Մատչելիության հղումներ

Երևանում մեկնարկել է «Հայոց ցեղասպանություն -100․ ճանաչումից հատուցում» միջազգային գիտաժողովը


Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) այսօր մեկնարկեց «Հայոց ցեղասպանություն -100․ ճանաչումից հատուցում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը:

Այն թվով 12-րդն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում ու արտասահմանում անցկացված գիտաժողովների շարքում:

Երկօրյա այս գիտաժողովի ծրագիրը խիստ հագեցած է․ ավելի քան 100 զեկույց պիտի ընթերցվի հայ և արտասահմանից ժամանած գիտնականների կողմից Հայոց ցեղասպանության ողջ ժամանակահատվածն ու ամենատարբեր ուղղություններն ընդգրկող թեմաներով:

Գիտաժողովի առաջին բանախոսը ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն էր: «Ազատության» հետ հարցազրույցում, անդրադառնալով Թուրքիայի 100-ամյա ժխտողականության պարագայում ոչ միայն ճանաչման, այլև փոխհատուցման պահանջ բարձրացնելու իրատեսական լինելուն, ասաց, որ այդ հարցը պիտի բարձրացվեր թերևս 50 տարի առաջ․ - «Բավական է հիսուն տարի մենք խոսենք ճանաչման մասին այն դեպքում, երբ Արևմտյան Հայաստանում՝ իրենց հայրենիքում մինչև երեք միլիոն հայեր էին ապրում, և այդ հայությունը այլևս Ցեղասպանության արդյունքում չկա: Այդ խնդիրը վիճարկել, նշանակում է զրոյական վիճակից թուրքական ժխտողականության քաղաքականության ցանցի մեջ հայտնվել: 1965 թվականին, երբ մարդիկ փողոց էին դուրս եկել Երևանում և բացականչում էին «Հողերը, հողերը», դրանով նշում էին, որ նրանք հայրենիքն են ուզում վերադարձնել, այլ ոչ թե թուրքական մերժողականության դեմ են պայքարում: Մինչդեռ արդյունքում ստացվեց այնպես, որ այդ ճանաչման գործընթացը գերադասեց մեզ մոտ հատուցման խնդրին, և հողերի, հայրենիքի վերադարձման խնդիրը երկրորդ պլան մղվեց: Բարեբախտաբար, վերջապես հարյուր տարի անց մենք եկանք ճիշտ ուղու վրա»:

Ռուս միջազգայնագետ, պրոֆեսոր Իգոր Կրյուչկովը ասաց, որ անգամ իրենց մոտ՝ Ստավրոպոլի հյուսիսկովկասյան պետական ինստիտուտում են այս տարի միջազգային գիտաժողով հրավիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ․ - «Մեզ հաջողվեց նաև այդպիսով մեր հասարակության ուշադրությունը սևեռել այս տարելիցի վրա»:

Կրյուչկովն այս տարի Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտական աշխատություն է հրատարակել, և այսօր բանախոսությամբ հանդես եկավ գիտաժողովում:

Գիտաժողովի մեկ այլ բանախոս՝ Գերմանիայից ժամանած Միշել Հեսեմանը շատ հետաքրքիր զեկուցմամբ հանդես եկավ՝ «Վատիկանը և 1915-16 թվականների Հայոց ցեղասպանությունը»՝ ցավով շեշտելով, որ տարբեր երկրներում՝ այդ թվում Վատիկանում, դեռ մինչև այժմ ամբողջովին ուսումնասիրված չեն արխիվները, որոնք հսկայական քանակությամբ գիտական նյութեր են պարունակում:

«Ազատության» հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը՝ Հեսեմանն ասաց, թե քանի դեռ այդ երկրում Էրդողանի իշխանությունն է ո՛չ ճանաչման, ո՛չ էլ փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող․ - «Հիտլերի բռնապետության անկումից հետո Գերմանիան ոչ միայն ընդունեց իր գործած հանցանքը՝ Հոլոքոստը, այլև փոխհատուցեց: Իսկ Թուրքիան մինչև հիմա սպասում է, որ հայերը պիտի գնան ու ընկնեն իր ոտքերն ու ներողություն խնդրեն, որ թուրքերի են սպանել: Բայց չէ՞ որ սա բացարձակ աբսուրդ, անհեթեթ իրավիճակ է»:

Գերմանացի պատմաբանը Էրդողանի ռեժիմի հետ որևէ հույս չի կապում, սակայն հույս ունի, որ Թուրքիայում նոր՝ ազատ մտածողությամբ սերունդ է գալիս, որն ի վերջո մի օր կղեկավարի երկիրը, ու հենց այդ ժամանակ էլ Թուրքիան ոչ միայն կընդունի իր գործած հանցագործությունն ու կփոխհատուցի հայ ժողովրդին, այլև ներողություն կխնդրի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG