Մատչելիության հղումներ

Հրեական ազդեցիկ կառույցը ԱՄՆ-ին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը


Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը 2015 թվականի ապրիլի 24-ին
Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը 2015 թվականի ապրիլի 24-ին

«Մենք բարոյական պարտավորություն են զգում՝ ճանաչելու հայերի տառապանքները», - հայտարարել է Հանրային հարցերով հրեական խորհուրդը:

Միացյալ Նահանգների համայնքային ամենաազդեցիկ կառույցներից մեկը՝ Հանրային հարցերով հրեական խորհուրդը, որը կազմակերպությունների կոալիցիա է, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին կոչ է անում ճանաչել Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը:

Հրեական խորհուրդը անցյալ ամիս կայացած ամենամյա համայնքային համաժողովի ժամանակ հատուկ բանաձև է ընդունել, որով կոչ է անում նաև հրեական համայնքին աջակցել ամերիկահայ կազմակերպություններին՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի համար։

Իր գործունեության ընթացքում ըստ էության առաջին անգամ այս կերպ անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային, հրեական կազմակերպություններից կազմված խորհուրդը ընդունած բանաձևում ընդգծում է․ - «Մենք բարոյական պարտավորություն են զգում՝ ճանաչելու հայերի տառապանքները»: «Չպետք է թույլ տանք, որ պատեհապաշտ քաղաքականությունը կամ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի կառավարության հարաբերությունները սասանեն մեր բարոյական պարտավորությունը՝ ճանաչելու հայ ժողովրդի տառապանքները», - մասնավորապես ասվում է փաստաթղթում:

Միացյալ Նահանգներում գործող մի շարք հրեական կազմակերպություններ ու լոբբիստական խմբեր տասնամյակներ շարունակ դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչմանը: Այդ կազմակերպություններից մի քանիսը Թուրքիայի հորդորով անգամ կանխել են Կոնգրեսի կողմից հայանպաստ բանաձևերի ընդունումը: Դրանց թվում էր նաև Հանրային հարցերով հրեական խորհրդում ընդգրկված Ամերիկայի Հրեական կոմիտեն, որը, սակայն, մի քանի տարի առաջ փոխեց իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում, նույնիսկ խստորեն քննադատեց նախագահ Օբամային «ցեղասպանություն» եզրույթը «եղեռն»-ով փոխարինելու համար:

«Ամերիկայի Հայկական համագումարը երախտիքի խոսք է հղում Հանրային հարցերով հրեական խորհրդին՝ այս կարևոր բանաձևն ընդունելու և ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պետականորեն վերահաստատումը սատարող ջանքերի համար», - հայտարարել է Համագումարի խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը: «Հանուն ճշմարտության պայքարող ամերիկաբնակ միլիոնավոր հրեաների և հայերի միասնականությունը կարևոր քայլ է արդարության ճանապարհին ընդառաջ», - նաև ասվում է Ամերիկայի Հայկական համագումարի տարածած հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG