Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան․ «2015-ին հայկական բանակը փայլուն կատարեց իր առաքելությունը»


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ զորամասերից մեկում, արխիվ
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ զորամասերից մեկում, արխիվ

Անցնող տարին, ըստ նախարարի, «լի էր հերոսականությամբ, աննախադեպ մեծ թվով դիվերսիոն խմբերի ջախջախումով, դժբախտաբար՝ նաև անդառնալի կորուստներով, որոնք բոլորս ենք սգում»:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ամանորյա ուղերձ է հղել, որում «առողջություն, երջանկություն և ամենաթանկը՝ խաղաղություն» մաղթելով զինծառայողներին, «արցախյան ազատամարտի զինակիցներին» ու զոհված մարտիկների հարազատներին, նշում է՝

«2015 թվականին հայկական բանակը փայլուն կատարեց իր առաքելությունը՝ զինված դիմակայության պայմաններում պաշտպանելով Հայրենիքի սահմանները: Եվ երբ քիչ հետո կղողանջեն տարեմուտի զանգերը, մենք նաև կթերթենք Հայկական բանակի տարեգրության ևս մի էջ, որը լի էր հերոսականությամբ, աննախադեպ մեծ թվով դիվերսիոն խմբերի ջախջախելով, դժբախտաբար, նաև անդառնալի կորուստներով, որոնք բոլորս ենք սգում, և հիմա հոգով ու սրտով պիտի զոհված զինծառայողների հարազատների հետ լինենք:

Միմյանց նոր տարին շնորհավորելիս պիտի բաժակ բարձրացնենք նաև Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինվորների ու սպաների համար, իսկ Սուրբ Ծննդյան տոնին մեկական մոմ վառելով՝ պիտի խոնարհվենք մեր որդիների ու եղբայրների պայծառ հիշատակի առջև և «Հավերժ փառք ու պատիվ» տանք նրանց:

Մենք հրաժեշտ ենք տալիս մի թվականի, երբ զինադադարի հաստատումից ի վեր հակառակորդն առաջին անգամ, և կարծում եմ՝ նաև արտաքին հրահրմամբ, կիրառեց հրանոթներ, տանկեր ու թուրքական արտադրության համազարկային կրակի հրթիռային կայանքներ: Փոխարենը ստացավ վճռական պատասխան, և միշտ այդպես կլինի, մինչև բոլոր կարճամիտները հասկանան, որ մեզ հետ չեն կարող ուժի լեզվով խոսել, ինչպես ի զորու չեղան արցախյան ազատամարտի տարիներին: Իսկ դրա ամենամեծ գրավականը միասնությունն ու հանդուրժողականությունն է, որոնք պիտի փայփայենք ու պահպանենք:

Այս ամենին զուգընթաց, խոշոր առաջընթաց արձանագրեցինք զինված ուժերի հզորացման և սահմանների պաշտպանության ամրապնդման գործում. մեծ աշխատանքներ իրականացվեցին մարտական հերթապահության անվտանգության ու մարտական պատրաստականության բարձրացման ասպարեզներում, շարունակվեցին առաջնագծի ինժեներական կահավորման արդիականացումն ու զորանոցային շինարարությունը, իսկ բազմաթիվ զինծառայողներ ամանորը դիմավորում են նոր բնակարաններում»:

Ամանորյա ուղերձ է հղել նաև Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Վերջինիս շնորհավորական խոսքում, մասնավորապես, նշված է՝

«2015 թվականը, ինչ խոսք, լարված տարի էր մեր բանակի` հատկապես մարտական հերթապահություն կատարող ստորաբաժանումների համար: Նկատի ունեմ հայ-ադրբեջանական պետական սահմանում և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում թշնամու կողմից իրականացված նենգ ու ստոր գործողությունները: Բայց նշենք նաև, որ այդ լարվածությունը մեր մարտիկներին միաժամանակ փորձառություն բերեց և, ընդհանուր առմամբ, նրանք ավելի ուժեղ ու համարձակ դարձան:

Կարևոր էր, որ անցնող տարում ևս կարողացանք սաստել հակառակորդին և խաղաղություն պարտադրել նրան: Դա, իհարկե, արվեց բոլորիս կողմից ներդրված ջանքերի, մեր ուժի, քրտնաջան աշխատանքի, ցավոք, նաև զոհերի գնով: 1994թ. հաստատված հրադադարից հետո, առաջին անգամ, հակառակորդը կիրառեց տանկեր և հրթիռահրետանային կայանք` հարվածներ հասցնելով ոչ միայն առաջնագծում տեղակայված դիրքապահ ուժերին, այլև նրանց թիկունքում գտնվող ստորաբաժանումներին և խաղաղ բնակավայրերին: Ամենացավալին, իհարկե, մարդկային կորուստներն էին:

Խոսելով թշնամական գործողությունների ու դրանց հետևանքների մասին, ուզում եմ զինված ուժերի անձնակազմին ուղղված իմ այս ամանորյա ուղերձում շնորհակալություն հայտնել և տոնի կապակցությամբ առանձնակի շնորհավորել առաջնագծում ծառայող, երկրի անդորրը պահպանող զինծառայողներին: Նրանք ողջ տարվա ընթացքում գիշերուզօր հսկել ու անառիկ են պահել ՀՀ և ԼՂՀ սահմանները, կանխել են թշնամու կողմից կատարվող յուրաքանչյուր սադրանք, իրականացրել են պատժիչ գործողություններ: Ուզում եմ հատուկ նշել, որ մեր պատասխան քայլերը ոչ թե պարզապես համարժեք գործողություններ են եղել, այլ ամեն անգամ թշնամուն հասցվել է ավելի մեծ վնաս թե՛ մարդկային, թե՛ նյութական առումով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG