Մատչելիության հղումներ

Գործազրկությունը պաշտոնական տվյալներով աճել է 13 տոկոսով


Գործազուրկ տղամարդիկ Չարենցավանում
Գործազուրկ տղամարդիկ Չարենցավանում

Այս տարի Հայաստանում գործազրկության մոտ 13 տոկոսի աճ կա՝ ըստ պաշտոնական տվյալների։ 2015 թվականի առաջին ութ ամիսների դրությամբ Հայաստանում պաշտոնապես գործազուրկ է 74 հազար մարդ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 65 հազարի փոխարեն։

Տնտեսական վերլուծաբանների խոսքով, սակայն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության այս տվյալները իրականում չեն արտացոլում գործազրկության պատկերը։ Վերլուծաբան Հայկ Գևորգյանն ասում է՝ աշխատանք փնտրողներն առնվազն կրկնակի շատ են։

«Իրականում, ըստ փորձագիտական գնահատականների, Հայաստանում գործազուրկ է ավելի քան 140-150 հազար մարդ։ Գործազրկությունը կարող է հասնել մինչև 26-27 տոկոսի»,- նշեց Գևորգյանը։

Պաշտոնապես գրանցված գործազուրկների թվով Հայաստանի մարզերից առաջին տեղում Շիրակն է, երկրորդում՝ Լոռին, երրորդում Երևանի հարևանությամբ գտնվող Կոտայքի մարզն է՝ այստեղ պաշտոնապես գործազուրկ է 7 հազար մարդ, Չարենցավան քաղաքի բնակիչները, մինչդեռ, պնդում են, որ իրականում միայն իրենց քաղաքում այդքան գործազուրկ կլինի։

«Զավոդները փակել են, երկու հատ էլ կա՝ իրենց սեփականն է, հինգ օր աշխատացնում են, ասում են՝ չորս օր տունը մնացեք։ Էս ամենաաղքատ քաղաքն է։ Էն ժամանակ առաջին տեղն էր, հիմա՝ ամենավերջին»։

Չարենցավանցիները չեն հիշում, թե երբ են վերջին անգամ բարձրաստիճան պաշտոնյայի տեսել իրենց քաղաքում։ Ավելի շուտ Մարսից մեկը այստեղ կգա, քան Հայաստանի կառավարությունից, հեգնում են նրանք։

«Ես երկու երեխա ունեմ, մեկը Ֆրանսիայում է, մեկն էլ ստեղ, աշխատանք չունի։ Էն էրեխեն է մի քիչ մեզ պահում, թե չէ աղբամանների մեջ ման կգայինք»։

Այստեղ ոչ միայն թոշակառուներն են ապրում արտասահմանում բնակվող հարազատների օգնության հաշվին, այլ նաև երիտասարդները։ 25-ամյա Գոհար Հունանյանը Չարենցավանի պաշտոնապես չգրանցված գործազուրկներից մեկն է։ Ընդունվել է Մանկավարժական համալսարան, ապա Ռուսաստան մեկնելու պատճառով ուսումը կիսատ է թողել։ Արդեն հինգ տարի է՝ Չարենցավան է վերադարձել, աշխատանք է փնտրում։ Մինչ գտնելը ապրում է Ռուսաստանից հոր և եղբոր ուղարկած գումարի շնորհիվ։

«Տանն եմ մայրիկիս հետ, տնային գործերով եմ զբաղվում, ուրիշ ոչ մի բան։ Կցանկանայի հագուստի կամ կոշիկի խանութներում աշխատել»,- ասում է նա։

Չարենցավանում ընտանիք չկա, որտեղ մեկը կամ մի քանիսը գործազուրկ չեն, պնդեց բնակիչներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG