Մատչելիության հղումներ

Վրաստանում հայ համայնքի և Հայ եկեղեցու խնդիրները՝ ԵԽ հանձնաժողովի զեկույցում


Վրաստան - Վիրահայ հավատացյալները Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում պատարագի ժամանակ, արխիվ
Վրաստան - Վիրահայ հավատացյալները Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում պատարագի ժամանակ, արխիվ

Վերջին տարիներին Վրաստանում ազգային, կրոնական, ինչպես նաև սեռական փոքրամասնությունների դեմ ատելություն սերմանող հայտարարությունների և բռնությունների թիվը աճել է: Այդ մասին հայտարարում են Եվրոպայի խորհրդի կազմում գործող Այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի մասնագետները երեքշաբթի օրը հրապարակված ծավալուն զեկույցում:

Եվրոպայի խորհրդի մասնագետների գնահատմամբ, «չնայած այս ոլորտում Վրաստանը որոշակի առաջընթաց է ապահովել՝ այնուհանդերձ, իշխանությունների արձագանքը վերը հիշատակված դեպքերին համարժեք չէ»:

Զեկույցը, որն ամփոփում է 2010-15 թվականներին Վրաստանում տեղի ունեցած զարգացումները, բավական մանրամասնորեն անդրադառնում է վիրահայության և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին առնչվող մի շարք միջադեպերին:

«2014 թվականի հուլիսին Թբիլիսիում մարդկանց մի խումբ հարձակում գործեց հայ հոգևորականի վրա և պոկեց նրա վզից կախված խաչը: Միջադեպը տեղի էր ունեցել մեքենայի կայանման շուրջ վեճի պատճառով: Վկաները, սակայն, պնդում էին, որ հարձակվողները հայերի հասցեին վիրավորական արտահայտություններ էին թույլ տալիս», - նշում են զեկույցի հեղինակները՝ արձանագրելով․ - «Ոստիկանությունը հետաքննեց միջադեպը առանց տեղի ունեցածի կրոնական դրդապատճառները դիտարկելու»:

Ընդհանրապես, ըստ Եվրոպայի խորհրդի մասնագետների, կրոնական փոքրամասնությունները Վրաստանում շատ հաճախ դիտարկվում են որպես վրացական հասարակության միասնությունը, գոյատևման կարողությունը վտանգող երևույթներ: «Դա նախևառաջ վերաբերում է կրոնական այն փոքրամասնություններին, որոնք առնչություն ունեն հարևան պետությունների հետ փոխկապակցված ազգային խմբերին: Աջարիայի սունի մահմեդականները ընկալվում են որպես Թուրքիայի, շիաները` Ադրբեջանի, իսկ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները՝ որպես Հայաստանի հետ կապեր ունեցող խմբեր», - նշում են զեկույցի հեղինակները:

Փաստաթղթում չի շրջանցվում նաև Վրաստանի տարածքում գտնվող վիճելի եկեղեցիների հարցը: «Քրիստոնեական մեկ եկեղեցու փաստացի մենաշնորհը կառուցողական կրոնական բազմակարծության ավանդույթի ի հայտ գալուն չի նպաստել: Դա աչքի է զարնում հատկապես կրոնական շինությունների` նախկին սեփականատերերին վերադարձի մինչ օրս չլուծված խնդրին առնչվելիս: Ի դեպ, այդ շինություններից շատերը այժմ Վրաց ուղղափառ եկեղեցու տնօրինության ներքո են: Հայ Առաքելական եկեղեցին, օրինակ, թվով վեց եկեղեցիների վերադարձն է պահանջում», - նշված է զեկույցում:

Եվրոպայի խորհրդի փորձագետներին հաջողվել է այս առթիվ ստանալ նաև Վրաստանի կառավարության պաշտոնական մեկնաբանությունը, այդ համատեքստում քննարկման առարկա դարձնելով նաև Հայ Առաքելական եկեղեցու` Վրաստանում ունեցած իրավական կարգավիճակի հարցը:

«Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակը [եկեղեցիների վերադարձի ] խնդրում որևէ նշանակություն չունի: Խնդիրը շատ ավելի նուրբ և համալիր բնույթ ունի: Պետությունը զերծ է մնում տարբեր կրոնական խմբերի հարաբերություններին միջամտելուց և գերադասում է չեզոքություն պահպանել: Բացի այդ, Վրաստանի կրոնի հարցերի գործակալությունը որևէ ապացույց կամ տեղեկատվություն չունի առ այն, որ [վիճահարույց ] շինություններից որևէ մեկը պատմականորեն պատկանել է Հայ Առաքելական եկեղեցուն», - նշված է Վրաստանի կառավարության` Եվրոպայի խորհուրդ ուղարկած պաշտոնական պարզաբանման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG