Մատչելիության հղումներ

Ֆինանսական հատկացումներ Թուրքիային փախստականներին պահելու համար


Ահմեթ Դավութօղլուն և Դոնալդ Տուսկը Բրյուսելում՝ Եվրամիություն - Թուրքիա գագաթնաժողովի ժամանակ, 29-ը նոյեմբերի, 2015թ.
Ահմեթ Դավութօղլուն և Դոնալդ Տուսկը Բրյուսելում՝ Եվրամիություն - Թուրքիա գագաթնաժողովի ժամանակ, 29-ը նոյեմբերի, 2015թ.

Բրյուսելում երեկ մեկնարկել է Եվրամիություն - Թուրքիա գագաթնաժողովը։

Եվրամիությունը մտադիր է Թուրքիային առնվազն երեք միլիարդ եվրո տրամադրել՝ փախստականներին այդ երկրի տարածքում պահելու համար։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիություն - Թուրքիա գագաթնաժողովի վերջնական փաստաթուղթը։

Բացի ֆինանսական հատկացումից, որը տրամադրվելու է Մերձավոր Արևելքի պատերազմական երկրների փախստականներին հատուկ ճամբարներում պահելու համար, Եվրամիության անդամ երկրները համաձայնել են մի շարք այլ զիջումներ ևս անել: Խոսքը, մասնավորապես, Եվրամիության տարածք մտնելու համար Թուրքիայի քաղաքացիներին ընդլայնված վիզա տրամադրելու, ինչպես նաև Եվրամիության անդամակցության հարցով փակուղու մեջ գտնվող բանակցությունները աշխուժացնելու մասին է:

Եվրամիություն - Թուրքիա գագաթնաժողովը մեկնարկել է երեկ երեկոյան Բրյուսելում։ Գագաթնաժողովին մասնակցում են Եվրամիության անդամ 28 երկրների և Թուրքիայի ղեկավարները։ Հիմնական թեման միգրացիոն ճգնաժամն է, որը, Եվրահանձնաժողովի տվյալներով, խոշորագույնն է աշխարհում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր։

«Ըստ պաշտոնական տվյալների, միայն վերջին տասը ամիսների ընթացքում Եվրամիության տարածք է մտել շուրջ մեկուկես միլիոն ներգաղթյալ, մեծամասնությունը՝ հատելով հենց թուրքական սահմանը», - հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը գագաթնաժողվի բացմանը։

Անկարան իր հերթին կարևորելով գագաթնաժողովի անկացման փաստը՝ հույս է հայտնել, որ այն սկիզբ կդնի Բրյուսելի և Անկարայի միջև նոր մակարդակի հարաբերությունների, ինչը թույլ կտա ակտիվացնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու գործընթացը։

«Այսօր պատմական օր է մեր հարաբերությունների համար, ինչպես նաև Եվրամիությանն անդամակցության համատեքստում։ Այս օրը թույլ կտա ակտիվացնել մեր անդամակցության գործընթացը։ Այս օրը կարևոր է մեր ընդհանուր տան ապագայի համար», - ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։

Բրյուսելը, ֆինանսական օգնություն հատկացնելով Անկարային, հույս ունի մեղմել միգրանտների հոսքը դեպի Եվրամիություն։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, խոսելով այդ մասին, նշել է, թե միգրացիոն ճգնաժամը մեղմելու՝ Եվրամիության և Թուրքիայի գործողությունների պլանը թույլ կտա փախստականներին չմեկնել Եվրոպա, այլ մնալ Թուրքիայում, որն ավելի մոտ է իրենց հարազատ երկրին։

Բրյուսելը միևնույն ժամանակ Անկարային կոչ է արել վերահսկել ոչ միայն Եվրամիության, այլև Սիրիայի հետ սահմանը։ «Դա թույլ կտա մեղմել փախստականների ճգնաժամը և ապահովել Եվրամիության անվտանգությունը», - հայտարարել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG