Մատչելիության հղումներ

Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են մեղադրել միմյանց


«Բարեկամ-թշնամիներ» Ռեջեփ Թայիբ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը։
«Բարեկամ-թշնամիներ» Ռեջեփ Թայիբ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը։

Երկու երկրների հարաբերությունները հետզհետե ավելի են սրվում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն անընդունելի է համարում ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ Անկարան թիկունքից դավաճանական հարված է հասցրել և միտումնավոր փակուղի է տանում ռուս-թուրքական հարաբերությունները։

Այդ մեղադրանքը Պուտինը հնչեցրել է Մոսկվայում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից հետո։

Էրդողանը պնդում է, որ թուրքերը ոչ թե միտումնավոր են վայր գցել ռուսական Սու-24 օդանավը, այլ ընդամենն արձագանքել են Թուրքիայի օդային սահմանը խախտելուն։

Նոյեմբերի 24-ին տեղի ունեցած այդ միջադեպի հետևանքով ռուսաստանցի օդաչուն սպանվել է, զոհվել է նաև անձնակազմին օգնության նետված ռուսական դեսանտի նավաստիներից մեկը։

Պուտինը երեկ ասել է, որ Անկարայից պաշտոնական ներողություն և փոխհատուցման առաջարկ է սպասում։ Ռուսական կողմը պնդում է, որ Սու-24-ը միջադեպի պահին գտնվել է Սիրիայի օդային տարածքում և որևէ կերպ չի սպառնացել Թուրքիային։

Պուտինի խոսքերով, կան օդանավերը պաշտպանելու տեխնիկական բազմաթիվ միջոցներ, այդ թվում ջերմային հրթիռներ, սակայն ռուսները դրանք չեն կիրառել՝ համոզված լինելով, որ Թուրքիան բարեկամական երկիր է։

«Մենք պարզապես չենք ենթադրել նման վտանգի մասին, այդ պատճառով ենք հարվածը դավաճանական համարում»,- ասել է Պուտինը։

Երեկ Էրդողանն ասել է, որ ներողություն պետք է խնդրի սահմանախախտ կողմը։ Նրա խոսքերով, թուրք զինվորականներն ընդամենն իրենց պարտավորություններն են կատարել։ Պատասխանելով France 24 հեռուստակայանի հարցերին, Էրդողանն ասել է, որ միջադեպից հետո փորձել է հեռախոսով զրուցել Պուտինի հետ, սակայն վերջինս չի արձագանքել։

«Ներողության հարց արծարծելուց առաջ պետք է քննարկել, հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, ինչպե՞ս դա անել, եթե Պուտինը չի պատասխանում իմ զանգին»,- ասել է Էրդողանը։

Իսկ այսօր Էրդողանն ասել է, թե պատրաստ է Պուտինի հետ հանդիպել բնապահպանական հարցերով հաջորդ շաբաթ Փարիզում գումարվող գագաթնաժողովի շրջանակներում։

Պուտինի երեկվա խիստ մեկնաբանություններից խոցված Էրդողանը կոշտ է խոսել, ասելով, որ թուրքերը երբեք ոչ մեկին թիկունքից չեն հարվածում։

«Ռուսաստանին կոչ եմ անում չխաղալ կրակի հետ»,- ասել է Էրդողանը։

Ֆրանսուա Օլանդը երեկ Մոսկվայում ասել է, որ հարկ է ամեն ինչ անել նման միջադեպերից խուսափելու համար։

«Մեր բոլորիս միակ նպատակը պետք է լինի պայքարն «Իսլամական պետություն» կառույցի դեմ և ահաբեկիչներին չեզոքացնելը»,- ասել է Օլանդը։

Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարները երեկ անդրադարձել են նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի խնդրին։ Պուտինը ընդգծել է, որ այդ հարցը պետք է լուծի Սիրիայի ժողովուրդը, և ասել, որ Ասադը և նրա բանակը ահաբեկչության դեմ պայքարում բնական դաշնակիցներ են։

Օլանդն իր հերթին կրկնել է, թե ըստ Ֆրանսիայի դիրքորոշման, ակնհայտ է, որ Ասադը Սիրիայի ապագայում տեղ չունի։

Մինչ ռուս-թուրքական վեճը շարունակվում է` Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ Մոսկվան գալիք տարեսկզբից դադարեցնում է առանց վիզայի մուտքի ռեժիմը Թուրքիայի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG