Մատչելիության հղումներ

Վերջին հազարամյակում առաջին անգամ կհանդիպեն Հռոմի պապն ու Ռուսիո պատրիարքը


Արդյո՞ք կհաշտվեն Կաթոլիկ և Ուղղափառ քույր եկեղեցիները. հազարամյա այս հարցի պատասխանը թերևս հայտնի դառնա ժամեր անց՝ Կուբայի մայրաքաղաք Հավանայում:

Այնտեղ, Հայաստանի ժամանակով ժամանակով 23:00-ին տեղի կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի և Համայն Ռուսիո պատրիարք, Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլի պատմական հանդիպումը: Հանդիպումը կանցնի հենց Հավանայի օդանավակայանում: Արդեն հայտնի է, որ հոգևոր առաջնորդները զրուցելու են երկու ժամ, այնուհետև հանդես են գալու համատեղ հայտարարությամբ:

Հանդիպման վայրը պատահական չէ ընտրված. նախ՝ այն հարմար է, քանի որ Պատրիարք Կիրիլը այդտեղից շարունակելու է իր ճանապարհը դեպի Լատինական Ամերիկայի երկրներ, իսկ Հռոմի պապը՝ Մեքսիկա: Բացի այդ, կողմերը փորձել են հանդիպել չեզոք վայրում, որպեսզի ոչ ոք չմեղադրի եկեղեցական առաջնորդներին, թե ոտք դնելով այս կամ այն երկիր, դավանաբանական զիջումների են գնացել:

Ֆրանցիսկոս պապի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի բանակցությունները կդառնան Հռոմի կաթոլիկ և Ռուս ուղղափառ եկեղեցիների հոգևոր առաջնորդների առաջին հանդիպումը վերջին հազարամյակում: Երկու եկեղեցապետերը չեն հանդիպել 11-րդ դարից ի վեր. պապի իշխանության հարցի շուրջ տարաձայնությունների պատճառով առաջացած Մեծ պառակտումը 1054 թվականից մինչ օրս չի հարթվել: Հանդիպումը կարևոր է երկու եկեղեցիների համար էլ:

Վերլուծաբանները նշում են՝ ինչպիսի համատեղ հայտարարություն էլ հնչի Հավանայի օդանավակայանում, միայն հանդիպման փաստը արդեն իսկ հստակ ուղերձ է, որ այդ հարաբերություններում առկա թշնամանքն իր տեղն է զիջում փոխըմբռնմանը։ Հանդիպումը տեղի է ունենալու փակ դռների ետևում։

Սենյակում, որտեղ պետք է զրուցեն ազդեցիկ եկեղեցապետերը, բացի խաչերից այլ կրոնական խորհրդանիշներ չեն լինի։ Հոգևոր առաջնորդները աստվածաշնչյան և եկեղեցական դոգմաների մասին հարցեր չեն քննարկի։ Երբ անցյալ շաբաթ հայտարարվեց այս պատմական հանդիպման մասին, տարբեր ենթադրություններ հնչեցին այն մասին, թե ինչ է իրականում թաքնված Վատիկանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպման ետևում և ինչ օգուտներ ու վտանգներ ունեն կողմերը Հավանայի հանդիպումից։

Կողմերը նախապես տեղեկացրել են՝ Ֆրանցիսկոս պապն ու Կիրիլ պատրիարքը քաղաքական բնույթի հայտարարություն են անելու։ Երկու եկեղեցիներին միավորել են Մերձավոր Արևելքի քրիստոնյաների դեմ հալածանքները. թե՛ Ռուսիո պատրիարքը, թե՛ Հռոմի պապը այդ իրադարձությունները որակել են ցեղասպանություն, ու հենց այս խնդիրն է եկեղեցապետերի հանդիպման գլխավոր պատճառը դարձել։ Նախկինում Ուղղափառ եկեղեցին բացառում էր Սուրբ Աթոռի հետ հանդիպելու հնարավորությունը։

Մեկնաբանները նկատում են, որ Կրեմլը այժմ չի թաքցնում Ֆրանցիսկոս պապի հանդեպ իր հիացմունքը։ Արգենտինացի Ֆրանցիսկոս պապը, ով մեծ ջանքեր է ներդրել ինչպես Կուբայի, այնպես էլ մի շարք այլ համաշխարհային մակարդակի խնդիրների լուծման համար, Կրեմլում նաև ընկալվում է որպես մի առաջնորդ, ով ոչ միշտ է համաձայն Վաշինգտոնի հետ, չնայած այն ջերմ ընդունելությանը, որին արժանացավ անցած տարի Միացյալ Նահանգներում։

Ի դեպ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր պաշտոնավարման ընթացքում երկու անգամ հանդիպել է Հռոմի պապի հետ։ Մինչդեռ Կաթոլիկ եկեղեցու որևէ առաջնորդ երբեք Ռուսաստանում չի եղել, և չի բացառվում, որ այսօրվա հանդիպմանը այդ բացթողումը լրացնելու առաջարկ էլ հնչի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG