Մատչելիության հղումներ

Հարությունյան. Ժամանակն է կատարել քայլեր՝ ապագայում չեզոքացնելու վտանգը


Դավիթ Հարությունյանը «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման եթերում, 18-ը հոկտեմբերի, 2015թ.
Դավիթ Հարությունյանը «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման եթերում, 18-ը հոկտեմբերի, 2015թ.

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կարևոր, էական և արդիական է որակում սահմանադրական փոփոխությունների գործընթացը։

«Կարծում եմ՝ շարժառիթը գիտակցում են գրեթե բոլոր քաղաքական ուժերը, թերևս բացառությամբ մեկի, և անգամ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եթե մենք ուսումնասիրենք, թե ինչպիսի քաղաքական պլատֆորմով էին հանդես գալիս քաղաքական ուժերը, գրեթե բոլորը խոսում էին, որ անհրաժեշտ է փոխել կառավարման համակարգը», - «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» ծրագրի ժամանակ ասաց Հարությունյանը։

Ըստ կառավարության աշխատակազմի ղեկավարի, դա պայմանավորված էր այն փորձով, որ կուտակվել էր նաև տարածաշրջանում։ «Երկրները, որոնք կիսանախագահական համակարգ ունեին, կա՛մ ի վերջո դարձան ավտորիտար երկրներ, որտեղ իշխանությունը կարելի է ասել չի փոխվում, կա՛մ այդ երկրներն անցան գունավոր հեղափոխության ճանապարհով։ Մեզ համար երկու լուծումն էլ, երկու հնարավոր զարգացումները շատ վտանգավոր են։ Մենք, փառք Աստծո, որ չենք ունեցել թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Եվ ժամանակն է կատարելու այնպիսի քայլեր, որպեսզի ապագայում չեզոքացնենք այդ վտանգը», - ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ Հայաստանն ունեցել է կիսանախագահական համակարգի երկու փուլ։ «Մի փուլը՝ մինչև վերջին փոփոխությունը, մինչև գործող Սահմանադրության ընդունումը, և այդ փուլը ես կբնորոշեի ավելի շատ նախագահական-խորհրդարանական, որովհետև կիսանախագահականը ևս ունի իր բազմաթիվ տարատեսակները։ Այսինքն՝ մինչ 2005 թվականը, կասեի՝ մինչև 2007 թվականը, մենք ունեցել ենք ուժեղ նախագահի ինստիտուտ, և խորհրդարանն այդ առումով ավելի երկրորդական պլանում էր։ Շատ հաճախ տեսության մեջ դա անվանում են նախագահական-խորհրդարանական: Դրանից հետո իրավիճակը փոխվեց, քայլ կատարվեց դեպի խորհրդարանական, բայց ոչ ամբողջական քայլ, հիմա արդեն կարելի է ասել, որ մենք այս պահին ունենք խորհրդարանական-նախագահական տարբերակը», - ասաց նախարարը։

Նրա խոսքով, Հայաստանում խորհրդարանի դերակատարումն աճել է, նախագահի լիազորությունները՝ հատկապես խորհրդարանը ցրելու և այլն, դադարել։

«Այս իրավիճակում մենք իսկապես պետք է սթափ գնահատենք, թե ինչ վտանգներ կարող են մեզ սպառնալ։ Մի պահ պատկերացրեք, որ խորհրդարանն ունի մի քաղաքական մեծամասնություն, հանրապետության նախագահը ներկայացնում է մեկ այլ քաղաքական ուժ՝ լրիվ հակադիր, ինչը ամենևին չի բացառվում այս համակարգում։ Մյուս կողմից՝ հանրապետության նախագահն ունի շատ կարևոր լիազորություններ, ես ի նկատի չունեմ իրավունքներ, ես նկատի ունեմ նաև պարտականություններ, չունենալով խորհրդարանում մեծամասնություն՝ այդ նախագահը պարտականություններ կրել ուղղակի չի կարող, դա բերում է բազմաթիվ բախումների, և դրա օրինակները մենք տեսել ենք, այդ թվում՝ նաև հարևան Վրաստանում։ Մեկ անգամ ևս ուզում եմ նշել, ամենակարևոր խնդիրը՝ խուսափել հնարավոր բացասական զարգացումներից», - ասաց Հարությունյանը։

Հակադարձելով ընդդիմադիրների այն քննադատությանը, թե իշխանությունը սեփական վերարտադրությունից բացի այլ շարժառիթ չունի սահմանադրական փոփոխություններն անցկացնելու, Հարությունյանն ասաց. - «Նախ, վերարտադրություն բառը քաղաքական ոլորտում, կարծում եմ, միակ իմ ենթադրությունն այն է, որ խոսքը գնում է նրա մասին, որ գործող իշխանությունը պրակտիկորեն չի ունենում այլընտրանք և շարունակում է պաշտոնավարել։ Նմանատիպ զարգացումներ տեղի են ունենում այն երկրներում, որոնք հենց կիսանախագահական համակարգի վրա են հիմնված»։

Նրա խոսքով, բոլորը, ովքեր կիսանախագահական երկրում իշխանություն են վայելում, շատ լավ գիտակցում են, թե ինչպիսի հորձանուտում կհայտնվի երկիրը, եթե քաղաքական ուժը փոխվի։ «Օրինակ՝ հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ խորհրդարանը փոխվեց, և առաջացավ բախում նախագահի և խորհրդարանի միջև։ Եվ հակառակը՝ եթե խորհրդարանում արդեն առկա է մեկ ուժ, և հերթական ընտրությունները նախագահական են, շատ լավ գիտակցում են, թե դարձյալ այդ բախումը ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Սա՝ այդ գիտակցումը վտանգների, երկրի համար, շատ հաճախ դրդում է ցանկացած եղանակով հասնել իշխանության, կարելի է ասել՝ չակերտավոր բարի նպատակներով, որպեսզի երկիրը չհայտնվի այդ հորձանուտում», - ասաց կառավարության աշխատակազմի ղեկավարը՝ պնդելով, որ հենց խորհրդարանական համակարգերն են, որ իրականում բերում են իրական, քաղաքական հիմնավորումներով իշխանափոխության։

«Ազատության» հարցին, թե Սերժ Սարգսյանը շարունակելո՞ւ է ղեկավարել երկիրը, Հարությունյանը պատասխանեց. - «Սերժ Սարգսյանը կուսակցության ղեկավար է, որն այսօր իշխանություն է վայելում երկրում, իշխանության գլուխն է, և եթե այդ նույն կուսակցությանը հաջողվի հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստանալ մեծամասնություն՝ իհարկե։ Եթե Սերժ Սարգսյանը շարունակի մնալ կուսակցության ղեկավար, բնականաբար, նա կունենա մեծ ազդեցություն երկրի քաղաքական զարգացումների վրա, եթե այդպես տեղի չունենա, օրինակ՝ իշխանությունը ձևավորվի կոալիցիոն, իհարկե՝ իրավիճակն էապես կարող է փոխվել, եթե Հանրապետական կուսակցությունը չհաղթի, արմատապես իրավիճակը կարող է փոխվել»։

«Այս համակարգն է ստեղծում նախադրյալներ, որպեսզի տեղի ունենա երկրում խաղաղ իշխանափոխություն», - վերստին վստահեցրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:

«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման հոկտեմբերի 18-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

XS
SM
MD
LG