Մատչելիության հղումներ

Անկարան ռուսներին մեղադրում է օդային սահմանը նորից խախտելու մեջ


Ռուս-թուրքական լարվածություն, երկու երկրների միջև անջրպետը հետզհետե խորանում է. քաղաքական ծաղրանկար
Ռուս-թուրքական լարվածություն, երկու երկրների միջև անջրպետը հետզհետե խորանում է. քաղաքական ծաղրանկար

Այս անգամ դա արել է Սու-34 տեսակի ինքնաթիռը։

Թուրքիան պնդում է, որ ՆԱՏՕ-ի ռադարներն արձանագրել են ռուսական օդուժի կողմից թուրքական սահմանը հերթական անգամ խախտելու փաստը։ Դա, ըստ Անկարայի, տեղի է ունեցել հունվարի 29-ին երեկոյան։

Թուրքերն ասում են, որ իրենց օդային տարածք է ներխուժել Սու-34 տեսակի ռազմական ինքնաթիռ, սակայն չեն ճշտում, թե քանի վայրկյան է տևել խախտումը։

Ռուսներն, իհարկե, կտրականապես հերքում են մեղադրանքը։ Մինչդեռ, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երեկ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում հեգնանքով նկատել է, թե այդօրինակ խախտումը ոչ կարող ես թաքցնել, ոչ էլ հորինել, ամեն ինչ արդիական տեխնիկական սարքավորումներ են գրանցում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը լրագրողների հետ զրույցում պնդել է, որ Սու-34-ը չի խախտել Թուրքիայի օդային սահմանը։ Ի պատասխան դրան, Թուրքիան Մոսկվային պաշտոնապես փոխանցել է ՆԱՏՕ-ի ռադարների գրանցումները։ Դավութօղլուն ասել է, որ խախտումը գրանցել են ոչ միայն Թուրքիայի, այլև ՆԱՏՕ-ի ռադարները։

«Մենք այդ տվյալները զինվորական խողովակներով փոխանցել ենք Մոսկվային և պատասխան ենք ակնկալում, հուսանք, որ Ռուսաստանը պատասխանատվություն կդրսևորի և ճշմարտությունը կասի, մենք մեր ունեցած բոլոր տվյալներով կիսվում ենք ռուսների հետ»,- ասել է Դավութօղլուն։

Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այդ միջադեպի և անցյալ տարվա նոյեմբերի 24-ին ռուսական օդանավը խոցելուց հետո ռուս-թուրքական ճգնաժամի կապակցությամբ ասել է, թե Անկարան կցանկանար հաղթահարել այդ լարվածությունը, սակայն դա նաև ռուսներից է կախված։

«Մենք ուզում ենք բարելավել հարաբերությունները, բայց դա միակողմանի չի լինում, երկու կողմն էլ պետք է ջանքեր գործադրեն, Ռուսաստանը պետք է նույնպես անկեղծ լինի և ձգտի դրան»,- ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Հունվարի 30-ին հրապարակելով նախօրեին ռուսական ինքնաթիռի կողմից սահմանը խախտելու մասին լուրը, Անկարան ընդգծել է, որ թուրք զինվորականները մի քանի անգամ անգլերեն և ռուսերեն զգուշացրել են ռուս օդաչուներին Թուրքիայի օդային տարածքում գտնվելու մասին։

Հունվարի 29-ին երեկոյան Անկարայում Ռուսաստանի դեսպանին պաշտոնապես հրավիրել են արտգործնախարարություն և բողոք են հայտնել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը թուրքերի բողոքն անվանել է «անհիմն պրոպագանդա»։

«Սիրիայի Արաբական Հանրապետությունում տեղակայված ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից Թուրքիայի Հանրապետության օդային սահմանի խախտումներ չեն եղել»,- պնդել է գեներալ-մայորը Կոնաշենկովը։

Լրատվական գործակալությունները նշում են, որ ռուսները Լաթաքիայի գավառի Հմեյմիմ ավանում են տեղակայել իրենց օդային ռազմաբազան։

Ռուսաստանն անցած տարվա սեպտեմբերի վերջից է սկսել օդային արշավը Սիրիայում։ Անցյալ տարվա նոյեմբերի 24-ին Սու-24 տեսակի մարտական օդանավը, Անկարայի պնդմամբ, խախտել է Թուրքիայի տարածքը, հրթիռակոծվել է թուրքական «Ֆանտոմ»-ների կողմից և վայր է ընկել Սիրիայի տարածքում։

Օդաչուները պարաշյուտներով դուրս են նետվել այրվող մեքենայից, հրամանատար Օլեգ Պեշկովին թուրքամետ զինյալները հենց օդում գնդակոծելով սպանել են, վիրավոր շտուրման Կոնստանտին Մուրախտինին ռուսների դեսանտը փրկել է, այդ գործողության ընթացքում զոհվել է նաև դեսանտային Ալեքսանդր Պոզինիչը։

Կրեմլը «թիկունքից հասցված դավաճանական հարված» և «ռազմական հանցագործություն» է անվանել Սու-24-ի ոչնչացումը։ Նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ միջադեպը ծանր և երկարատև ազդեցություն կգործի ռուս-թուրքական հարաբերությունների վրա։ Ռուսաստանը տարատեսակ պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ։

Ռազմավարական և միջազգային հետազոտությունների ռուս-եվրասիական ծրագրի ավագ վերլուծաբան Ջեֆրի Մանքոֆի կարծիքով, ռուսները սադրում են թուրքերին և նկատել են տալիս, որ չեն վախեցել նոյեմբերի միջադեպից։

«Ռուսաստանը ենթադրում է, որ Անկարան չի համարձակվի ևս մեկ օդանավ վայր գցել, որ ՆԱՏՕ-ն թուրքերին կհորդորի զերծ մնալ ռազմական պատասխանից»,- ասել է Մանքոֆը The Christian Science Monitor պարբերականին։

Ստեղծվել է վտանգավոր վիճակ, քանի որ թուրք օդաչուներն ունեն հրաման, ըստ որի կարող են սահմանազանցին ոչնչացնելու գործողությունը չհամաձայնեցնել վերադաս հրամանատարների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG