Մատչելիության հղումներ

Եվրամիությունը չորս ամսով դադարեցնում է Բելառուսի դեմ պատժամիջոցները


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Հոկտեմբերի 11-ի ընտրությունները, այդուհանդերձ, եվրոպացի դիտորդների կոշտ քննադատությանն են արժանացել:

Եվրամիության խորհուրդը որոշել է հունվարից չորս ամսով դադարեցնել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները: Այդ մասին երեկ Լյուքսեմբուրգում հայտնել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը:

Եվրամիության ներկայացուցիչների մեկնաբանությամբ, չնայած Բելառուսի նախագահի ընտրությունների վերաբերյալ դիտորդների կոշտ քննադատությանը՝ նման որոշում են կայացրել, քանի որ մինչ այդ երկրի իշխանություններն արդեն ազատել էին քաղաքական բանտարկյալներին:

Որոշումը, ըստ Լյուքսեմբուրգում իրադարձություններին հետևող լրագրողների, վերաբերում է այն պաշտոնյաներին, որոնց մուտքն արգելվել էր Եվրամիության տարածք և որոնց հաշիվները սառեցվել էին արևմտյան բանկերում:

Ավելի վաղ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը հայտարարել էր, որ մինչև ամսվա վերջ Եվրամիությունը պետք է վերացնի Ալեքսանդր Լուկաշենկոյի և ավելի քան 100 պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները:

Անցյալ շաբաթ Եվրամիությունը հայտարարեց, որ Բելառուսի մոտ 140 պաշտոնյաների, այդ թվում` նախագահի դեմ սահմանված պատժամիջոցները կարող են վերացվել, եթե այդ երկրում հոկտեմբերի 11-ի նախագահական ընտրություններն անցնեն առանց լուրջ խախտումների:

Սակայն երեկ ԵԱՀԿ-ի և Եվրախորհրդի դիտորդները դժգոհություն հայտնեցին ընտրությունների կապակցությամբ։ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության ղեկավարը հայտարարեց, որ Բելառուսը դեռ պետք է երկար ճանապարհ անցնի՝ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու իր պարտավորությունը կատարելու համար։

Բելառուսի նկատմամբ Եվրամիության հետագա քայլերին անդրադառնալով՝ Լիտվայի արտգործնախարարն ասել է, որ Եվրամիության նպատակը ոչ թե Բելառուսի առաջընթացի արգելակումն է, այլ առաջընթացի տարբերակ ապահովելը:

Լուկաշենկոն, իր հերթին, նախօրեին ասել է, թե Արևմուտքը համոզվել է, որ «պատժամիջոցները վնաս են, և տեսան, որ Բելառուսը պարկեշտ պետություն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG