Մատչելիության հղումներ

Եվրոպացի դիտորդները «ժողովրդավարությանը հակասող» են համարում Բելառուսի ընտրությունները


Ալեքսանդր Լուկաշենկոն ընտրատեղամասում ողջունում է դիտորդներին, 11-ը հոկտեմբերի, 2015թ.
Ալեքսանդր Լուկաշենկոն ընտրատեղամասում ողջունում է դիտորդներին, 11-ը հոկտեմբերի, 2015թ.

Լուկաշենկոն հինգերորդ անգամ է պահպանում նախագահի պաշտոնը։

Բելառուսում երեկ անցկացված նախագահի ընտրություններում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է քվեների 83 տոկոսը: Երկրի նախագահի պաշտոնը 21 տարի չզիջող Լուկաշենկոյից հետո երկրորդ հորիզոնականում ընդդիմադիր Տատյանա Կորոտկևիչն է, նա ստացել է 4 տոկոս ձայն: Նա եռօրյա ժամկետում պատրաստվում է բողոքարկել ընտրությունների արդյունքը:

ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի դիտորդները «ժողովրդավարությանը հակասող» են որակել Բելառուսում տեղի ունեցած ընտրությունները: Դիտորդական առաքելության ղեկավար Քենթ Հասթեդը հայտարարել է.- «Ակնհայտ է, որ Բելառուսը դեռ պետք է երկար ճանապարհ անցնի՝ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու իր պարտավորությունը կատարելու նպատակով»։

Դիտորդական առաքելությունը հիասթափվել է, որի հետևանքով դիտորդները չեն կարողացել տեսանելի հեռավորությունից հետևել ձայների հաշվարկին:

Մինչդեռ, Լուկաշենկոն երեկ հայտարարում էր.- «Ամենն, ինչ ընտրությունների նախօրեին ուզում էր տեսնել Արևմուտքը, խոստովանում եմ անկեղծորեն, մենք արեցինք: Ամեն ինչ»։

Ընտրություններից դժգոհել են նաև տեղական կազմակերպությունները: «Իրավապաշտպաններ հանուն արդար ընտրությունների» կազմակերպության գնահատմամբ, ընտրությունները հակասում են Բելառուսի օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին:

«Հերթական անգամ բելառուսական ընտրությունների ժամանակ չկա վստահություն հանձնաժողովի հրապարակած տվյալների նկատմամբ»,- գնահատել է Բելառուսի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ալեգ Գուլագը:

«Հանուն արդար ընտրությունների» շարժման համակարգող Վիկտոր Կորնիենկոն պնդել է՝ թափանցիկ չէ ընտրական գործընթացը՝ սկսած հանձնաժողովների ձևավորումից, որոնց կազմում չկան անկախ անդամներ, վերջացրած քվեաթերթիկների հաշվարկով:

«Ցինիկ կեղծարարություն, թատրոնի ցինիկ բեմադրություն է այն, ինչ իշխանությունները մեզ ներկայացնում են իբրև ազատ և արդար ընտրություններ, իբրև ընտրված իշխանություն։ Դրանք Բելառուսի բոլոր քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներ են»,- ասել է «Ընտրական իրավունք» շարժման ներկայացուցիչ, Բելառուսի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության համանախագահ Վիտալի Ռիմաշևսկին:

Քվեարկությունից հետո երեկ երեկոյան Մինսկում բողոքի ակցիա և երթ են անցկացրել ընդդիմադիր ուժերը, իրավապաշտպանները (մոտ 200 քաղաքացի) «ընդդեմ բռնապետության» կոչերով:

Քվեարկությունից հետո Լուկաշենկոն վերահաստատել է Ռուսաստանի հետ սերտ կապերը պահպանելու մտադրությունը. - «Դա եղբայրական և մեզ ամենամոտ երկիրն է, դրանում կարող եք չկասկածել»,- ասել է ն։

Միևնույն ժամանակ Լուկաշենկոն հարկ է համարել հայտարարել.- «Եթե Արևմուտքի մոտ կա ձգտում վերականգնելու հարաբերությունները մեզ հետ, ոչ ոք և ոչինչ չի խանգարի»։

Այսօր Լյուքսեմբուրգում Եվրամիության արտգործնախարարները քննարկում են Բելառուսի ընտրությունների վերաբերյալ դիտորդների գնահատականները և 2010 թվականի ընտրություններից հետո սահմանված պատժամիջոցների հարցը: 2010 թվականին Լուկաշենկոյին վերագրվող քվեներն, ըստ պաշտոնական տվյալների, ավելի «համեստ» էին, քիչ էին մոտ 5 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG