Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանը կարևորում է Վրաստանի էներգակիրների շուկայի դիվերսիֆիկացումը


Վրաստանում ԱՄՆ դեսպան Իեն Քելլի, արխիվ
Վրաստանում ԱՄՆ դեսպան Իեն Քելլի, արխիվ

«Չպետք է ոչ մի պետության հնարավորություն տալ իր ձեռքում պահել Վրաստանի էներգահամակարգի վրա ազդեցության լծակները», - շեշտել է Իեն Քելլին:

Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպանն անթույլատրելի է համարում վրացական էներգահամակարգի վրա ազդեցության լծակները մեկ ձեռքում պահելը: Այս մասին դեսպան Իեն Քելլին հայտարարել է վրացական «Քվիրիս պալիտրա» («Շաբաթվա ներկապնակը») շաբաթաթերթի հետ զրույցում, մեկնաբանելով Վրաստանի կառավարության՝ գազի շուկայի դիֆերսիֆիկացման ուղիների փնտրտուքը:

«Չպետք է ոչ մի պետության հնարավորություն տալ իր ձեռքում պահել Վրաստանի էներգահամակարգի վրա ազդեցության լծակները», - մասնավորապես ասել է Քելլին:

Հիշեցնենք՝ Վրաստանը երկրում սպառվող գազի մեծ մասը Ադրբեջանից է ստանում: Վերջին շրջանում Թբիլիսին ակտիվ բանակցությունների մեջ է ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ: Վրաստանի կառավարությունը պնդում է, որ երկրին անհրաժեշտ են գազի հավելյալ ծավալներ, որոնք Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը ի վիճակի չէ ապահովել:

«Գազպրոմ»-ի հետ դռնփակ բանակցություններին զուգահեռ, որոնք, ի դեպ, երկրում դժգոհության ալիք բարձրացրեցին, վրացական կառավարությունը սկսեց խոսել նաև իրանական գազ ստանալու հնարավորության մասին:

Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» իշխող դաշինքի փաստացի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, թե կարևորում է Իրանի հետ ամուր և խորը առևտրային հարաբերությունների հաստատումը, ինչի շուրջ, նրա խոսքով, խորհրդակցություններ են անցկացրել նաև Միացյալ Նահանգների դեսպանի հետ:

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանն իր հերթին, անդրադառնալով գազի շուրջ բանակցություններին, կարևոր է համարել էներգակիրների հարցով համագործակցության թափանցիկությունը:

«Կառավարությունը պետք է թափանցիկություն ապահովի թե՛ ադրբեջանական SOCAR-ի, թե՛ ռուսական «Գազպրոմ»-ի հետ հարաբերություններում: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Արևելքի և Արևմուտքի միջանցքը անվտանգություն է նախատեսում ոչ միայն Վրաստանի համար, այլ նաև Կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպա, և Վրաստանը չպետք է վնաս կրի», - ընդգծել էր ամերիկացի դիվանագետը:

Վրաստանի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի արտգործնախարարի տեղակալ Դավիթ Դոնդուան, ելույթ ունենալով խորհրդարանում, խոստովանել է, որ ամերիկացի գործընկերները հաստատակամորեն խորհուրդ են տալիս հրաժարվել ցանկացած ոլորտում Իրանի հետ համագործակցությունից մինչև պաշտոնական Թեհրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների ամբողջական չեղարկումը:

Այդուհանդերձ, առաջիկայում Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն մտադիր է մեկնել Իրան՝ իրանական գազի ներմուծման շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով, թեև առայժմ հստակ չէ, թե ինչպես է Վրաստանը պատրաստվում իրանական գազը երկրի տարածք հասցնել խողովակաշարի բացակայության պայմաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG