Մատչելիության հղումներ

«Քաղաքացի դիտորդ»-ը վարչական ռեսուրսի օգտագործման փաստեր է հրապարակել


Երևանի ընտրատեղամասերից մեկում, արխիվ
Երևանի ընտրատեղամասերից մեկում, արխիվ

Դիտորդները տպավորություն ունեն, թե վարչական ռեսուրսի օգտագործմամբ, իշխանությունը մատնում է «պարտվելու մտահոգությունը»:

«Քաղաքացի դիտորդ» հասարակական նախաձեռնությունը հրապարակել է հանրաքվեի քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման փաստերի վերաբերյալ զեկույց։

Վարչական ռեսուրսի գործադրում, ընտրողների ուռճացված ցուցակներ, տարբեր բնակավայրերում իշխանության ներկայացուցիչների կողմից ընդդիմադիրների քարոզարշավի խոչընդոտում, քարոզարշավում բարձրաստիճան իշխանավորների ակտիվ ներգրավվածություն, տարբեր բնակավայրերի՝ տարիներով կուտակված խնդիրների լուծման խոստումներ։ Ահա շուրջ 2 շաբաթվա ընթացքում նախաձեռնության արձանագրած փաստերի ոչ լրիվ ցանկը:

«Ազատության» հետ զրույցում, «Քաղաքացի դիտորդ»-ի անդամ Վարդինե Գրիգորյանը շեշտեց՝ երկրի նախագահի, վարչապետի, նախարարների ներգրավվածությունը քարոզարշավին «վկայում է իշխանությունների վախի մասին, որ առանց վարչական ռեսուրսի կիրառման, հաջողության հասնել պարզապես չեն կարող»։

«Բնականաբար գիտակցում են դա, որովհետև նախագահական ընտրություններն էլ ցույց տվեցին, որ երբ իրենք արդեն որոշել էին, որ ամեն ինչ կարող են անել, մեկ էլ հանկարծ ժողովուրդը անակնկալ մատուցեց, չքվեարկեց իրենց ուզած ձևով: Դրա համար հիմա շատ ավելի ակտիվ ու ինտենսիվ են քարոզչություն անում, և, բնականաբար, դա ցույց է տալիս, թե ինչքան ծայրահեղ վիճակում են, որ ամբողջ ռեսուրսները օգտագործում են ... »,- շարունակում է դիտորդը:

Նախաձեռնությունն իր զեկույցում անդրադառնում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի մարզային այցելություններին՝ արձանագրելով, որ նա «մեկտեղել է իր վարչապետական ու «Այո»-ի քարոզարշավի կենտրոնական շտաբի ղեկավարի պարտականությունները»: Հասարակական դիտորդները քննադատում են նաև պաշտպանության ու կրթության և գիտության նախարարների՝ «քարոզարշավին մասնակցելու փաստը»։

«Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ քարոզչական տեսահոլովակը, եթե օրենքի խախտում էլ չէ, ապա նախարարի խոսքը կարող է ուղղակիորեն ազդել զինծառայողների կարծիքի ազատ ձևավորման և կամաարտահայտման վրա»,- զեկույցում եզրակացնում են դիտորդները։ Սեյրան Օհանյանը, հիշեցնենք, «Ազատության» հետ զրուցում ասել էր, թե որպես քաղաքացի է մասնակցում քարոզարշավին։

«Ես որպես ՀՀ քաղաքացի, իրավունք ունեմ մասնակցելու և իրավունք ունեմ կասկածներ արտահայտելու: Կարծում եմ, որ այդ քննադատությունը տեղին չէ, առավել ևս, որ պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն է: Ես քաղաքական թիմի անդամ եմ և այսօր ենթարկվում եմ ՀՀ նախագահին, գերագույն գլխավոր հրամանատարին»,- ասել էր Օհանյանը։

«Քաղաքացի դիտորդ»-ի զեկույցն անդրադարձել է նաև կրթության և գիտության նախարար, «Այո»-ի շտաբի անդամ Արմեն Աշոտյանի գործունեությանը։ Քարոզարշավի այս շրջանում Աշոտյանը Հանրային հեռուստաընկերության եթերում «Եռանկյունի» հաղորդումն է վարում, առաջին հաղորդումն էլ նվիրված էր հանրաքվեին։

Եվրոպայի խորհրդի փորձագետ Լորան Ռույը «Ազատության» հարցին ի պատասխան «բացարձակապես անընդունելի» էր համարել Աշոտյանի՝ հանրաքվեի քարոզարշավի ժամանակահատվածում քաղաքական հաղորդում վարելու փաստը։ Աշոտյանը, մինչդեռ, «Ազատությանն» ասել էր, թե հաղորդաշարը վարելիս մնալու է հաղորդավարի անկողմնակալ դիրքում:

Դիտորդ Վարդինե Գրիգորյանը շեշտում է՝ տարբեր բնակավայրերից քաղաքացիներն ահազանգում են, որ իշխանությունները ճնշումներ են բանեցնում բյուջետային ոլորտի աշխատողների նկատմամբ: Ըստ նրա, բուժհաստատություններում, դպրոցներում, մանկապարտեզներում ցուցակագրում են մարդկանց՝ կորզելով Սահմանադրության նախագծի օգտին քվեարկելու խոստումներ։

Գրիգորյանի խոսքով, իշխանությունների՝ պարտվելու վախն այնքան մեծ է, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ նույնիսկ փորձում են «կաշառել պետական աշխատողներին»։ «Մեխանիզմն արդեն լրիվ մշակված է, կարգ է էլի սահմանված՝ ում է փող հասնում, ում չի հասնում»,-շարունակում է դիտորդը։

Զեկույցն արձանագրում է նաև, որ «Այո»-ի քարոզարշավում ներգրավված իշխանության ներկայացուցիչները խոչընդոտներ են հարուցում ընդդիմադիրների գործունեության ճանապարհին: Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանն, օրինակ, «Թրանսփարենսի ինթերնեշընլ» կազմակերպության հավաքի ժամանակ հայտարարել է, թե «ժողովուրդը իրազեկ է և որևէ լրացուցիչ բացատրության կամ մեկնաբանության կարիք չունի: Եվ քանի որ ինքն է ընտրված քաղաքապետը, իր համայնքի բնակիչները կքվեարկեն այնպես, ինչպես ինքը կասի»:

Իսկ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների մուտքը Արմավիրի մարզի Քարակերտ գյուղ, ըստ զեկույցի, փակվել է ճանապարհի ողջ լայնությամբ տեղադրված ցեմենտի պարկերով։ Գյուղապետ Մհեր Հարթենյանը պատճառաբանել էր, թե պարկերը շարվել են ճանապարհին շինարարության աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով, «սակայն արդյունքում՝ խոչընդոտվել է ընդդիմության կազմակերպած միջոցառումը»,- արձանագրում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության զեկույցը։

Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հավաստիացրեց, որ հանրաքվեի օրինականությունը վերահսկելու համար ձևավորված ոստիկանության շտաբը հետևում է քարոզարշավի մասին բոլոր հրապարակումներին՝ շեշտելով՝ «մինչև հիմա լուրջ խախտումներ չեն հայտնաբերվել»։

XS
SM
MD
LG