Մատչելիության հղումներ

Երևանում տեղի ունեցավ Քրիս Բոհջալյանի և Վարուժան Ոսկանյանի բեսթսելլերների շնորհանդեսը


Քրիս Բոհջալյանը (ձ) և Վարուժան Ոսկանյանը Երևանում, 24-ը սեպտեմբերի, 2015թ.
Քրիս Բոհջալյանը (ձ) և Վարուժան Ոսկանյանը Երևանում, 24-ը սեպտեմբերի, 2015թ.

«Գրական տապան» միջազգային փառատոնի շրջանակներում Գաֆեսճյան արվեստի կենտրոնում բացվեց ARMBOOKEXPO երկրորդ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է արտասահմանյան 53 երկրում հրատարակված Հայաստանին, հայ ժողովրդին, մշակույթին, արվեստին ու պատմությանը նվիրված 5400 անուն գիրք։ Դրանցից 2447-ը նվիրված է Հայոց ցեղասպանությանը։

Այսօր ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ տեղի ունեցավ նաև ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» և ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» գրքերի շնորհանդեսը: Երկու գրողներն էլ շատ հայտնի են ոչ միայն իրենց երկրներում, այլև Հայաստանի գրական շրջանակներում: Երկու գրողների գրքերն էլ հինգ տարի առաջ Ռումինիայում և ԱՄՆ-ում տպագրվելուց հետո անմիջապես բեսթսելլեր են դարձել և թարգմանվել երկու տասնյակից ավելի լեզուներով, արժանացել են ամենահեղինակավոր մրցանակների և ամենաբարձր գնահատականների: Երկու գրքերն էլ ներկայացնում են Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանը:

Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» վեպի հիմքում ընկած են հայ տարագիրների մասին պատմող փաստագրական նյութեր, իսկ Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը ներկայացնում է հայկական ջարդերի ժամանակ գաղթի ճանապարհին սիրո ու մահվան մի պատմություն, որտեղ ամրոցը աղջիկները ավազի վրա են կառուցում: Այս վեպն, ի դեպ, հեղինակի 14-րդ գործն է և առայժմ միակը ցեղասպանության թեմայով։ Հրատարակվելուց անմիջապես հետո դարձել է Միացյալ Նահանգներում ամենաշատը վաճառված գրքերից մեկը:

Երկու տարի առաջ Երևանում տեղի ունեցավ նաև Վարուժան Ոսկանյանի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, իսկ Քրիս Բոհջալյանի վեպը մինչև այժմ թարգմանված չէր, և ահա «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանի նախաձեռնությամբ սկսվում է գրքի թարգմանությունն ու հրատարակությունը, թարգմանիչը Արամ Արսենյանն է։ Գիրքն արդեն իսկ վաճառվում է գրախանութներում, և այսօր էլ ներկայացվեց շնորհանդեսի ARMBOOKEXPO-ի շրջանակներում։

Գրքի հայերեն թարգմանությունն ու լույս ընծայումը շատ է ուրախացրել Քրիս Բոհջալյանին։ Գիրքը ներկայացնելիս ասաց, որ հինգ տարի այս գիրքը առնվազն մեկ տասնյակ երկրներում է ներկայացրել և շատ ուրախ է, որ այն վերջապես հայերեն է լույս տեսնելու՝ հայրենիքում, ուր նա արդեն չորրորդ անգամն է այցելում։

Բոհջալյանն ասում էր, որ իր բոլոր այցելությունները հայրենիք իրեն մեծ հաճույք են պատճառել, եղել է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, բայց ամենաշատը Երևանն է սիրում։ Նրա համոզմամբ՝ Երևանը աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է։

Հարցին, թե ո՞ր է իր վեպի հաջողության գաղտնիքը, Բոհջալյանն պատասխանեց, որ սա սիրային պատմություն է, ոչ ոք չէր գնի միայն ցեղասպանության մասին պատմող գիրք.- «Այդ պատճառով ես գրել եմ մի սիրային պատմություն, որը մարդկանց տեղեկացնում է Հայոց ցեղասպանության մասին»։

XS
SM
MD
LG