Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները հանել է իրանական նավթի էմբարգոն


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամա

Միացյալ Նահանգները հանել է իրանական նավթի վաճառքի էմբարգոն։ Չորեքշաբթի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման համապատասխան փաստաթուղթ է ստորագրել, հայտնում է Սպիտակ տունը։

Փաստորեն այսօրվանից Իրանը կարող է միջազգային շուկա հանել շուրջ մեկ միլիոն բարել նավթ, ինչը, փորձագետների գնահատմամբ, կարող է է՛լ ավելի իջեցնել նավթի առանց այդ էլ ցածր գինը։

Էմբարգոն հանելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս հուլիսին։ Իրանը խոստացել է հրաժարվել միջուկային զենք ստեղծելու որևէ փորձից, եթե հանվեն բոլոր պատժամիջոցները և առաջին հերթին նավթի վաճառքի արգելքը։

Իրանական նավթի էմբարգոն գործում է 2012 թվականից։ Իրանական նավթից նախ հրաժարվել էին Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան, իսկ 2013-ին նրանց էին միացել Եվրամիության անդամ երկրները։

Նավթի էմբարգոյի դադարեցման ֆոնին հետաքրքրական է The Wall Street Journal-ի հոդվածը, որտեղ նշված է՝ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները համարում են, որ ռուս-իրանական դաշինքի տապալումը կարող է վերջ տալ սիրիական ճգնաժամին։ Մոսկվան և Թեհրանը աջակցում են Բաշար Ասադին, իսկ Վաշինգտոնի կարծիքով՝ միայն Ասադի հեռանալուց հետո է հնարավոր սիրիական ճգնաժամի կարգավորումը։

The Wall Street Journal-ը գրում է, որ ամերիկացիներն ու եվրոպացիները փորձում են համոզել Մոսկվային հրաժարվել Ասադից, ինչը թույլ կտա միասին պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Պարբերականը ընդգծում է՝ եթե ռուս-իրանական դաշինքը պահպանվի, հնարավոր չի լինի խոսել միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի մասին։ Ընդ որում, արևմտյան փորձագետները համարում են, որ Ռուսաստանը Ասադից հրաժարվելու որոշ պատրաստակամություն ցուցաբերում է՝ ի տարբերություն Իրանի։

Սիրիայի շուրջ բանակցությունները նախատեսված են դեկտեմբերին։ Մոսկվայի գործողությունները Սիրիայում, հայտարարությունները, որ Ռուսաստանը պատրաստ է պայքարել ահաբեկիչների դեմ, չեն նպաստել Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների իրական բարելավմանը։ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները մտադիր չեն հանել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG