Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն պարզաբանում է՝ Հայաստանը Ռուսաստանից նոր վարկ չի վերցրել


ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, արխիվ

Պուտինն ու Սարգսյանը երեկ խոսում էին դեռ հուլիսին վավերացված 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի մասին։

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պարզաբանում է՝ Հայաստանը Ռուսաստանից նոր վարկ չի վերցրել։ Երբ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների երեկվա հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց 200 միլիոն դոլարանոց արտոնյալ վարկի մասին, խոսքը վերաբերում էր հուլիսի սկզբին խորհրդարանի կողմից արդեն իսկ վավերացված համաձայնագրին։

Հանդիպումը հանրապետական պատգամավորը դրական է գնահատում, ասում է՝ որևէ վտանգավոր բան հայկական կողմի համար չի քննարկվել.- «Այնտեղ էներգետիկ բնագավառի համար, նաև զինված ուժերի հետ կապված երկու գործընթացները, որոնք վավերացվեցին, դրանք նպաստավոր պայմաններ են ստեղծում մեր երկրի ապագայի համար»։

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը միակն էր, ով ամիսներ իր քվեարկությամբ դեմ արտահայտվեց սպառազինություն գնելու նպատակով Ռուսաստանի հետ կնքած վարկային համաձայնագրին։

«Մեր երիտասարդների արյան շնորհիվ է, որ մենք կարողանում ենք այսօր պաշտպանել մեր սահմանը։ Մինչդեռ դիվանագիտական լծակները օգտագործելով՝ սահմանը ավելի պաշտպանված կլիներ և արյուն չէր թափվի, նաև այս վարկի կարիքը չէինք ունենա»,- ասում է ընդդիմադիր պատգամավորը։

Փոստանջյանը կարծում է՝ Ռուսաստանը Հայաստանին ամենևին էլ ռազմավարական գործընկերոջ նման չի վերաբերում.- «Սա վաճառք չէ, ուղղակի առևտրային հարաբերություններ չեն, սա հստակ քաղաքականություն է։ Ադրբեջանին զենք է մատակարարում Ռուսաստանը»։

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանն ասում է՝ վերջին գործարքը, որին էլ կծառայեցվի 200 միլիոն դոլարի վարկը, տարբերվում է նախորդներից։

«Այդ 200 միլիոն արտոնյալ վարկը չի նշանակում շուկայական գնով... դա բավականին լուրջ սպառազինությունների քանակ է, և ի տարբերություն նախորդ բոլոր գրեթե ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրերից, այս անգամ Հայաստանը ստանալու է նորագույն զենք և զինամթերք հենց գործարաններից։ Հայաստանը այս պահին Մերձավոր Արևելքում С-300 կամ հակաօդային պաշտպանության կայանների քանակով իր տարածքի համեմատությամբ ամենաարդիական երկիրն է»,- ասաց փորձագետը։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական բալանսի փոփոխությունը, Մինասյանի խոսքով, պետք է մտահոգի Ռուսաստանին.- «Եթե վերսկսվեն ռազմական գործողությունները, ապա Ռուսաստանը լուրջ խնդրի առջև է կանգնելու։ Յուրաքանչյուր որոշումը, որ ընդունելու է Ռուսաստանը, կբերի նրան, որ ինքը կորցնելու է կամ Հայաստանը, կամ Ադրբեջանը, կամ ավելի հավանական է՝ երկուսին էլ։ Հետևաբար Ռուսաստանը պիտի շահագրգռված լինի այդ բալանսը պահպանելու և նաև արտոնյալ, 200 միլիոնանոց վարկը դրա արտացոլումն է»։

Հայաստանին տրամադրված արտոնյալ վարկից բացի Սերժ Սարգսյանը անդրադարձել էր նաև 25 դոլարով գազի գինը նվազեցնելու, ատոմակայանը արդիականացնելու հարցերին։ Հայաստանցի սպառողների համար, սակայն, գազի սակագինը կմնա անփոփոխ, քանի որ դրամն է այս ամիսներին արժեզրկվել։ Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը նկատեց՝ պաշտոնական տեղեկատվությունը այս առումով էլ ոչ մի նորություն չի փոխանցել։

«Ընդհանրապես հայ-ռուսական հարաբերություններում այս պահին որևէ դրական տեղաշարժ մատնանշել դժվար է, եթե չասենք անհնարին է։ Անընդհատ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները նորից թարմացվում են, նույն փաստաթուղթը մի տասն անգամ ստորագրում են»,- ասաց Գևորգյանը։

Թեև հայ-ռուսական հարաբերությունները գունավոր են ներկայացվում, Գևորգյանն ասում է՝ թվերն այլ բան են խոսում.- «Արտաքին առևտուրը երկու երկրների միջև նվազում է, Ռուսաստանից Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտները նվազում են, Ռուսաստանից Հայաստանի տնտեսության մեջ կատարվող ներդրումները նվազում են սարսափելի մեծ տեմպերով։ Այնպես որ այս երկու երկրները իրենց հարաբերություններում այս պահին հպարտանալու որևէ բան չունեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG