Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի հավաքականի երկրպագուները փորձառու մարզիչ են պահանջում


Սարգիս Հովսեփյանը խաղից հետո միայն ասաց, որ ամեն ինչ շատ վատ էր, իր գլխավորած թիմը «անթասիբ» խաղաց։

Հայաստան-Ալբանիա խաղի վերջին րոպեներին արդեն տրիբունաներում ֆուտբոլասերները հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի հրաժարականն էին պահանջում։

«Սաքո՛, հեռացիր»,- վանկարկում էին նրանք։ Նաև մեծ պաստառ պարզեցին, որտեղ գրված էր՝ «Պահանջում ենք մարզիչ»։ Հավաքականի այս մրցաշրջանի ելույթները ֆուտբոլասերները վատագույնն են համարում։ Երկրպագուների ՖԱՖ ակումբի անդամ Սերգեյը պատմեց, որ երեկ Ալբանիայի խփած երկրորդ գոլից հետո պարզապես լռել են։

«Կարող է Սարգիս Հովսեփյանը լավ անձնավորություն է... կարելի է էսպես թվարկել, բայց նա մարզիչ չէ, մենք պարզ մենք դիրքորոշումը հայտնեցինք, որ մարզիչ ենք ուզում, պահանջում, փորձառու, ճանապարհ անցած մարզիչ, ով մեր այս հավաքականի հետ արդյունք ցույց կտա, ոչ թե խայտառակությունների շարան»,- ասաց երկրպագուն։

3.0 հաշվով Ալբանիային պարտվելուց հետո հավաքականի մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել. միայն կարճ հայտարարությամբ հանդես եկավ՝ մի քանի անգամ կրկնելով, որ ամեն ինչ վատ էր։

«Դրա մեղավորը ես եմ, բայց սա ֆուտբոլ է, այսօր խաղադաշտում միայն մի թիմ տեսանք, դա Ալբանիայի հավաքականն էր։ Ոչ մի լավ բան չտեսա, մենք բոլորս այսօր շատ վատ էինք ու անթասիբ ֆուտբոլ խաղացինք։ Իհարկե, մարզչի համար շատ դժվար է այսպիսի խաղերից հետո, որովհետև հասկանում եմ, որ ամբողջ պատասխանատվությունը ինձ վրա է»,- ասաց Հովսեփյանը։

Հովսեփյանի կարծիքով՝ իրենք վատ են աշխատել, ասաց, որ փորձել է օգնել հավաքականին, բայց չի ստացվել։ Լավ խաղեր, նրա կարծիքով, հավաքականը անցկացրել է, բայց երեկ Ալբանիայից կրած պարտությունը ամեն ինչ ջնջել է։

ՖԱՖ ակումբից Սերգեյի կարծիքով հավաքականը վերադառնում է 90-ականների մակարդակին։ Ֆուտբոլասերի խոսքով՝ խնդիրները շատ են, սկսած մարզչի ընտրությունից, մինչև թիմի ձևավորում, մի շարք ֆուտբոլիստներ չեն հրավիրվում հավաքական, ինչը, ըստ նրա, սխալ է.- «Իրենց գործը անում են դաշտում, բայց հաղթանակի ձգտում, նվիրում չի երևում նրանց մեջ։ Կարծում եմ՝ դա էլ ունի իր խորքային պատճառները։ Ամեն մեկը մի բանից հիասթափված է, խմորումներ կան թիմում»։

Այսօր առավոտից սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում էր մի հոդված, որի հեղինակը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին է մեղադրում հավաքականի անհաջողությունների մեջ։ sports.ru-ի հայազգի բլոգեր Արարատ Մամբրեյանը «Հայկական գերմանացի, կամ ինչպես են սպանում հայկական ֆուտբոլը» իր հոդվածում գրում է, որ Հայրապետյանը թույլ չի տալիս մարզիչներին աշխատել, միջամտում է հավաքականի կազմի ընտրությանը։

«Ազատության» հետ զրույցում Մամբրեյանը ասաց, որ իր կարծիքով, եթե Հայրապետյանը լավ աշխատեր, հավաքականը նման արդյունքներ ցույց չէր տա.- «Ինչո՞ւ Ալբանիան, Իսլանդիան, Ավստրիան և նման հավաքականները կարողանում են հասնել մեծ հաջողությունների, իսկ մենք, ունենալով Մխիթարյան, Մովսիսյան և այլ տաղանդներ, չենք կարողանում բարձրագույն արդյունքի հասնել։ Ռուբեն Հայրապետյանը կամ պիտի հեռանա իր պաշտոնից կամ ամբողջովին փոխի իր հայացքը մեր ֆուտբոլի նկատմամբ»։

Ինքը՝ Ռուբեն Հայրապետյանը ասուլիսների ընթացքում բազմիցս է հրապարակավ ասել, որ այս կամ այն ֆուտբոլիստը հավաքական չի հրավիրվելու։ Երեկվա պարտությունից հետո Ֆուտբոլի ֆեդերացիան լռում է, հեռախոսազանգերին ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և խոսնակը չէին պատասխանում։

Քննարկվում է նաև նախկին մարզիչ Վարդան Մինասյանին վերադարձնելու հարցը, սակայն նա այսօր «Ազատության» հետ զրույցում իր հնարավոր վերադարձի մասին չցանկացավ խոսել։

Երկրպագուների ՖԱՖ ակումբում միայն պաստառով չեն սահմանափակվելու։ Նոր մարզիչ հրավիրելու համար առաջիկայում ակումբը նոր գործողություններ կիրականացնի։

XS
SM
MD
LG