Մատչելիության հղումներ

Խոշորացած համայնքներում հաջորդ շաբաթ ղեկավարներ կընտրեն


Տեսարան Թեղուտի անտառից, արխիվ
Տեսարան Թեղուտի անտառից, արխիվ

Տեղական հանրաքվեների ժամանակ խոշորացմանը դեմ քվեարկած գյուղացիները հաշտվել են նոր իրողության հետ:

Անցած տարվա մայիսին կայացած տեղական հանրաքվեների արդյունքում խոշորացած համայնքներում հաջորդ շաբաթ ղեկավարներ կընտրեն։ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի 22 համայնքապետերի փոխարեն կընտրվեն 3-ը։

Լոռու մարզի Թումանյան համայնքում միակ թեկնածուն գործող քաղաքապետ Լևոն Ձավարյանն է․ նրա ընտրությանը հիմա արդեն կմասնակցեն նաև քաղաքին միացած 6 գյուղերի ընտրողները։ Դրանցից մեկի՝ Ահնիձորի դպրոցի տնօրեն Համլետ Մաթևոսյանը թերահավատ է, թե խոշորացմանը դեմ քվեարկած իրենց գյուղերում մեծ ոգևորությամբ կգնան այլընտրանքային թեկնածու չունեցող ընտրություններին։

Ընդգծելով, որ անգամ փոքր գյուղերում ընտրությունները միշտ մրցակցությամբ են անցել, նա ասաց, թե «հստակ լուրեր ունի», որ գյուղերի բնակիչներին պարտադրել են չառաջադրվել։ «Եկավ օրը և բոլոր թեկնածուներին պարտադրեցին՝ թողեք դուրս եկեք։ Մեկը Լորուտից ա եղել, ստիպել են, պարտադրել են հրաժարվի, մյուսին չեմ ճանաչում, Ձաղիձորից ա եղել... կառավարությունից են ասել՝ դու մեզ հարմար չես...»:

Թումանյանի գործող քաղաքապետի դեմ միայն նրա ենթականերից մեկն էր առաջադրվել, որը, սակայն, քարոզարշավից առաջ հանել է թեկնածությունը։ Ահնիձորի գյուղապետ Վանիկ Քառյանը չի դժգոհում, համոզված է՝ ինքը գյուղում մնալու է որպես քաղաքապետարանի լիազոր ներկայացուցիչ։ «3,5 միլիոն բյուջեով ոչ մի բան չէինք կարողանում անել, ոչ մի հարց լուծել...»,- ասում է Քառյանը:

Խոշորացած մյուս համայնքը Դիլիջանն է, որին ևս 6 գյուղ է միացել։ Գործող քաղաքապետի հետ առաջադրված միակ թեկնածուն նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանն է, ով 2005 թվականից ի վեր բոլոր ընտրություններին առաջադրվում, բայց պարտվում է։ Գործող քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը կասկածում է, թե 70-ամյա թեկնածուն այս անգամ հաջողության կհասնի։ «2005 թվականին քաղաքապետ էր, միասին պայքարեցինք... ես հաղթեցի»,- վերհիշում է նա:

Դիլիջանի քաղաքապետը խոստանում է՝ «չի անտեսի իրենց միացած գյուղերը»։ Քարոզարշավի օրերին հանդիպումներ է ունենում նաև այդ համայնքների բնակիչների հետ՝ վստահեցնելով, թե կառավարության ծրագրերն արդեն տեղ են հասնում։ «Ավտոբուսներ ենք բերում այդ համայնքների միջև կապը ապահովելու համար...»:

Համայնքների խոշորացմանը ողջ գյուղով դեմ քվեարկած՝ Դիլիջանի հարևան Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանն ասում է՝ դեմ լինելով, հարմարվել են իրողությանը՝ Թեղուտն արդեն Դիլիջանի թաղամաս է։ «Մեր ժողովուրդը համակերպվող ժողովուրդ ա, համ էլ ինչքան պետք ա գոմաղբի հետ շփվենք, զարգանալ ա պետք...»:

Մյուս գյուղախումբը Սյունիքի մարզում է։ Ներկայիս Շինուհայր գյուղին է միացվել ևս 7 գյուղ։ Խոշորացած Շինուհայրը վերանվանվել է Տաթև։ Հանրապետականն այստեղ առաջադրել է նախկին Տաթև համայնքի գյուղապետ Մուրադ Սիմոնյանին։ Նրա հետ կպայքարեն Շինուհայրի 2 բնակիչներ՝ Երկրապահների միության անդամ, թոշակառու Իգոր Աբրահամյանն ու նրա ընկեր, համադասարանցի Վարշամ Բագրատյանը։

Տաթևի գործող գյուղապետ, նոր Տաթևի համայնքապետի թեկնածու Մուրադ Սիմոնյանը, մինչդեռ, չի կարծում, թե անգամ 3 թեկնածուի պարագայում ընտրությունները թեժ են լինելու։ «Ստեղ բոլորն իրար ճանաչում են, թեժ ընտրապայքար չեմ կարծում, որ կլինի»,- ասում է նա:

Ինչպես իշխանական մյուս նախաձեռնությունների պարագայում, Սյունիքում համայնքների խոշորացման ծրագրին ևս կողմ էր քվեարկել բնակչության ճնշող մեծամասնությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG