Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն «Նոր Հայաստան»-ին՝ «իշխանությունը թույլ չի տա, որ խաթարվի երկրի ներքին կյանքը»


ԱԺ նախկին խոսնակ Սամվել Նիկոյան, արխիվ
ԱԺ նախկին խոսնակ Սամվել Նիկոյան, արխիվ

«Կարծում եմ, որ նրանք կօգտվեն իրենց սահմանադրական իրավունքից և վե՛րջ»,- ասում է հանրապետական Սամվել Նիկոյանը։

Իշխանությունը թույլ չի տա, որ խաթարվի երկրի ներքին կյանքը, անդրադառնալով «Նոր Հայաստան» շարժման հնչեցրած անհնազանդության կոչերին՝ ասաց Ազգային ժողովի նախկին խոսնակ, հանրապետական Սամվել Նիկոյանը։

«Կարծում եմ, որ նրանք կօգտվեն իրենց սահմանադրական իրավունքից և վե՛րջ։ Ոչ մեկը թույլ չի տա, որ նրանք կարողանան երկրի ներքին կյանքը խաթարել՝ մասնավորապես հաշվի առնելով այն իրավիճակը, որը ստեղծվել է մեր երկրի շուրջ և տարածաշրջանում։ Մեր երկրի և՛ արտաքին, և՛ ներքին անվտանգության համար մեր իշխանությունները թույլ չեն տա, որպեսզի դա խաթարվի։ Դա միանշանակ է»,- հայտարարեց Նիկոյանը։

«Նոր Հայաստան» շարժումը վաղվանից հանրահավաքների շարք է սկսում՝ մինչև սահմանադրական հանրաքվեն՝ դեկտեմբերի 6-ը, իշխանափոխության նպատակով։ Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել շարժման ներկայացուցիչների՝ մինչև դեկտեմբերի 17-ը հանրահավաքներ անցկացնելու իրազեկումները։ Ավելի վաղ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չէր բացառել, որ բողոքի ակցիաները կարող են նաև շուրջօրյա լինել։

«Շատ լավ է, որ իշխանությունը, կոնկրետ քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել, այսինքն տվել է հնարավորություն, որպեսզի կարողանան մեր քաղաքացիները օգտվել իրենց սահմանադրական իրավունքից։ Այդ իրավունքը պետք է իրացվի գործող Սահմանադրության և օրենքների շրջանակներում։ Եթե նա դուրս է գալիս օրենքի շրջանակներից, ապա, ինչպես միշտ, գործում է օրենքը»,- ասաց Նիկոյանը։

Հանրապետականի ներկայացուցիչը նաև ասում է՝ իշխանափոխության ժամանակը ընտրություններն են.- «Ես կարծում եմ, որ ամեն դեպքում մեր հասարակությունը իր տեսակետը կարտահայտի, կգա իր «ոչ»-ը կասի, բայց դա կանի օրենքի շրջանակներում և որևէ արկածախնդրի կոչերի ետևից չի գնա»։

Դաշնակցության Գերագույն մարմին ներկայացուցիչ, այս օրերին «այո» քարոզող Աղվան Վարդանյանին էլ անհնազանդության միջոցով իշխանափոխության հասնելու «Նոր Հայաստան»-ի ծրագրերը չեն անհանգստացնում։ Կրիտիկական զանգված, կարծում է, չի հավաքվի։

«Ես վստահ եմ, որ կունենանք 2-3-4 հազար մարդ թերևս, չկա որևէ կոնկրետ հստակ ծրագիր՝ իրենք ասում են իշխանությունը պիտի հեռացվի, ժամանակավոր կառավարություն կազմվի և այլն... ովքերո՞վ, ո՞ւմով, ի՞նչ ժամանակավոր կառավարություն։ Ես, ցավոք, չեմ տեսնում այնպիսի մի գաղափարական, ծրագրային հենք, նպատակ և դրան համարժեք կազմակերպված աշխատանք, որը դրա հնարավորությունը կտա»,- ասաց նա։

Վարդանյանի խոսքով՝ Սահմանադրության հանրաքվեն այն առիթը չէ, որ մարդկանց հանի փողոց.- «Սա ոչ առաջին, ոչ թերևս վերջին անգամն է, տարիներ շարունակ միշտ եղել են օրերի նշանակումներ։ Ես մի բան գիտեմ՝ Հայաստանում հնարավոր են փոփոխություններ միայն քաղաքական կազմակերպված աշխատանքի արդյունքում և քաղաքական ընտրությունների միջոցով։ Ֆորս մաժորային իրավիճակները թողնենք մի կողմ, համազգային խնդիրները՝ մի կողմ, սա այդ պարագան չէ, մանավանդ հանրաքվեի, Սահմանադրության հետ կապված»։

XS
SM
MD
LG