Մատչելիության հղումներ

Ընդհարումներ՝ Էրդողանին հսկող բելգիական և թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների միջև


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բրյուսելում, 5-ը հոկտեմբերի, 2015թ․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բրյուսելում, 5-ը հոկտեմբերի, 2015թ․

Թուրքիայի նախագահը Բելգիա է մեկնել անցած կիրակի օրը: Երկուշաբթի նա ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում, իսկ նախօրեին հանդիպել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ:

Բելգիական RTFB հեռուստաընկերությունը հաղորդել է Բելգիայի և Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների միջև «կոշտ» ընդհարումների մասին, որ տեղի են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի Բրյուսել պաշտոնական այցի ընթացքում:

Առաջին միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը, երբ թուրք նախագահը ժամանել է «Պլաս Ստեֆանի» հյուրանոց, որտեղ նրան դիմավորել է թուրքական դրոշներով և փուչիկներով ամբոխը: Էրդողանի թիկնապահները կոպտորեն մի կողմ են հրել դիմավորող մարդկանց խումբը վերահսկող տեղական ոստիկանության ներկայացուցիչներին:

Երկրորդ լուրջ ընդհարումը, որը գրեթե ծեծկռտուքի է վերածվել, տեղի է ունեցել հաջորդ օրը՝ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, որտեղ Էրդողանը պետք է ելույթ ունենար: Այս անգամ պատճառը շենքի անվտանգության ստուգումներն են եղել:

Հեռուստաընկերությունը, վկայակոչելով մի քանի աղբյուրներ, հաղորդում է, որ թուրքական առաջնորդի թիկնապահները արհամարհել են անվտանգության հարցերով բելգիացի գործակալների պայմանները, պնդելով, որ հենց իրենք պետք է շենքում ստուգումներ անցկացնեն, ինչն էլ արել են:

Բելգիական կողմն այս քայլն ընկալել է որպես «իրենց աշխատանքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք», թուրքերին հիշեցնելով, որ նրանք աշխատում են օտար երկրի տարածքում: Դրանից հետո թուրքական անվտանգության աշխատողներից մեկը բռունցքով հարվածել է բելգիացի գործընկերոջը, ինչից հետո էլ բելգիացի ոստիկանները ծեծել են թուրք թիկնապահին ու տապալել գետնին:

Բելգիայի Անվտանգության ծառայությունը Էրդողանի այցի հետ կապված իրավիճակը բնութագրել է որպես «բարդ և լարված»,- նշում է բելգիական հեռուստաընկերությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG