Մատչելիության հղումներ

Նախաձեռնողները գոհ են գրաբարի ուսուցման ծրագրի ընթացքից


Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, արխիվ:
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, արխիվ:

Անցյալ տարի Թարգմանչաց տոնի առիթով Արարատյան հայրապետական թեմի նախաձեռնությամբ և Կրթության ու գիտության նախարարության աջակցությամբ մեկնարկեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը:

Թեև գրաբար, ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ այսօր դասավանդում են մի քանի բուհերի բանասիրական և պատմական ֆակուլտետներում, Մատենադարանում և գիտական այլ հաստատություններում կան հրաշալի մասնագետներ, այդուհանդերձ գրաբարի մասնագետների թիվը մեծ չէ:

Ունենք դարերի խորքից մեզ հասած և դեռ ամբողջովին չուսումնասիրված գրավոր ժառանգություն, որը դեռ պիտի ուսումնասիրեն ապագայի սերունդները:

Դպրոցներում գրաբար չեն անցնում, որովհետև այդ դեպքում պիտի նաև դասական ուղղագրություն սովորեցնեն: Միայն Մխիթար Սեբաստացի և Այբ կրթահամալիրներում է գրաբարը դասավանդվում:

Անցյալ տարի Թարգմանչաց տոնի առիթով Արարատյան հայրապետական թեմի նախաձեռնությամբ և Կրթության ու գիտության նախարարության աջակցությամբ մեկնարկեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը, որի շրջանակներում Երևանի մի շարք դպրոցներում անցկացվում են գրաբարյան ընթերցումներ, բաց դասեր, քննարկումներ, ինտելեկտուալ խաղեր:

Ծրագրի շրջանակներում, իհարկե, հիմնականում բանավոր խոսք է հնչել, թեև որոշ դեպքերում դպրոցականներին նաև գրաբարյան քերականության և դասական ուղղագրության հիմնադրույթներին են ծանոթացրել:

Այսօր Արարատյան հայրապետական թեմում հրավիրված քննարկումն ամփոփեց այս ծրագրի առաջին փուլի արդյունքները: Ասվեց, որ ծրագրի շրջանակներում անցկացվել է նաև գրաբարի առաջին օլիմպիադան, որին 90 աշակերտ է մասնակցել, և այս փաստն արդեն իսկ վկայում է, որ գրաբարը հետաքրքրում է դպրոցականներին:

Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի ղեկավար Նոյեմի Անդրեասյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց․ - «Ծրագիրը մեկնարկեց Երևանի պետական և ոչ-պետական ավագ դպրոցներում, բայց ընթացքում մեզ միացավ նաև հիմնական դպրոցներում սովորողների մի խումբ»:

Հարցին, թե արդյո՞ք մասնագետների պակաս չունեն, Անդրեասյանն արձագանքեց․ - «Ունենք հրաշալի մասնագետներ, ովքեր իսկապես հրաշալի կրթում են»:

Նրա փոխանցմամբ՝ երեխաները ոգևորվել են․ - «Իրենք են առաջարկում ֆլեշ-մոբեր կազմակերպել, տարբեր միջոցառումներ կազմակերպել»:

Ծրագրի առաջին փուլի արդյունքների քննարկմանն այսօր ներկա նաև էր Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա համոզմամբ, դեռ վաղ է խոսել այն մասին, որ այս ծրագիրը պետք պարտադիր դառնա բոլոր դպրոցներում․ դրա համար մասնագետներ են պետք, ուսումնական ձեռնարկներ․ - «Պետք է ստեղծել մասնագիտական հմտություններով օժտված մանկավարժների շերտ, պետք է ստեղծել ուսումնական բովանդակություն, պետք է ստեղծել կրթական ծրագիր: Այն ամենը, ինչ արվում է, հրաշալի է, բայց դա ավելի շատ լրացուցիչ կրթության, արտադասարանային կրթության ձևերի մեջ է: Հետևաբար մենք պետք է դնենք նպատակ՝ մի գեղեցիկ օր անցնելու այս ծրագրի իրականացմանը բոլոր դպրոցներում: Բայց այդ նպատակին հասնելու համար պետք է կուտակենք համապատասխան ներուժ, կուտակենք համապատասխան որակավորում ունեցող մանկավարժական պոտենցիալ և ստեղծենք ուսումնական բովանդակություն»:

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն էլ հույս հայտնեց, որ ծրագիրը կշարունակի իր ընթացքը՝ «հետզհետե ավելի ընդգրկուն դարձնելով իր ծավալները»:

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հույս հայտնեց նաև, որ գրաբարի հաջորդ օլիմպիադան կանցկացվի Գևորգյան ճեմարանում․ - «Որովհետև բոլոր ճանապարհները տանում են Սուրբ Էջմիածին․․․ Ինչ որ անում ենք, մեր հայ ժողովրդի ոգեկան զորության համար ենք անում, որպեսզի ինքը վերարթնացնի իր մեջ ոսկեդարյան ոգին՝ ոսկեղենիկ հայերենի միջոցով: Ահա ամբողջ այս ձեռնարկի գերագույն և գլխավոր նպատակը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG