամ վիրավորելը բավականին դժվար է, որովհետև ես բավականին երկար ժամանակ զինվորական ծառայություն եմ անցնում և ամբողջ ծառայությունս եղել եմ պատերազմի գոտում, գիտեմ պատերազմը ինչ է և դրանից պատսպարվելը գիտեմ»:

Հարցազրույցը ամբողջությամբ և «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի ապրիլի 10-ի թողարկումը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG