Մատչելիության հղումներ

Կոալիցիային անդամակցելու հարցն այլևս ԲՀԿ-ի օրակարգում չէ


Նաիրա Զոհրաբյան, արխիվ
Նաիրա Զոհրաբյան, արխիվ

ՀՅԴ-ն էլ հայտարարում է, որ «ամենաուշը մեկ շաբաթից կունենանք որոշակի պատկերացումներ և՛ մասնակցության ձևաչափի, և՛ ստանձնած պատասխանատվության մասին»:

«Բարգավաճ Հայաստան»-ի օրակարգում այլևս կոալիցիայի թեմա չկա»: Այսօր «Ազատության» հետ զրույցում այս մասին հայտարարեց ԲՀԿ-ի ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Ուշագրավ է, որ ըստ Զոհրաբյանի, թեև իշխող Հանրապետականը ԲՀԿ-ին կոալիցիա մտնելու առաջարկ չի արել, բայց «Բարգավաճ Հայաստան»-ը այդ հարցը, այդուամենայնիվ, քննարկել է:

ԲՀԿ-ի ղեկավարը չթաքցրեց՝ հարցի շուրջ մոտեցումները տարբեր են եղել: «Իմ որոշ գործընկերների կողմից հնչել է տեսակետ, որ նպատակահարմար է այս փուլում՝ մինչև խորհրդարանական ընտրությունները, լինել համագործակցության որևէ ֆորմատում: Գաղտնիք չէ, որ ես և իմ որոշ գործընկերներ ունենք այլ տեսակետ: Այո, ես խիստ կտրականապես դեմ եմ: Դա բացարձակապես աննպատակահարմար է, և ես չեմ հավատում մեկ տարով կոալիցիաների արդյունավետությանը»,- պարզաբանեց Զոհրաբյանը:

Քանի որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի համոզմամբ, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ Հանրապետականի հետ կոալիցիա կազմելը նպատակահարմար չէ, Զոհրաբյանին հարց ուղղեցինք՝ արդյո՞ք կիսում են դաշնակցական Արմեն Ռուստամյանի այն գնահատականը, թե իշխանությունները վարկաբեկված են․ գուցե ԲՀԿ-ն մտավախություն ունի, որ ընտրություններից առաջ իշխանության մաս կազմելով՝ իրենց վարկանի՞շն էլ կընկնի:

«Որևէ ժամանակ որևէ իշխանություն ինչ-որ շատ մեծ վարկանիշ չի ունեցել, և դա գաղտնիք չէ: Բայց կրկնում եմ՝ մեր մոտիվացիան բացարձակապես դա չէ: Իմ մոտիվացիան այն է, որ բացարձակապես անիմաստ եմ համարում, չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է 8 կամ 9 ամսվա կտրվածքով արդյունավետ կոալիցիա լինել: Ես նման կոալիցիաների արդյունավետությանը չեմ հավատում: Մեր կուսակցությունում, խմբակցությունում կան մարդիկ, ովքեր հավատում են, ովքեր գտնում են, որ դա կլիներ ամենաճիշտ տարբերակը: Ես այդ տեսակետը չեմ կիսում»,- հարցին այսպես արձագանքեց ԲՀԿ ղեկավարը:

Հարցին՝ նման կերպ մտածողները փոքրամասնությո՞ւն են կազմում, Զոհրաբյանը պատասխանեց՝ «Ես կրկնում եմ՝ քանի որ էդպես լուրջ քննարկում չի եղել, ես չեմ ցանկանում հիմա մեր ներքին քննարկումները հրապարակել: Կոալիցիայի առաջարկ չի եղել, «Բարգավաճ Հայաստան»-ի օրակարգում այլևս կոալիցիայի թեմա հույս ունեմ չկա»:

Հայ հեղափոխական դաշնակցությունը, մինչդեռ, հակառակ տեսակետն ունի: Դաշնակցությունում կարծում են, որ անգամ կարճ ժամանակահատվածում «կարելի է մարդկանց հույս ներշնչել»: Խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի փոխանցմամբ, այժմ իրենք Հանրապետականի հետ քննարկում են ոչ թե պաշտոնների հարցը, այլ երկրի զարգացման համար անհրաժեշտ քայլերը:

«Մենք գիտենք երկրի առջև պրոբլեմները, գիտենք այս շրջանի տնտեսական բարդագույն խնդիրները: Եթե մենք չենք կարողանալու այնպիսի մեսիջներ ուղարկել ձեր միջոցով նաև մեր հանրությանը, որ երկրում դրական փոփոխությունների ակնկալիք կա, հույս է առաջանում, մարդիկ տեսնում են, որ լույս է երևում, մնացած հարցերը երկրորդական են, տասներորդական են: Մենք սրա վրա ենք աշխատում»,- ասաց Վարդանյանը:

Հիշեցմանը, որ ՀՅԴ-ն նախկինում էլ է եղել իշխանական կոալիցիայում և կուսակցությանը չի հաջողվել փոխել իշխանությունը, ՀՅԴ խմբակցության քարտուղարն արձագանքեց. - «Եկեք ժամանակները չխառնենք: Երբ Դաշնակցությունը եղել է կոալիցիայում, իհարկե ժամանակն այլ էր, հնարավորություններն այլ էին: Այսօր արդեն նոր պայմաններում, նոր Սահմանադրության կյանքի կոչելու պայմաններում, այդ հնարավորություններն էապես մեծանալու են»:

Համամի՞տ է արդյոք իր գործընկերջ՝ Արմեն Ռուստամյանի այն տեսակետին, թե իշխանությունը վարկաբեկված է: Այս հարցին ի պատասխան, ՀՅԴ խմբակցության քարտուղարը նշեց՝ հարցի շուրջ ամբողջ աժիոտաժը ստեղծվեց լրագրողական համայնքի կողմից, բայց հիմա արդեն ամեն ինչ իր տեղն է ընկել:

«Եկեք չկենտրոնանանք այդ խնդիրների վրա, ակնհայտ է, որ ցանկացած իշխանություն, նույնիսկ ամենաբարենպաստ երկրներում, անպայման ունենում է հեղինակության կորուստ: Բայց սա որևէ բան չի նշանակում, մեր ելման կետը այդ չէ: Մեր ելման կետը երկրում որակական փոփոխություններ իրականացնելու հնարավորություններից օգտվելն է»,- պարզաբանեց Աղվան Վարդանյանը, հավելելով, որ Հանրապետականի հետ համագործակցությունը վտանգված չի համարում. - «Մենք մեր աշխատանքը նույն ընթացքով շարունակում ենք, որևէ վտանգված խնդիր չկա»:

Հարցին, թե ինչու արդեն մի քանի շաբաթ շարունակվող կոալիցիոն բանակցությունները մինչ այժմ արդյունք չեն տվել, Վարդանյանը պատասխանեց. - «Եկեք ավելի կոռեկտ և ճշգրիտ լինենք, մի քանի շաբաթ չէ, այլ 10 օր առավելագույնը: Ես ենթադրում եմ, որ այս ընթացքով թերևս ամենաուշը մեկ շաբաթից մենք կունենանք որոշակի պատկերացումներ և՛ մասնակցության ձևաչափի, և՛ համապատասխան պատասխանատվությունը ստանձնելու վերաբերյալ»:

Հանրապետականում նույնպես իշխանության վարկաբեկված լինել-չլինելու թեման կարծես թե փակված են համարում: Ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց խորհրդարանի Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, իրենց հասցեին նման որակումներ լսելն, անշուշտ, ականջահաճո չէ, բայց կարծում է, որ Ռուստամյանն իրենց վիրավորելու մտադրություն չի ունեցել: Հանրապետական պատգամավորը կարծում է, թե փորձ է արվում շահարկել այս թեման՝ Դաշնակցություն-Հանրապետական հարաբերությունները թեժացնելու և ինչ-որ հանգրվանի հասցնելու համար: Հարցին՝ կա՞ն ինչ-որ քաղաքական թևեր, ուժեր, որոնք դեմ են Դաշնակցություն-Հանրապետական հնարավոր կոալիցիային, Սահակյանը պատասխանեց. - «Կարող է իրենց սրտով չլինի, մի փոքր նեղսրտած լինեն: Չեմ ուզում անուններ տամ, կարող եմ ենթադրել... դե կլինեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG