Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը քննարկում է ԻՊ-ի սպառնալիքները


Վրաստանի խորհրդարանի հերթականի նիստերից մեկը, արխիվ
Վրաստանի խորհրդարանի հերթականի նիստերից մեկը, արխիվ

«Իսլամական պետություն»-ը հայտարարել է, թե «խալիֆաթը» շուտով Վրաստան է հասնելու։

Արդյո՞ք «Իսլամական պետություն» խմբավորումը լուրջ սպառնալիք է Վրաստանի համար: Երեկ այս թեման դարձավ վրացական խորհրդարանի լիագումար նիստի քննարկման գլխավոր թեմաներից մեկը:

Պատգամավորները խնդրին անդրադարձան, երբ շաբաթասկզբին համացանցում մի տեսանյութ սկսեց շրջանառվել, որում «Իսլամական պետության» կազմում կռվող մի խումբ մահմեդականներ վրացերենով սպառնալիքներ էին հնչեցնում՝ հայտարարելով. - «Ձեզ թվում է, որ «Իսլամական խալիֆաթը» հեռու է, բայց շատ շուտով այն կհասնի Վրաստան»։

Այս տեսագրության ի հայտ գալուց երկու օր անց Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը որոշեց երկրի տարածքում արգելափակել իսլամիստական կազմակերպությունների` նախևառաջ «Իսլամական պետության» քարոզչությունն իրականացնող այն կայքերը, որոնցում պարբերաբար վրացերեն հրապարակումներ են հայտնվում: Սրան զուգահեռ ուժեղացվեց հսկողությունը երկրի բոլոր սահմանային անցակետերում:

Իշխող քաղաքական ուժը` «Վրացական երազանք»-ը ներկայացնող պատգամավորները պնդում են, որ իրավապահների գործողությունները լիովին արդարացված են:

«Իրավիճակը հարավում և Մերձավոր Արևելքում իրոք կրիտիկական է: Վերջին իրադարձությունները վկայում են, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ այս ամենը վերաբերում է նաև Վրաստանին, և մեր երկիրը պետք է անի հնարավորը սպառնալիքներից զերծ մնալու համար: Մենք գտնվում ենք պոտենցիալ վտանգներով լի մի տարածաշրջանում», - հայտարարում էր Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գուբազ Սանիկիձեն:

Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլիի խոսքով, այսօր «Իսլամական պետության» կազմում առնվազն 50 Վրաստանի քաղաքացի է կռվում: Նրանք հիմնականում Պանկիսի կիրճի չեչեններ են կամ Աջարիայի մահմեդականներ:

Վրաստանի մահմեդական կազմակերպությունների ներկայացուցիչները, սակայն, կոչ են անում մի քանի տասնյակ երիտասարդների պահվածքից հեռուն գնացող հետևություններ չանել: «Մենք պետք է վերհանենք այն պատճառները, որոնք ստիպում են այդ երիտասարդներին մեկնել Մերձավոր Արևելք: Մենք պետք է բացատրենք, որ իսլամն ու ահաբեկչությունը որևէ ընդհանրություն չունեն», - ասել է Վրաստանի մահմեդականների միության նախագահ Թարիել Նակաիձեն:

Հիշեցնենք, որ վրացական խորհրդարանը մի քանի ամիս առաջ խստացրեց արտերկրում ընթացող ռազմական գործողություններին ահաբեկչական կառույցների կազմում մասնակցության, ինչպես նաև այդ կազմակերպությունների ճամբարներում վարժանքների համար Քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը: Այժմ Սիրիայում ռազմական գործողությունների մասնակցած ցանկացած վրացու 6-9 տարվա ազատազրկում է սպառնում:

XS
SM
MD
LG