Մատչելիության հղումներ

Նաղդալյան. «Որևէ բան թաքցնելու ո՛չ միտում ունենք, ո՛չ՝ ցանկություն»


ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյան, արխիվ
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյան, արխիվ

ԱԺ փոխնախագահը հակադարձում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։

Հանրապետական կուսակցությունում (ՀՀԿ) վստահեցնում են՝ սահմանադրական փոփոխությունների հարցով գաղտնի պահված սոցիոլոգիական հարցումների արդյունքներ չունեն։

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը իշխող կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո, հակադարձելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե իշխանությունները հարցում են պատվիրել և, ըստ հարցման արդյունքների, 75 տոկոսը դեմ է եղել փոփոխություններին, այդ պատճառով արդյունքները գաղտնի են պահվել, վստահեցրեց՝ եթե սոցհարցումների արդյունքներ լինեին, դրանք կներկայացնեին։ «Որևէ բան թաքցնելու ո՛չ միտում ունենք, ո՛չ՝ ցանկություն», - ասաց Նաղդալյանը։

Առաջին նախագահը երեկ հրապարակած հոդվածում պնդել էր, որ «նոր Սահմանադրությունը աջակիցներ չունի, և «Այո»-ի հաղթանակը հնարավոր է միայն կեղծիքների միջոցով»։

Նաղդալյանը, մինչդեռ, վստահեցրեց, որ իրենք «օրինակելի, թափանցիկ և ազատ հանրաքվեի կողմնակից են»։ Ըստ ԱԺ փոխնախագահի, հանրաքվեի արդյուքները լեգիտիմ են լինելու։ «Որևէ այլ զարգացումներ, գոնե մեր կողմից, տեղի չեն ունենալու», - ասաց նա։

Խորհրդարանի փոխնախագահի խոսքով, ՀՀԿ-ն քարոզչական աշխատանքներով է զբաղված, կարևորում է, որ ընտրողները մինչև հանրաքվեն բազմակողմանի տեղեկատվություն ստանան և գաղափար կազմեն, թե ինչն է առաջարկվում փոխել Սահմանադրությունում։

Դիտարկմանը, որ կառավարությունը նոր Սահմանդրության նախագծի 15 հազար 400 անվճար օրինակ է բաժանել, և ստացվում է, որ 1 տեղեկագրից 165 ընտրող պետք է օգտվի, և հարցին, թե դա բավարա՞ր է հանրությանը իրազեկելու համար, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց, որ մարդիկ կարող են համացանցից օգտվել, մամուլից կարդալ կամ զանգել տեղեկատու։

«Ազատության» մեկ այլ դիտարկմանը, որ շատ գյուղերում համացանցից չեն օգտվում, Ազգային ժողովի փոխնախագահն այսպես արձագանքեց. - «Քաղաքացին, որը իրականում ցանկություն ունենա իրազեկման համար ստանա տեղեկատվություն, կարծում եմ, կկարողանա»։

XS
SM
MD
LG