Մատչելիության հղումներ

Ռուսաստանի իշխանություններին նոր ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ


Ռուսաստան - Վարչապետ Դիմտրի Մեդվեդևը խորհրդակցություն է անցկացնում մերձմոսկովյան Գորկի նստավայրում, 2-ը փետրվարի, 2016թ․
Ռուսաստան - Վարչապետ Դիմտրի Մեդվեդևը խորհրդակցություն է անցկացնում մերձմոսկովյան Գորկի նստավայրում, 2-ը փետրվարի, 2016թ․

Հակաճգնաժամային ծրագիրն իրականացնելու համար էկոնոմիկայի նախարարն առաջարկում է նոր սեփականաշնորհում:

Սոցիալ-տնտեսական իրավիճակն է՛լ ավելի չվատացնելու, երկրում բողոքի ալիք չբարձրացնելու և կայունությունը ապահովելու համար Ռուսաստանի իշխանություններին նոր ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, որոնք արևմտյան պատժամիջոցների և նավթի ցածր գների պայմաններում պետք է փնտրել երկրի ներսում:

Ռուսաստանի վարչապետ Դիմտրի Մեդվեդևն այսօր խորհրդակցություն է անցկացնում հակաճգնաժամային ծրագրերի հարցով: Արդեն զեկույցով հանդես է եկել էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, ով ասել է, որ իրավիճակը տնտեսությունում ճգնաժամային է, և սա ստիպում է իշխանություններին նոր սեփականաշնորհում անցկացնել՝ ոչ բարենպաստ պայմաններում: Այն պետք է անցկացնել առավելագույնս թափանցիկ և արդյունավետ, հայտարարել է Ուլյուկաևը:

Նախարարի փոխանցմամբ՝ հակաճգնաժամային ծրագրի արժեքն է շուրջ 9․5 միլիարդ դոլար, և անհրաժեշտ գումարից 2․5 միլիարդը պետք է ծախսեն պահուստային ֆոնդից: Այսինքն՝ Ռուսաստանի կառավարությունը հավելյալ շուրջ 7 միլիարդ դոլարի պահանջ ունի այս տարի:

«2014-15 թվականներին շուկան անկում է ապրել: Մենք սպասում ենք, որ իրավիճակը կփոխվի: Այսօր, սակայն, հասկացել ենք, որ այլևս չենք կարող սպասել՝ բյուջեի հետ կապված իրավիճակը ճգնաժամային է, և լավատեսական սպասումներ չկան», - ասել է էկոնոմիկայի նախարարը:

Ռուսաստանի իշխանությունները ճգնաժամի հետևանքները մեղմելու ճանապարհներ են փնտրում, որոնք թույլ կտան ապահովել կայունությունը բյուջեի փաստացի դեֆիցիտի պայմաններում: Այդ ճանապարհներից մեկն էլ նոր սեփականաշնորհումն է: Խոսքը ռուսական խոշոր պետական ընկերությունների մասին է, որոնք կարող են սեփականաշնորհել միայն ռուսական իրավաբանական անձինք և միայն ռուսական կապիտալով:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է սեփականաշնորհման ենթակա ընկերությունների ցուցակը կազմել: «Վեդոմոստի»-ն հայտնել է, որ խոսքը «Ռոստելեկոմ», «Տրանսնեֆտ», «Աէրոֆլոտ», «Ռոսնեֆտ» ընկերությունների մասին է:

Ավելի վաղ Ուլյուկաևը հայտարարել էր, որ «Սբերբանկ»-ի սեփականաշնորհման մասին խոսելը դեռ վաղ է:

Այսօրվա խորհրդակցությանը զեկույցով հանդես է եկել նաև փոխվարչապետ Իգոր Շուվալովը, ով, մասնավորապես, առաջարկել է ճգնաժամի պայմաններում նոր շենքեր կառուցել պետական հաստատությունների համար: «Բոլորին է հայտնի, որ կապիտալ շինարարությունը գողության ամենադյուրին ճանապարհն է», - ասել է Ռուսաստանի փոխվարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG