Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիների կրակոցներից փլվել է բազմազավակ ընտանիքի տունը


Սահմանամերձ Պառավաքարի բնակչուհի Նելլի Սարգսյանը արդեն մեկ շաբաթ է` հինգ անչափահաս երեխաների հետ փաստացի փողոցում է մնացել։ Չորրորդ կարգի վթարային տունը փլուզվել է ադրբեջանցիների կրակոցներից։ Տան պատերը փլվել են այն ժամանակ, երբ երեխաները ճաշելիս են եղել։

«Ցնցումներ եղան, աղջիկս ասեց՝ մամ, տունն ա, ասեցի՝ չէ, երեխեք ջան, բան չկա։ Էդ պահին կրակոց էլ էր, ես թաքցրի, որպեսզի չվախեն, ասեցի՝ երեխեք ջան, ոչ մի կրակոց ու ցնցում չկա։ Պահի տակ տան կեսը փլվեց», - պատմում է Սարգսյանը։

Պետությունից փոխհատուցում ստանալու հույս չունեն. քանդված տունն իրենցը չէր։ Ամուսնուց բաժանվելուց հետո Նելլին երեխաների հետ բազմաթիվ տներ է փոխել, սա վերջինն էր: Հայրենի գյուղը թեև սահմանից եկող կրակոցների պատճառով անվտանգ չէ, սակայն Սարգսյաններն այն լքել չեն ցանկանում։ Նելլիի մայրը՝ Սվետա Սարգսյանը, պատմում է, որ տուն ստանալու խնդրանքով անգամ մարզպետին են դիմել։

«Պետությունը ոչինչ չի անում, դրամական ոչ մի օգնություն չեն անում, մարզպետը եկել ա տեսել՝ չի օգնում, ոչ մի բանով չեն ընդառաջում։ Ոչ մեկն էլա չի օգնում, ժողովուրդն էլ փախած գնում ա», - ասում է նա։

Համագյուղացիներից մեկը ընտանիքին ժամանակավոր կացարան տրամադրել է, սակայն այստեղ ևս երկար մնալ չեն կարող։ Նելլին պատմում է, որ ստիպված է նախորդ գրանցումից դուրս գալ, թեև այդ դեպքում կզրկվի նաև 57 հազար դրամ նպաստից, որն ընտանիքի միակ հաստատուն եկամուտն է։ Աշխատանք չունի։ Ավագ դստեր հետ խաղողաքաղի ժամանակ է միայն կարողանում մի փոքր գումար վաստակել։

«Կրակոցների տակ ընկնելու վախով այգում աշխատում ենք, որ գոնե կարողանանք ձմռան վառելափայտը գնել ու դասագրքերի գումարը վճարել», - ասում է բազմազավակ մայրը՝ շարունակելով. - «22 հազար 600 դրամ ա գրքերի փողը։ Առաջին դասարանինը անվճար ա, բայց էդ չորսինը էդքան գումար ա։ Ամբողջ ամառ տղերքս էլ են ինձ օգնել, այգում ցախ հավաքել ա, բան ա։ Աղջիկս էլ ինձ օգնել ա, եկել ենք խաղողաքաղի»։

Սահմանից մի քանի կիլոմետր հեռու ապրող ընտանիքում այսօրվա ճաշը բրնձով ապուրն է։ Մայրը պատմում է` գյուղի բոլոր խանութներին պարտք է։ Ամենամեծ խնդիրը, սակայն, սեփական տանիք ունենալն է։

«Կրակոցների տակ էլ պատրաստ ենք ապրել, միայն թե մեր տունն ունենանք», - ասում է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG