Մատչելիության հղումներ

Հանգստյան օրերին շփման գծում իրավիճակը կրկին լարված է եղել


Հանգստյան օրերին Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը կրկին լարված է եղել։ Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1200 կրակոց։

Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն «Ազատությանը» փոխանցեց՝ օրական 600-800 կրակոց են հաշվում.- «Դա արդեն դարձել է բնորոշ գիծ և «նորմալ» իրավիճակ, որովհետև բոլորս սովորել ենք այս իրավիճակին»։

Ղարաբաղի պաշտպանության բանակն այս անգամ ձեռնպահ է մնացել պատասխան գործողություններից։ Դավիթ Բաբայանն ասում է, որ ղարաբաղյան կողմը փորձում է անտեսել կրակոցները, եթե դրանք կորուստների ու մեծ վնասների պատճառ չեն դառնում։

«Երբեմն ավելի նպատակահարմար է լինում չպատասխանել մի քանի պատճառներով։ Առաջինը՝ ցույց ենք տալիս, որ մենք նման կրակոցներից որևէ ձևով չենք վախենում, չենք ահաբեկվում։ Սա իրենց վրա ավելի մեծ հոգեբանական տպավորություն է թողնում։ Եվ երկրորդ՝ թող կրակեն, իրենց զինամթերքը պակասեցնեն, չէ՞ որ դա նաև մեծ ֆինանսների հետ է կապված»։

Շփման գծում տեղի ունեցող ամեն մի կրակոցի ժամանակ լարվածություն է առաջանում նաև բանակում զինծառայող ունեցող ընտանիքներում։ Մեր զրուցակիցը, ով մեկ տարի առաջ է որդուն բանակ ճանապարհել, ասում է.- «Էդ 15 օրը, որ երեխեն դիրքերում ա լինում, էս լուրերից էն լուրերն եմ միացնում, գիշերները չենք քնում, ընտանիքով լարված ենք լինում։ Խեղճ ու կրակ, դժվար ապրած էրեխեք են, էսօր գնում են, հայրենիք են պաշտպանում, որ մենք հանգիստ լինենք, բայց ամեն դեպքում մենք էլ հանգիստ չենք քնում։ Ամեն մի մահվան լուր լսելով՝ ես պատկերացնում եմ, թե էդ ընտանիքում ինչ է կատարվում»։

Անցած տարեվերջին Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումից հետո էլ ղարաբաղյան հարցի շուրջ որևէ առաջընթաց չարձանագրվեց։ Հանդիպումից հետո նախագահներն իրենց աջակցությունը հայտնեցին միջնորդների առաջարկին՝ ուղղված շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին բռնության ռիսկերի նվազեցմանը։ Ղարաբաղի նախագահի խոսնակը, սակայն, ասում է՝ գոնե Ադրբեջանի կողմից համապատասխան քայլեր չեն տեսնում։

«Ադրբեջանական կողմը ամեն ինչ տապալում է... եթե Սաֆարովին հերոսացնում են, դա բանակցային գործընթացին կամ կայունությանը հարված չէ՞։ Ավելի մեծ հարված է, քան այդ կրակոցները»,- ասում է ղարաբաղցի պաշտոնյան։

Անցած տարեվերջին կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները նաև համաձայնել էին սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմ կիրառելու՝ համանախագահների առաջարկին: Այս ուղղությամբ դեռ աշխատանքներ տարվում են։

«Սկզբում պետք է կարողանան ստեղծել մի համակարգ և ճիշտ ֆիքսեն՝ ով է խախտում, երբ է խախտում, հետո արդեն կսկսեն պատասխանատվության կանչել այն կողմին, որը խախտել է հրադադարի ռեժիմը»,- ասաց ԼՂ նախագահի մամուլի խոսնակը։

Սակայն Դավիթ Բաբայանը մտավախություն ունի, թե այս նախաձեռնությունն էլ ադրբեջանական կողմի պատճառով կտապալվի.- «Նրանք ասում են, որ այսպես ասած՝ իրենց տարածքները օկուպացված են և չեն կարող չկրակել։ Այսպիսի աննորմալ պատասխան»։

Զինծառայող ունեցող ընտանիքներում ևս անհամբեր են, թե ինչ կլինի պաշտոնական երկկողմ հանդիպումներից հետո։ Զինվորի մայրը, որ չցանկացավ ներկայանալ, ասում է.- «Լարված սպասում ենք, որ հանդիպեն, բանակցություններ կլինի, հնարավոր է, որ մի հայտարարի գան, էրեխեդ ավելի հանգիստ պայմաններում ծառայի։ Էս հարցը պիտի խաղաղ ճանապարհով լուծվի, ես չգիտեմ՝ երբ կլուծվի։ Սրա վերջը չեմ տեսնում ես»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG