Մատչելիության հղումներ

Սաֆարյան. Տոնակատարությունների ծախսերը համաչափ չեն Երևանի խնդիրներին


Երևանի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում, 8-ը հոկտեմբերի, 2015թ․
Երևանի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում, 8-ը հոկտեմբերի, 2015թ․

Ավագանու ընդդիմադիր «Բարև Երևան» խմբակցության անդամը գրությամբ կդիմի քաղաքապետարան՝ պահանջելով «Էրեբունի-Երևան»-ի ծախսերի նախահաշիվը։

«Էրեբունի-Երևան» տոնակատարության նախապատրաստական վերջին աշխատանքներն են ընթանում, սակայն քաղաքապետարանն առ այսօր հրաժարվում է ներկայացնել տոնակատարության ծախսերի նախահաշիվը։

Ավագանու ընդդիմադիր «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը պատրաստվում է գրությամբ դիմել քաղաքապետարան՝ այդ ծախսերի նախահաշիվը տրամադրելու պահանջով։

«Մենք «Բարև Երևան» խմբակցության նիստ գումարեցինք։ Եվ քանի որ, ցավոք սրտի, ընթացակարգն այնպիսին է, որ մենք հնարավորություն չունենք հաստատելու կամ դիրքորոշում հայտնելու «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների համար ծախսվող միջոցների կապակցությամբ, որովհետև այդ գումարները ներառված են լինում արդեն 2015 թվականի բյուջեում, և փաստացի հենց այդ ժամանակ են հաստատվել, բնականաբար, մեզ ոչինչ չի մնում, քան պարզել, թե կոնկրետ որ միջոցառումների վրա ինչպիսի միջոցներ են ծախսվում», - ասաց Սաֆարյանը «Ազատության» հետ զրույցում։

Ավագանու անդամն ընդգծեց, որ ստացել են և՛ միջոցառումների հրավիրատոմսերը, և՛ ծրագիրը, որտեղ թվարկված են մի քանի տասնյակ միջոցառումներ՝ սկսած ջրցան մեքենաների շքերթից, հուշարձանների լվացումից, ինչ-որ կարաոկե համերգներ և այլն։ «Գրություն կուղարկեմ Երևանի քաղաքապետին՝ խնդրելով ներկայացնել տող առ տող, ծրագիր առ ծրագիր, միջոցառում առ միջոցառում նախատեսված ծախսերը», - նշեց Ստյոպա Սաֆարյանը։

Տոնը նշելու համար միջոցառման հովանավորներից հավաքված 30 միլիոն դրամից բացի, համայնքային բյուջեից ծախսվելու է ևս 130 միլիոն դրամ (ավելի քան 270 հազար դոլար)։

Օրերս հարյուրավոր քաղաքացիներ առցանց ստորագրահավաքով դիմեցին Երևանի քաղաքապետին՝ խնդրելով «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար ծախսվելիք գումարն ուղղել սահմանային գյուղերից մեկի հրատապ կարիքները հոգալուն։ Երևանի քաղաքապետարանը քննարկեց ու մերժեց քաղաքացիների պահանջը: «Պիտի հարգվի սահմանապահի՝ մեր զինվորի ոգին, և միջոցառումները կայանան», - ասել էր փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։

Ըստ Ստյոպա Սաֆարյանի, Երևան քաղաքում տոնակատարությունների վրա ծախսվող գումարները բացարձակապես համաչափ չեն այն խնդիրներին, որոնք ունի Երևան համայնքը։ «Մենք շարունակում ենք պնդել, որ այդ միջոցները կարող են ուղղվել և պետք է ուղղվեն առավել հրատապ խնդիրներին», - ասաց Սաֆարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG