Մատչելիության հղումներ

«Ճգնաժամը Օբամային ստիպում է Պուտինին դուրս հանել մեկուսացումից»


ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Այսօր Նյու Յորքում, որտեղ գումարվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանը, պետք է հանդիպեն Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը։

Սպիտակ տունը և Կրեմլը հաստատել են այդ պայմանավորվածության փաստը։ Վերջին անգամ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները անցյալ տարվա նոյեմբերին են հանդիպել։

Գլխավոր ասամբլեային նախորդող շաբաթների ընթացքում ռուսական շրջանակները պնդում էին, որ Արևմուտքի շահերից է բխում համագործակցությունը Մոսկվայի հետ, իսկ ամերիկյան աղբյուրները նկատել էին տալիս, որ Օբամային այդ հանդիպումն առանձնապես չի հետաքրքրում։

Ի վերջո, կողմերը որոշեցին հանդիպել, ինչպես ամերիկացիներն են նշում` ռուսների համառ խնդրանքներից հետո։

Արևմուտքի վերլուծաբանների կարծիքով, ներկայիս ճգնաժամն է Օբամային ստիպում «մեկուսացումից դուրս հանել Պուտինին»։ Financial Times-ը նշում է, որ «Վաշինգտոնին չի հետաքրքրում Ասադին իշխանությունից չհեռացնելու և «Իսլամական պետության» դեմ պայքարի համար միջազգային համայնքի ուժերը համատեղելու Ռուսաստանի լղոզված առաջարկը, բայց Օբաման ընդունում է, որ չլսել Պուտինի կարծիքը անպատասխանատվություն կլիներ»։

Երկկողմ հանդիպման օրակարգում անպայման կլինի նաև Ուկրաինայի հարցով Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների թեման։

Ըստ Financial Times-ի մեկնաբաններ Ջեֆ Դայերի և Քեթրին Հիլեի, «այդ հանդիպման փաստը Պուտինի համար դիվանագիտական հաղթանակի վկայություն է»։

Անցած շաբաթ Կրեմլի փորձագետները կարծիք են հայտնել, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կընձեռի Սիրիայի հարցում Վաշինգտոնի և Մոսկվայի տեսակետները մերձեցնելու հնարավորություն։

Մինչդեռ ամերիկացի փորձագետները ենթադրում են, որ Պուտինի գլխավոր նպատակն առավելապես ներքաղաքական է՝ նրան անհրաժեշտ է խորհրդարանական և նախագահական հաջորդ ընտրություններից առաջ տնտեսական բարդ փուլ վերապրող և առաջատար աշխարհից մեկուսացող երկրի ներսում վարկանիշը բարձրացնելու նոր խթան։

The Wall Street Journal-ի մեկնաբան Քերոլ Լիի խնդրանքով հարցը մեկնաբանել է Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմի մի բարձրաստիճան պաշտոնյա, ով խնդրել է չհրապարակել իր անունը։

«Հաշվի առնելով Սիրիայի և Ուկրաինայի խնդիրները՝ նախագահը որոշել է անտեսել առկա խորը տարաձայնությունները և հանդիպել Պուտինին: Սա կարևոր է հատկապես այն առումով, որ մեր եվրոպացի գործընկերներն էլ Մոսկվայից պահանջում են առանց վերապահումների կատարել Մինսկի համաձայնությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները», - ասել է պաշտոնյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG