Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսը դատապարտեց ԻՊ կողմից քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում
ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն՝ ձայների 393 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ դատապարտել է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի և ասորիների, ինչպես նաև եզդիների ու կրոնական այլ փոքրամասնությունների դեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հանցագործությունները որպես ցեղասպանություն:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն, թիվ 75 բանաձևը ներկայացվել էր Ներկայացուցիչների պալատի՝ Միջին Արևելքում կրոնական փոքրամասնությունների հարցերով հանձնախմբի համանախագահներ Ջեֆ Ֆորթենբերիի և Աննա Էշուի գլխավորությամբ: Վերջինս ելույթում հատուկ անդրադարձել է իր հայկական և ասորական արմատներին, շեշտելով Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը ողջունել է Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունումը: Գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է Պալատի նման քվեարկության նշանակությունը, ընդգծելով, որ այն կքաջալերի Միացյալ Նահանգների ղեկավարությանը ցեղասպանական հարձակումներին վերջ դնելու գործում, և հավելելով, որ դրանցից շատերը կատարվում են Թուրքիայի դաշնակիցների կողմից:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ մարտի 17-ը այն վերջնաժամկետն է, երբ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պետք է իր պաշտոնական դիրքորոշումը արտահայտի տվյալ խնդրի առնչությամբ, և ընդունված բանաձևը անչափ կարևոր է նաև այդ առումով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG