Մատչելիության հղումներ

Միջազգային փորձագետներն ապշած են՝ ՀՀ-ում ապացույցները ոչնչացվում են օրենքի պահանջով


Դատական սխալների քննությամբ զբաղվող բրիտանացի մասնագետների համար զարմանալի է, թե ինչու Հայաստանում 20 տարուց ավելի ազատազրկման դատապարտվածի որևէ գործ չի վերանայվել, իրեղեն ապացույցներն էլ չեն պահպանվել:

15 տարի այս ոլորտում աշխատող, Բրիսթոլի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Նոթթոնի համար հատկապես զարմանալի է, որ ապացույցները Հայաստանում ոչնչացվում են օրենքի պահանջով: «Ես հասկանում եմ, որ այստեղ շատ գործերով այլևս չկան իրեղեն ապացույցներ, բայց միևնույն է՝ կարելի է կիրառել արդարացիության գերակա սկզբունքները: Եթե օրինակ նայում ենք գործն ու տեսնում, որ այսօր չէինք մեղադրի անձին միայն մեկ ցուցմուքնի հիման վրա՝ առանց լրացուցիչ ապացույցների, և հասկանալով, որ դա է եղել սխալ դատապարտման հիմնական պատճառը, ապա այդ գործերը կարելի է վերանայել, կամ բեկանել»,- ասում է բրիտանացի փորձագետը:

Նրա պնդմամբ, Հայաստանը, հետևելով եվրոպական մի շարք երկրների փորձին, պետք է գոնե այսօր պահպանի իրեղեն ապացույցները, քանի դեռ դատապարտյալն անազատության մեջ է: «Պետք չէ բացառել, որ գիտության զարգացմանը զուգընթաց, ապացույցները կարող են քննության ելքը շրջել»,- ասում է պրոֆեսոր Նոթթոնը, ում նախաձեռնած՝ «Անմեղության ծրագրով» Մեծ Բրիտանիայում տասնյակ դատապարտյալներ են ազատ արձակվել՝ իրեղեն ապացույցների վերանայման շնորհիվ:

«Նախ պետք է ապացույցների պահպանման համար նոր օրենք ընդունել: Հետո ստեղծել անկախ մարմին, որը դրանց հիման վրա կզբաղվի քրեական գործերի վերանայմամբ: Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում հիմնել ենք կառավարությունից ու դատարաններից անկախ քրեական գործերի վերանայման հանձնաժողով: Որպես անկախության խորհրդանշական հավաստում, այն գործում է մայրաքաղաք Լոնդոնից 300 կմ հեռավորությամբ»,- ասում է Նոթթոնը:

Վերջինս Հայաստան էր եկել երեք տասնամյակ առաջ դատական սխալի զոհ դարձած Մայքլ Օ՛Բրայենի հետ: Սպանության համար ազատազրկված Օ՛Բրայենի անմեղությունը ապացուցվել է բանտում 11 տարի անցկացնելուց հետո միայն, երբ գործով պահպանված իրեղեն ապացույցները կրկնակի փորձաքննության են ենթարկվել: Ազատազրկման տարիներին Օ՛Բրայենը զբաղվել է ինքնակրթությամբ, այնուհետև հենց բանտում ստացել է իրավաբանի որակավորում: Հիմա արդեն ինքն է որպես իրավաբան զբաղվում դատական սխալների ուսումնասիրմամբ:

«29 տարի առաջ՝ 1987 թվականին սկսվեց իմ մղձավանջը, երբ ոստիկանները դուռս թակեցին ու ձերբակալեցին լրագրողի սպանության մեղադրանքով: Տարան ոստիկանություն, 3 օր կապկպած պահեցին՝ զրկելով փաստաբանների հետ խոսելու հնարավորությունից: Ոստիկանությունը հնարավոր ամեն բան արեց, որպեսզի ես չկարողանամ անմեղությունս ապացուցել: Ես չէի հավատում, որ արդարադատության համակարգը կարող էր այդպես խափանվել: 11 տարի անց միայն իմ գործն ուղարկվեց վերաքննիչ դատարան»,- վերհիշում է Օ՛Բրայենը:

«Անմեղության հայկական ծրագրի» ղեկավար, հետաքննող լրագրող Զարուհի Մեջլումյանն ասում է՝ եթե շուրջ 3 տարի ԱԺ-ում գտնվող՝ Քրեական դատավարության նոր օրենսգիրքն ընդունվի, իրեղեն ապացույցներն այլևս չեն ոչնչացվի:

Փաստելով, որ մինչ օրս Հայաստանում ցմահ ազատազրկվածների գործերից որևէ մեկը չի վերանայվել, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ տարակուսում է՝ «մի՞թե հայաստանյան դատական համակարգն անսխալական է»:

Իրավապաշտպանները պնդում են՝ իրեղեն ապացույցները ոչնչացվում են ոչ միայն այն պատճառով, որ դրանք պահպանելու համար ֆինանսական միջոցներ ու տեխնիկական հնարավորություններ են պետք, այլև այն, որ մի շարք գործերի վերանայման դեպքում կբացվի «Պանդորայի արկղը»՝ բացահայտելով նաև դատական սխալի համար պատասխանատու պաշտոնյաների անուններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG