Մատչելիության հղումներ

Լեյլա Յունուսն ազատ արձակվեց


Արիֆ Յունուսը ուղեկցում է բանտից դուրս եկած կնոջը՝ Լեյլա Յունուսին, 9-ը դեկտեմբերի, 2015թ.
Արիֆ Յունուսը ուղեկցում է բանտից դուրս եկած կնոջը՝ Լեյլա Յունուսին, 9-ը դեկտեմբերի, 2015թ.

Շուրջ 18 ամիս բանտում անցկացնելուց հետո ադրբեջանցի իրավապաշտպան Լելյա Յունուսը ազատ արձակվեց։ Բաքվի վերաքննիչ դատարանը այսօր որոշում կայացրեց իրավապաշտպան ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսների հանդեպ որպես խափանման միջոց ընտրել պայմանական ազատազրկումը՝ 5 տարի ժամկետով։

«Ինձ դարձրին գաղութի փոշի»,- դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո հայտարարեց հայտնի իրավապաշտպանը։ Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպե՞ս է իրեն զգում, Յունուսը կրկնեց՝ ինչպես գաղութի փոշի, ապա շարունակեց Տյուտչևի հայտնի բանաստեղծության տողերով.- «Տրված չէ մեզ կանխագուշակել, թե բառը մեր ոնց կարձագանքվի»։ Իսկ հարցի՞ն, թե ինչպես է գնահատում դատարանի որոշումը, իրավապաշտպանն արձագանքեց՝ ֆանտաստիկ:

Միջազգային ամբիոններից Ալիևի վարչակազմին հետևողականորեն քննադատած և Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների համար պայքարած Լեյլա Յունուսը և նրա ամուսինը անցած օգոստոսին դատապարտվել էին համապատասխանաբար 8.5 և 7 տարվա ազատազրկման։ Ադրբեջանական արդարադատությունը նրանց մեղավոր ճանաչեց մի շարք ֆինանսական հանցագործությունների մեջ։ Այսօր վերաքննիչ դատարանի վճռով դադարեցվեց Յունուսի դեմ հարուցված փաստաթղթերի կեղծման մեղադրանքի քրեական հետաքննությունը: Հանվեց նաև կալանքը Բաքվի Նիզամի 53 հասցեում գտնվող նրան բնակարանի վրայից։

Իրավապաշտպան ամուսինները պնդում են, որ ճաղերի ետևում են հայտնվել բացառապես իշխանություններին քննադատելու համար, և իրենց նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի։ Փակ պայմաններում ընթացող դատական լսումների ընթացքում ըստ մի շարք լրատվամիջոցների հրապարակումների, մեղադրյալների և նրանց փաստաբանների պնդումների, դատարանը այդպես էլ չկարողացավ հաստատել ամուսինների մեղքը։

Բանտարկությունից կարճ ժամանակ անց ադրբեջանական մամուլը պարբերաբար հաղորդում էր ամուսինների՝ օր օրի վատթարացող առողջական վիճակի մասին։ Դա էին վկայում նաև դատական լսումների ընթացքում արված հատուկենտ լուսանկարները կամ տեսանյութերը։ Շուրջ տասն օր առաջ «Թուրան» գործակալությունը հայտնեց, որ շաքարային դիաբետի հետևանքով Լեյլա Յունուսի մոտ լուրջ խնդիրներ են առաջացել տեսողության հետ, հեպատիտ С-ն էլ շարունակում է քայքայել լյարդը, ստամոքսը հրաժարվում է սնունդ ընդունել, իսկ քաշը նվազել է մինչև 40 կգ։

Լեյլա և Արիֆ Յունուսների բանտարկությունը աննախադեպ արձագանք գտավ հատկապես Ադրբեջանից դուրս։ Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները, եվրոպական կառույցները, առանձին քաղաքական գործիչներ անդադար կոչ էին անում Ալիևի վարչակազմին անմիջապես ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների համար բանտում հայտնված իրավապաշտպան ամուսիններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG