Մատչելիության հղումներ

Բալասանյանը չի բացառում, որ կգլխավորի «Այո»-ի շտաբը Գյումրիում


Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով, ինչպես ինքը փոխանցեց, գործող Սահմանադրության համահեղինակներից է, պնդեց, թե նոր նախագիծն ավելի լավն է ու զարգացման նոր հնարավորություններ է ընձեռում:

«Ազատության» հետ զրույցում Գյուրմիի քաղաքապետն ասաց․ - «Չէի ուզենա, որպեսզի այդպիսի տեսակետ լիներ, որ Գյումրին ընդդիմադիր քաղաք է: Բայց այստեղ միանշանակ «այո» եմ ասելու, և ես մեր հասարակությանն եմ խնդրելու, որպեսզի «այո» ասեն»:

Օրեր առաջ տեղեկատվություն տարածվեց, թե ոստիկանությունն արդեն սկսել է ներկա-բացակա անել քաղաքի բնակիչներին:

Հարցին, թե արդյոք իրենից պահանջում են անհրաժեշտ թվով ձայներ ապահովել, Բալասանյանն արձագանքեց․ - «Այս պահին որևէ բան չկա․․․ նման տեսակետ, նման խոսակցություն․․․ Կապրենք՝ կտեսնենք»:

Բալասանյանը, ով, ինչպես ինքը փոխանցեց, գործող Սահմանադրության համահեղինակներից է, պնդեց, թե նոր նախագիծն ավելի լավն է ու զարգացման նոր հնարավորություններ է ընձեռում․ - «Պարզ է, որ սահմանադրական բարեփոխումներից հետո տարբեր տեսակի նոր օրենքներ են ընդունվելու, և դա տեղական ինքնակառավարման մարմինների հետ կունենա լուրջ խնդիրներ, որի հետ կապված ես լուրջ կաշխատեմ, որպեսզի իմ առաջարկությունները նույնպես կարողանանք Ազգային ժողովի պատգամավորների կամ թեկուզ կառավարության միջոցով առաջարկել: Էն կետն է հասունացել, որ բարեփոխումները քաղաքի համար կբերեն լավ պտուղներ»:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզի պատասխանատուների հետ: Գյումրիի քաղաքապետն այդ խորհրդակցությանը հրավիրված չէր:

Դրանից անմիջապես հետո Բալասանյանը ոչ միայն շտապեց ցրել կասկածները իր և նախագահի միջև տարաձայնությունների մասին, այլև հատուկ ուղերձ տարածեց «Գյումրին առանց տնակների» ծրագրի մասին․ - «Այդ ծրագրի համար անհրաժեշտ է ձևավորել լրիվ թափանցիկ հիմունքներով գործող, հասարակության վերահսկողության տակ գտնվող հիմնադրամ: Այս նպատակի համար կկազմակերպվի նաև դրամահավաք: Նաև ասեմ, որ հիմնադրամում առաջին ներդրումը ես եմ անելու»:

Քաղաքապետը նաև հայտարարեց, որ այսօր՝ երկրաշարժից 27 տարի անց, հազարավոր գյումրեցիներ ապրում են անմարդկային պայմաններում և երդվեց, թե աշխատավարձ չի ստանալու, քանի դեռ կա տնակում բնակվող թեկուզ մեկ գյումրեցի:

XS
SM
MD
LG