Մատչելիության հղումներ

Ամալ Քլունին կպայքարի մինչև Խադիջա Իսմայիլովայի ազատ արձակումը


Ամալ Քլունի, Խադիջա Իսմայիլովա
Ամալ Քլունի, Խադիջա Իսմայիլովա

«Ազատության» հետ զրույցում հայտնի փաստաբանը նաև արձագանքել է իր հայկական արմատների մասին պնդումներին:

Ամալ Քլունին հայտարարում է, որ պայքարելու է այնքան ժամանակ, մինչև հասնի ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի ազատ արձակմանը:

Հայտնի փաստաբանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատասխանել է իր ազգային պատկանելությանը վերաբերող հարցերին, պատմել իր ու ամուսնու՝ հոլիվուդյան նշանավոր դերասան, իրավապաշտպան Ջորջ Քլունիի մասնակցությամբ Հայաստանի հետ համագործակցությունից, բանտարկված լրագրողի գործով Եվրադատարան ներկայացված փաստաբանական խմբի հայցի մանրամասներից:

Ամալ Քլունին, հիշեցնենք, վերջերս ներգրավվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայիլովային ներկայացնող փաստաբանական խմբում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ էլեկտրոնային նամակագրությունում Քլունին հերթական անգամ պնդում է՝ հետաքննող լրագրողին ճաղերի ետևում փակելը պայմանավորված է բացառապես քաղաքական դրդապատճառներով:

Փաստաբանի խոսքով՝ Իսմայիլովայի դեմ առաջադրված շինծու մեղադրանքները նպատակ ունեն վերջ դնել Ալիևների ընտանիքի հետ անմիջական առնչություն ունեցող կոռուպցիոն գործարքների բացահայտումներին:

«Պետք է պաշտպանել լրագրողների շահերը, այլապես ոչ ոք չի իմանա, թե ինչ է կատարվում նրանց երկրներում», - նաև գրում է փաստաբան Քլունին:

39-ամյա Խադիջա Իսմայիլովան, ով 2014 թվականի դեկտեմբերից գտնվում է ճաղերի ետևում, հայտնի է իր հետաքննություններով, որոնք մասնավորապես բացահայտել են Ադրբեջանի իշխող ընտանիքի բազմամիլիարդ դոլարանոց բիզնեսները:

Այդ բացահայտումներին զուգահեռ լրագրողին ճնշելու փորձերը, այդ թվում՝ բանտում փակելը, նրա մերձավորները և միջազգային իրավապաշտպան ու լրագրողական կազմակերպությունները որակում են քաղաքական հաշվեհարդար: Գործընթացին հետևողները համոզված են, որ Քլունիի մասնակցությունը է՛լ ավելի կմեծացնի լրագրողի գործի նկատմամբ հանրային ուշադրությունն ու լրացուցիշ կշիռ կհաղորդի դատական գործընթացին:

Ամալ Քլունիի խոսքով՝ ՄԻԵԴ ներկայացնելիք հայցում փաստաբանները մասնավորապես նշել են, որ իրենց չի հաջողվել գտնել Իսմայիլովային վերագրված հանցագործություններում մեղքի որևէ ապացույց: Բացի այդ՝ պաշտպանական խումբը կենտրոնացել է Իսմայիլովայի նախնական կալանքի մասին որոշման վրա, որը, նրանց համոզմամբ, որևէ կերպ հիմնավորված չէր:

«Այդ ամենը զուտ քաղաքական հետապնդում է՝ ուղղված լրագրողի խոսքի ազատության սահմանափակմանը», - ընդգծում է փաստաբանը, ում համոզմամբ՝ Ադրբեջանում լրագրողների և իրավապաշտպանների դեմ լայնածավալ բռնաճնշումների ֆոնին Խադիջայի գործը խորհրդանշական է. - «Ազատազրկված լրագրողների թվով Ադրբեջանը աշխարհում զբաղեցնում է առաջին հորիզոնականները և չնայած այդ փաստին՝ շարունակում է լինել Եվրոպայի խորհրդի անդամ, այսինքն՝ անդամակցում է մի կազմակերպության, որի նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է և ժողովրդավարության ու օրենքի գերակայության ապահովումը. սա խնդիր է, որը պետք է անհանգստացնի յուրաքանչյուրիս»:

Խադիջա Իսմայիլովային դեմ լայնածավալ արշավ իրականացնելուց հետո, այդ թվում՝ հրապարակելով անձնական կյանքի մասին գաղտնի նկարահանված տեսանյութ, Ադրբեջանի իշխանություններն այժմ էլ լծվել են փաստաբան Քլունիի դեմ քարոզչությանը՝ մասնավորապես պնդելով, որ Քլունին հայ է, ինչն էլ ստիպել է նրան զբաղվել Խադիջայի գործով:

Լիբանանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ունեցող Քլունին «Ազատության» հետ զրույցում արձագանքելով ադրբեջանական քարոզչամեքենային՝ տարակուսում է․ - «Ես ծագումով հայ չեմ, բայց չեմ հասկանում, թե դա ինչ կապ ունի»:

Ամալ Քլունին վերջին տարիներին որպես փաստաբան է հանդես եկել միջազգային հնչեղություն ստացած մի շարք աղմկահարույց գործերում՝ «Ալ-Ջազիրա»-ի թղթակցի պաշտպանությունից մինչև ստրասբուրգյան դատարանում Հայաստանի շահերի ներկայացուցիչ:

«Այն փաստը, որ ես ներկայացրել եմ Հայաստանը, չի կարող ինձ հայ դարձնել, նույն տրամաբանությամբ էլ ՄԱԿ-ի միջազգային դատարանում Կամբոջան ներկայացնելը ինձ կամբոջուհի չդարձրեց: Հունաստանի կառավարությանն էլ եմ ներկայացրել, բայց դրանից ես հույն չդարձա», - ընդգծել է հայտնի փաստաբանը:

Ամալ Քլունիի դեմ հարձակումները դատապարտել է նաև Խադիջա Իսմայիլովան: Մարտի 10-ին բանտից «Ազատություն» ռադիոկայան ուղարկած նամակում լրագրողը գրել է․ - «Քլունիին ընտրել եմ, որովհետև տեսել եմ, թե ինչպես է նա պաշտպանել լրագրողներին, և ես գոհ եմ իմ պաշտպանության մակարդակից»: «Ես Քլունիին չեմ հարցրել իր ազգային պատկանելության մասին, քանի որ քաղաքակիրթ մարդիկ նման հարցեր չեն հնչեցնում: Նրա կարծիքը այս կամ այն ազգի մասին կամ նրա հայացքները այս կամ այն իրադարձության վերաբերյալ ինձ չեն վերաբերում: Ես հարգում եմ կարծիքների ազատությունը», - շեշտել է լրագրողը:

Պատասխանելով Հայաստանի հետ համագործակցության շուրջ հարցերին՝ Քլունին հաստատել է, որ ինքն ու ամուսինը ներգրավված են Հայաստանի նախաձեռնած՝ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նախագծերից մեկում, որի հովանավորներից է նաև իր ամուսնու ղեկավարած հիմնադրամը: Քլունին նշել է, որ այդ նախագծում ներգրավված է եղել մինչև Իսմայիլովայի պաշտպանության գործը ստանձնելը:

XS
SM
MD
LG