Մատչելիության հղումներ

Երևանում է Շառլ Ազնավուրը


Երևանում է Շառլ Ազնավուրը։ 91-ամյա աշխարհահռչակ երաժշտի յուրաքանչյուր այց հայրենիք ուրախություն, ժպիտ ու հուզմունք է պատճառում բոլորին։ Այսօր նրա հետ փողոցում պատահական հանդիպումը ուրախացրել էր հատկապես փոքրիկ երեխաներին։

Ազնավուրն ասաց՝ Երևանում իրեն շատ լավ է զգում, իրեն երկարակեցություն մաղթող կնոջը պատասխանելով էլ նկատեց.- «Արդեն կյանքը երկար է»։

Ֆրանսահայ շանսոնյեն հրավիրվել է մասնակցելու հոկտեմբերի 10-11-ը Երևանում մեկնարկող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպվող մշակութային ուշագրավ ձեռնարկներին։ Դրանցից գլխավորն, իհարկե, հոկտեմբերի 10-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունենալիք Ազնավուրի բարեգործական համերգն է։

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում 80 պետություններից Երևան ժամանող արտաքին գործերի նախարարները և համաժողովի մյուս պատվիրակները՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության անդամները՝ թվով 500 հոգի, առաջիկա օրերին հնարավորություն կունենան ունկնդրել ոչ միայն Շառլ Ազնավուրին, այլև Ֆրանսիայից և Հայիթիից ժամանող երաժշտական խմբերին, որոնց կատարումները նախատեսվում են Երևանում և Գյումրիում։

Ազնավուրը Երևանում կմնա մինչև կիրակի գիշերը՝ այսպիսով հայրենիքում անցկացնելով երեք օր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG