Մատչելիության հղումներ

Դերասան Վարդան Պետրոսյանը դարձյալ դատարանում է


Հայցվոր կողմը պահանջում է դերասանին պարտավորեցնել՝ վճարել վթարի հետևանքով վնասվածքներ ստացած Տաթևիկ Հակոբյանի առողջության վերականգնման, ինչպես նաև փաստաբանի ծախսերը:

Երկու տարի առաջ մահվան ելքով ավտովթարի մեջ մեղավոր ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանը, ով շարունակում է պատիժը կրել բաց ռեժիմով, դեռևս դատական քաշքշուկների մեջ է: Ավտովթարի հետևանքով որդուն կորցրած Հակոբյանների ընտանիքը քաղհայց է ներկայացրել Վարդան Պետորսյանի դեմ՝ դատարանից պահանջելով վերջինիս պարտավորեցնել՝ վճարել վթարի հետևանքով վնասվածքներ ստացած Տաթևիկ Հակոբյանի առողջության վերականգնման, ինչպես նաև փաստաբանի ծախսերը:

Վարդան Պետրոսյանն այսօր դատարանում հայտարարեց, թե առաջին և վերջին անգամ է մասնակցում դատական նիստին, սակայն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պնդում է, որ միշտ պատրաստ է հոգալ աղջկա բուժման ծախսերը: Պետրոսյանը հավելեց՝ չի հասկանում, թե հիմա ինչու է տուժող կողմն իրեն դատարան բերել:

«Ես ինքս արդեն մի տեսակ անհարմար եմ զգում էս դատական պրոցեսների շարունակությունից, էլի դատ, էլի դատ, ես նաև հասկանում եմ, որ էնտեղ մի հսկա դիսկոմֆորտ կա տուժածների մոտ: Էլի եմ կրկնում ինչ ասել եմ վերաքննիչում՝ որոշողը դուք եք: Երկու ճանապարհ եմ տեսնում, մեկը՝ դատարանով, մյուսը՝ առանց դատարանի: Բայց եթե առանց դատարան եք ուզում, ես պատրաստ եմ»,- ասաց Վարդան Պետրոսյանը:

Շարունակելով իր պաշտպանյալի միտքը՝ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ պատասխանող կողմը պատարաստ է հոգալ Տաթևիկի առողջության վերականգնման ծախերը, եթե տուժող կողմը գումարի հստակ չափ ու ժամկետներ ներկայացնի: Տուժող Տաթևիկ Հակոբյանի ներկայացուցիչ Զարուհի Վարդանյանն ասաց, որ այդ մասով միջնորդություն կներկայացնեն միայն դատական քննարկումների ընթացքում:

Ավելի վաղ վերաքննիչ դատարանում Վարդան Պետրոսյանը բժշկական հաստատություններից մեկի հետ կնքված պայմանագրի օրինակ էր ներկայացրել՝ վստահեցնելով, որ եթե Տաթևիկը բժշկական հետազոտությունն անցնի այնտեղ, ինքը կվճարի բոլոր ծախսերը: Պայմանագիրն այդպես էլ չկնքվեց, իսկ այսօր տուժող Տաթևիկ Հակոբյանը նշեց, որ չի ցանկանում բուժումը ստանալ նշված հիվանդանոցում և նախընտրում է «Գոլդս Ջիմ» ֆիտնես-կենտրոնը: Վարդան Պետրոսյանն այս պահանջը ևս ընդունեց:

Հայցի երկրորդ մասով, սակայն, պատասխանող կողմը հաշտության հնարավորություն չի տեսնում․ դերասանից պահանջում են փաստաբանի վարձավճարի համար ավելի քան 3 միլիոն դրամի փոխհատուցում: Պատասխանող կողմը հիմնավորում է պահանջում:

Դատական նիստն այսօր շարունակվեց դռնփակ, քանի որ քննարկվելու էին Տաթևիկ Հակոբյանի առողջությանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG