Մատչելիության հղումներ

Փաշինյան. «Ցավոք, ընդդիմադիր գործընկերները մեր կոչերին ականջալուր չեղան»


Նիկոլ Փաշինյանը արձագանքում է իր հասցեին հնչող քննադատություններին:

«Ընդհանրապես վերջին տարիներին մեր գործելակերպը շատ հստակ ուղղություն է ունեցել, և մենք ասել ենք, որ իշխանափոխության մասին խոսակցությունները պետք է փոխել իշխանափոխության ուղղված աշխատանքով», - «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: Այդպես նա արձագանքեց քննադատների պնդումներին, որ ինքը չի պաշտպանում ընդդիմադիրներին, երբ նրանք դուրս են գալիս փողոցներ՝ իրենց բողոքը բարձրաձայնելու, սահմանադրական հանրաքվեի ժամանակ չսատարեց ընտրակեղծիքները կանխելուն ուղղված ընդդիմադիրների ջանքերին։

«Ազատության» հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի նաև վերջին շրջանում հնչող այն մեղադրանքներին, թե Փաշինյանն «իշխանական նախագիծ է», «կառուցողական» ընդդիմություն է, իսկ, օրինակ, վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանի պնդմամբ՝ «երրորդ ուժ» է, Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորն այսպես պատասխանեց. - «Տեսե՛ք, 2014 թվականի հոկտեմբերին, երբ թվում էր, թե ոչ իշխանական ուժերի եռյակը գտնվում էր իր պիկին, այն ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդես եկավ ասուլիսով և իր մտավախությունները բարձրաձայնեց տեղի ունեցող պրոցեսների վերաբերյալ և մի շարք փաստերով, փաստարկներով փորձում էր համոզել, որ այդ ճանապարհը, որով ընթանում է ոչ իշխանական եռյակը, տանում է դեպի փակուղի, և, ըստ էության, տեղի ունեցավ հենց այն, ինչ մենք կանխատեսում էինք։ Նույնը տեղի ունեցավ նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կապակցությամբ, և մենք, հիմնվելով փաստերի և փաստարկների վրա, ցույց էինք տալիս, որ այն ճանապարհը, որով առաջարկում էին գնալ մեր ընդդիմադիր գործընկերները, այդ ճանապարհը բերում է փակուղի»։

Փաշինյանի հավաստմամբ՝ իրենց շփումները հանրության հետ ցույց են տալիս, որ բոլոր այն դեպքերում, երբ ընդդիմությունը, այդ թվում՝ իրենք, խոստանում են կոնկրետ քաղաքական փոփոխություններ բերել, մարդկանց ոգևորելու համար ժամկետներ են նշում, տալիս են ոչ իրական և ոչնչով չհիմնավորված խոստումներ, ահա այդ ձախողումների արդյունքում իրենք շատ ավելի խորացնում են հիասթափությունը, ապատիան և անվստահությունը ընդդիմադիր քաղաքական գործունեության նկատմամբ։

«Ինչ վերաբերում է վերջին հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակին՝ մենք մեր գործընկերներին զգուշացնում էինք, որ դա Սերժ Սարգսյանի կողմից լարված ծուղակ է, որ նա պատրաստել է ընդդիմադիր ուժերին ջախջախելու համար։ Եվ, ցավոք սրտի, մեր ընդդիմադիր գործընկերները մեր կոչերին ականջալուր չեղան, և նրանք գնացին մի ճանապարհով, որի արդյունքները կամ ավելի ճիշտ հետևանքները մենք այսօր տեսնում ենք։ Չի կարելի մարդկանց խոստանալ պահել իրենց ձայները, եթե դրա համար չունենք անհրաժեշտ ուժեր, անհրաժեշտ կառուցվածք», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունվարի 17-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG