Մատչելիության հղումներ

ԱլԳ ՔՀՖ-ն ՀՀ իշխանություններից պահանջում է ազատ արձակել «13 քաղբանտարկյալներին»


Գևորգ Սաֆարյան, արխիվ
Գևորգ Սաֆարյան, արխիվ

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը մտահոգություն է հայտնում, որ Հայաստանի իշխանությունները տարեսկզբից զգալի խստացրել են բռնությունները ընդդիմախոսների նկատմամբ, իսկ Գևորգ Սաֆարյանին կալանավորելով՝ քաղբանտարկյալների թիվը հասցրել 13-ի:

Բրյուսելում ընդունված համատեղ հայտարարությամբ՝ գործընկերության վեց երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի ներկայացուցիչները վկայակոչում են Ամանորի գիշերվա բռնությունները, Սյուզի Գևորգյանին և Կարեն Հարությունյանին ծեծի ենթարկելու դեպքերն ու օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի «տարակուսելի» հրաժարականը: Չեն շրջանցվել նաև իշխող Հանրապետականի ներկայացուցիչների՝ «բռնաբարելու», «աչքեր հանելու» սպառնալիքները:

Եվրոպական համագործակցության ֆորումը հիշեցնում է, որ այս ամենը Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության նոր պայմանագրի շուրջ դեկտեմբերից սկիզբ առած բանակցությունների ֆոնին է։

«Եվրոպական կողմը այլևս մտադիր չէ աչք փակել այս ամեն ինչի վրա միայն այն պատճառով, որ սկսել է ինչ-որ բաներ բանակցել Հայաստանի իշխանությունների հետ՝ նոր շրջանակային համաձայնագիր և այլն»,- ասաց Ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանը։

Այսպիսի տպավորությունը Խուրշուդյանը ստացել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից։ Խուրշուդյանը չի մոռացել՝ 2013-ի նախագահական ընտրությունների կեղծիքներն Արևմուտքն անտեսեց՝ հույս ունենալով, որ Երևանը կստորագրի Ասոցացման համաձայնագիրը, հիմա, ասում է, էլ չեն խաբվի:

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը Հայաստանի իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել Գևորգ Սաֆարյանին և «մյուս 12 քաղբանտարկյալներին»: Հովսեփ Խուրշուդյանը խոսուն փաստ է համարում, որ Եվրամիության հետ այս ձևաչափով համագործակցող երկրներից միայն Հայաստանում և Ադրբեջանում կան ազատազրկվածներ քաղաքական հայացքների համար։

«Խոսքը Շանթ Հարությունյանի խմբի, Հայկ Կյուրեղյանի, Վոլոդյա Ավետիսյանի մասին է... նաև նոր գործիք է սկսել կիրառվել իշխանությունների կողմից, այսինքն կրիմինալ տարրերի ներգրավումը այդ բռնաճնշումներին՝ այս անգամ արդեն բանտում»։

Ֆորումի անդամն օրինակ է բերում՝ չբացահայտվեցին ակտիվիստների ծեծերը, որ արձանագրել էին տեսախցիկները, նաև այն, որ հանրաքվեից հետո որևէ ընտրակեղծարար չի ազատազրկվել.- «Տոնածառ տեղադրելու համար կամ տոնածառ հիշեցնող հագուստ ունեցող քաղաքացուն պաշտպանելու համար բռնել-նստացրել են Գևորգ Սաֆարյանին, այսինքն կրիմինալը իրեն էս երկրում շատ ավելի ազատ, շատ ավելի պաշտպանված է զգում»։

Եվրամիության մայրաքաղաքում ընդունված հայտարարության հեղինակները հիշեցնում են նաև, որ Գևորգին ազատ արձակելու պահանջով Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն է դիմել Գլխավոր դատախազին: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գիտի՝ ինչու Գևորգ Կոստանյանը մերժեց միջնորդությունը.- «Նա բավական սուր էր խոսում իշխանության դեմ։ Մի կողմից վրեժ է լուծում, մյուս կողմից, որպես օրինակ, ուզում է երիտասարդներին ցույց տալ, թե տեսեք՝ ինչ դաժան պատժի կարժանանաք։ Նույն համատեքստում էր Շանթ Հարությունյանի և ընկերների, Հայկ Կյուրեղյանի դատավարությունը՝ այդքան խիստ»։

Ամանորի գիշերվա տեսանյութերից իրավապաշտպանը եզրակացրել է՝ գործը վերից վար սարքված է, հրահրել են։ «Նույնիսկ անհաջող են հրահրել։ Ուշադրություն դարձրեք, որ հատկապես ծեծվել են այն քաղաքացիները, այն գործիչներ, որոնք ավելի սուր են խոսել, և որևէ գործ չի բացահայտվել։ Նույն Գևորգ Սաֆարյանը անցած տարի ծեծ կերավ»,- ընդգծեց Իշխանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG