Մատչելիության հղումներ

«Աստծո» որդին․ ում հետ է հասցրել հանդիպել Լուկաշենկոյի 11-ամյա զավակը


Չինաստանից մինչև Վենեսուելա, զինավարժարաններից մինչև տնամերձ այգիներ փոքրիկ Կոլյան ուղեկցում է հորը:

Սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից բացի երկրի ներկայացուցիչների թվում էր նաև 11-ամյա Նիկոլայ Լուկաշենկոն: Փոքրիկ Կոլյան նստել էր Բելառուսի արտգործնախարարի և Բելառուսի նախագահի պաշտոնական ներկայացուցչի միջև: Նույն երեկոյան Բելառուսի նախագահը որդու հետ մասնակցել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի կողմից կազմակերպված ընդունելությանը և նույնիսկ լուսանկարվել Օբամա ամուսինների հետ:

Կրտսեր Լուկաշենկոն առաջին անգամ չէ մասնակցում համաշխարհային մասշտաբի իրադարձությունների: Առաջին անգամ Կոլյան հանրությանը ներկայացել է 2007 թվականին, երբ ընդամենը երեք տարեկան էր: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այն ժամանակ հայտարարել էր, թե ստիպված է ամենուր Կոլյային իր հետ տանել, քանի որ չկա մեկը, ում մոտ կարող է թողնել երեխային:

Մի շարք հանդիպումների ժամանակ հայր Լուկաշենկոն հայտարարել էր, թե որդին իր հնարավոր հետնորդն է, թեև Բելառուսի նախագահը հրապարակավ դատապարտել է ընտանեվարությունը:

Կոլյային հաճախ կարելի է տեսնել հոր հագուկապով և ոսկյա ատրճանակով, իսկ զինվորական շքերթների ժամանակ Բելառուսի գեներալները նրան պատիվ են տալիս:

Ոսկյա ատրճանակ

2009 թվականին Բրեստում՝ «Արևմուտք-2009» ռազմավարական վարժանքների ժամանակ ներկա էր նաև Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Լուկաշենկոն հանդիպման էր եկել Կոլյայի հետ և առաջին անգամ նրան ներկայացրել ռուսաստանցի գործընկերոջը, ով, իր հերթին, դատարկաձեռն չէր եկել Կոլյայի հետ հանդիպման՝ բելառուսցի պաշտոնակցի որդու համար ոսկյա ատրճանակ էր բերել: Մեդվեդևը նույնիսկ հետաքրքրվել է՝ արդյոք փոքրիկը հավանել է ատրճանակը: «Լավ ատրճանակ է, քանի որ այն նվիրել է Ռուսաստանի նախագահը»,- որդուն հուշել է Լուկաշենկոն:

Վենեսուելա

2012 թվականին Կոլյային պատիվ էր ընձեռվել այցելելու Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս: Այդ ժամանակ հայր Լուկաշենկոն հանդիպել էր երկրի նախագահ Ուգո Չավեսի հետ և քննարկել էներգետիկայի, արդյունաբերության, նավթարդյունահման և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Բելառուսական «Բելտա» լրատվական գործակալության հետ զրույցում ամփոփելով Վենեսուելա կատարած այցը, Լուկաշենկոն ասել է․ - «Ինչ-որ մեկը կասկածում էր Բելառուսի և Վենեսուելայի միջև համագործակցության հեռանկարների շուրջ: Այնտեղ ինձ հետ էր նաև որդիս՝ Նիկոլայը, և դա խոսում է այն մասին, որ մենք լրջորեն և երկարաժամկետ համագործակցության հիմք ենք դրել և գիտենք, թե ում ենք փոխանցելու դրոշը 20-25 տարի հետո»:

«Աստծո» որդին

Նիկոլայ Լուկաշենկոն «Արևմուտք-2013» վարժանքներին հետևում էր արդեն Վլադիմիր Պուտինի ներկայությամբ: Այդ անգամ, սակայն, նվերի մասին խոսք չկար: Ռուսաստանի առաջնորդի հետ Կոլյան վաղուց էր ծանոթ և հանդիպել էր բազմիցս:

Ալեքսանդր Լուկաշենկոն մի առիթով պատմել է, որ Պուտինը Նիկոլային «Աստծո» որդի էր անվանել: «Ասացեք խնդրեմ, քանի-քանի այսպիսի, ինչպես մեզ մոտ են ասում՝ արտամուսնական երեխաներ կան Բելառուսում և Ռուսաստանում, ինչպիսին Բելառուսի նախագահի որդին է: Քանի-քանի այդպիսի երեխաներ կան: Քանի-քանիսն են լքված», - ասել է Լուկաշենկոն՝ շարունակելով․ - «Թող սա օրինակ լինի այն մարդկանց համար, ում կյանքը այսպես է դասավորվել: Երեխա՞ է ծնվել՝ կարևոր չէ, թե ինչպես է ծնվել: Հենց այդ պահին Պուտինն ասաց՝ «Աստծուց»: Եվ ինչու ես պետք է թաքցնեմ այն, ինչ Աստծուց եմ ստացել»:

Սոչի

2014 թվականին կրտսեր Լուկաշենկոն ներկա է գտնվել Սոչիում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը և նախագահների համար կազմակերպված փակ ընդունելությանը: Այն ժամանակ Կոլյային նկատել են օթյակում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Չինաստան

2015 թվականի սեպտեմբերին դպրոց գնալու փոխարեն Կոլյան հոր հետ մեկնել է Չինաստան՝ մասնակցելու պատերազմի ավարտի 70-ամյակին նվիրված տոնակատարությանը: Այդ օրը դպրոցական Կոլյան ծանոթացել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և առաջին տիկնոջ հետ:

Ավագ Լուկաշենկոն հավաստիացնում է, որ որդու ճամփորդությունները չեն խանգարում ուսմանը: «Ինձ զեկուցում են, թե ինչեր են գրում. իբր նա ընդամենը մեկ օր է դպրոց գնացել, իսկ ընդհանրապես ուսուցիչներն են գալիս: Չկա այդպիսի բան: Իմ երեխան դպրոց է հաճախում, այն էլ՝ գյուղական դպրոց»,- ասել է Լուկաշենկոն:

Ժողովրդին մոտ

Բացի համաշխարհային մասշտաբի իրադարձություններին մասնակցելուց, Կոլյան նաև օգնում է հորը ժողովրդին մոտ լինելու հարցում: Այս տարվա օգոստոսին հայր ու որդի լծվել են մանկատան ու ծերանոցի համար նախատեսված կարտոֆիլ և ձմերուկ հավաքելու գործին: Մեկևկես ժամվա ընթացքում նախագահական ցանքատարածությունից հայր ու որդի Լուկաշենկոները հավաքել են ավելի քան 70 պարկ կարտոֆիլ:

Անցած ամռանը մանուկ Կոլյան հոր և ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեի հետ մեկնել էր նաև խոտ հնձելու:

Կոլյան եղել է նաև Վրաստանում, Հայաստանում՝ նախագահի հետ հանդիպմանը հոր ծնկներին էր նստել, իսկ Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆին անձամբ էր զբոսանքի տարել՝ էլեկտրական մեքենայով: Նա նաև անձամբ Հռոմի պապից օրհնություն է ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG