Մատչելիության հղումներ

Պուտինը հաստատում է՝ ռուսական ուժերը Սիրիայում աջակցում են Ասադին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տալիս CBS-ին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տալիս CBS-ին

Միաժամանակ, ըստ Ռուսաստանի նախագահի, պետք է ստիպել Սիրիայի գործող իշխանություններին՝ երկխոսություն սկսել ընդդիմության հետ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հաստատել է, որ ռուսական ուժերը այսօր գտնվում են Սիրիայում այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցելու նպատակով:

«Իմ համոզմամբ՝ ցանկացած գործողություններ, որոնք միտված կլինեն լեգիտիմ կառավարության տապալմանը, կստեղծեն մի իրավիճակ, որն այսօր տեսնում ենք տարածաշրջանի մյուս երկրներում՝ Լիբիայում, որտեղ կազմալուծված են պետական կառույցները, նմանատիպ իրավիճակ է նաև Իրաքում», - ասել է Ռուսաստանի նախագահը CBS-ի հաղորդավար Չարլզ Ռոուզի հետ զրույցում:

Միաժամանակ, Պուտինը հավելել է, որ պետք է ստիպել Սիրիայի գործող իշխանություններին՝ երկխոսություն սկսել ընդդիմության առողջ մասի հետ և բարեփոխումներ անցկացնել:

Արևմուտքում փորձագետներից շատերը համարում են, որ սկսելով Սիրիայի այս արշավը՝ Մոսկվան ցանկանում է վերադարձնել իր միջազգային դերակատարությունը: Պուտինը, սակայն, հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ՝ գոնե այսօր, մասնակցել Սիրիայի տարածքում կամ որևէ այլ երկրում ցամաքային գործողությունների և ուզում է սոսկ օգնել Ասադին ահաբեկիչների դեմ պայքարում: Պատճառներից մեկը, ըստ նրա, նաև այն է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունում այսօր կա շուրջ 2 հազար ահաբեկիչ նախկին Խորհրդային Միության հանրապետություններից, և Մոսկվան վախենում է, որ նրանք մի օր կվերադառնան «մեզ մոտ»: Ավելի լավ է, ըստ Ռուսաստանի նախագահի, օգնել Ասադին, որ նա այնտեղ՝ Սիրիայում պայքարի այդ ահաբեկիչների դեմ:

Պուտինը խոսել է նաև «գունավոր հեղափոխությունների» և այն մասին, որ ամերիկացիները օգնել են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին տապալողներին:

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, կրկնել է տարիներ առաջ իր հնչեցրած այն կարծիքը, որ ԽՍՀՄ-ի փլուզումը մեծ ողբերգություն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG