Մատչելիության հղումներ

«Հայփոստի» Գյումրիի մասնաճյուղի տասնյակ աշխատակիցներ մնացին անգործ


«Հայփոստի» Գյումրիի մասնաճյուղի դռներն արդեն մի քանի օր է` փակ են. կառույցը միավորվել է Սպիտակում գործող Հյուսիսային բաժանմունքի հետ՝ ավելի քան մեկ տասնյակ աշխատակիցներին թողնելով գործազուրկ:

«Հայփոստի» գյումրեցի աշխատակիցներին առաջարկվել է շարունակել աշխատանքը Սպիտակում, սակայն որևէ մեկը չի համաձայնել 55 հազար դրամ աշխատավարձով ամեն օր 100 կմ կտրել-անցնել:

«Ուղղակի ձևի համար են այդ առաջարկը արել», - ասում են «Հայփոստի» արդեն նախկին աշխատակիցները։

Գործազուրկ դարձած գյումրեցիները պնդում են, որ «Հայփոստն» իրենց ժամանակին չի տեղեկացրել մասնաճյուղը լուծարելու մասին, հիմա ստիպված են արտագաղթի ճամփան բռնել: «Հայփոստի» Գյումրիի մասնաճյուղի աշխատավարձի ֆոնդը մոտ 750 հազար դրամ է, ասում են նրանք, մի՞թե դա շատ համարեցին գործազրկության ու աղքատության բարձր ցուցանիշ ունեցող քաղաքում:

«Դիմում գրեցինք երկրի նախագահին, խնդրեցինք, որ ժամանակավորապես կասեցնեն այս որոշումը, մինչև մեզ խելամիտ առաջարկներ անեն, ոչ թե օդի միջից հապճեպ, մի շաբաթում մարդկանց ճակատագրերի հետ խաղան, ընտանիքներ կործանեն։ Մարդը թեկուզ այդ 55 հազարով ստիպված աշխատում էր, գիտենալով, որ Գյումրիում ինչքան դժվար է աշխատանք գտնելը։ Հիմա դրանից էլ է զրկվում», - ասում էին նրանք։

Ի դեպ, երկու մասնաճյուղերը միավորելու որոշումը կայացվեց «Հայփոստը» վաճառքի հանելու` կառավարության որոշումից մի քանի օր անց։ «Հայփոստի» Գյումրիի մասնաճյուղի նախկին տնօրեն Թորգոմ Գևորգյանը, սակայն, պնդում է` մեկը մյուսի հետ կապված չէ, և այժմ օպտիմալացման գործընթացներ են նաև մյուս մարզերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG