Մատչելիության հղումներ

Պուտինը հերթական անգամ հանգստացրել է ռուսաստանցիներին


Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում Արևելյան տնտեսական գագաթնաժողովին, 4-ը սեպտեմբերի, 2015թ.
Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում Արևելյան տնտեսական գագաթնաժողովին, 4-ը սեպտեմբերի, 2015թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Վլադիմիր Պուտինը կընդունի երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 7-ին, իսկ մինչ այդ Պեկին-Մոսկվա ճանապարհին Ռուսաստանի նախագահը կանգ է առել Վլադիվաստոկում, որտեղ մասնակցել է Արևելյան տնտեսական գագաթնաժողովի աշխատանքներին և հանդես է եկել մի շարք հայտարարություններով։

Նախ Պուտինը հերթական անգամ հանգստացրել է ռուսաստանցիներին՝ ասելով, որ կառավարությունը ճգնաժամի դեմ պայքարելու մի շարք միջոցներ ունի։ «Որևէ արտառոց բան տեղի չի ունենում, մենք արդեն այս իրավիճակն անցել ենք 2008-2009-ի ճգնաժամի ժամանակ»,- ասել է նա։

Սրա հետ մեկտեղ Պուտինը ընդգծել է, որ իշխանությունները մտադիր չեն ունեցած ողջ պահուստները տրամադրել այս ճգնաժամը հաղթահարելուն։ «Սակայն իր վրա ստանձնած սոցիալական պարտավորությունները Ռուսաստանի կառավարությունը մտադիր է կատարել»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարը նաև խոսել է Ուկրաինայից, մասնավորապես, ասել է՝ ուկրաինական իրադարձությունների հետագա զարգացումը կախված է հենց այդ երկրից, ոչ թե Ռուսաստանից։ Նա քննադատել է Ուկրաինայի իշխանություններին՝ ասելով, այդ երկիրը այսօր դրսից է կառավարվում, բոլոր առանցքային պաշտոնները կառավարությունում, նաև կարևոր շրջաններում զբաղեցնում են արտասահմանցիները։ Սա Պուտինի համարում է վիրավորական Ուկրաինայի ժողովրդի համար։

«Իսլամական պետության» դեմ պայքարի համար Պուտինը առաջարկում է ստեղծել միջազգային կոալիցիա։ Նա Վլադիվաստոկում հայտարարել է, որ արդեն քննարկել է իր այս առաջարկը Միացյալ Նահանգների, Թուրքիայի և Եգիպտոսի նախագահների, Հորդանանի թագավորի և Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ։ «Աշխատանքներ են տարվում նաև Սիրիայում, որտեղ տեղակայված են «Իսլամական պետության» զինյալները»,- ասել է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով, որ նույնիսկ Սիրիայի նախագահը հասկանում է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարի հետ միասին պետք է տեղի ունենան նաև որոշ քաղաքական պրոցեսներ, ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Միաժամանակ Պուտինը նաև հայտարարել է՝ դեռ վաղ է խոսել այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններին։

Անդրադառնալով փախստականների խնդրին՝ Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ դեռ մի քանի տարի առաջ ինքը զգուշացրել է արևմտյան գործընկերներին, որ լինելու են լայնածավալ խնդիրներ, եթե Արևմուտքը շարունակի իր որդեգրած արտաքին քաղաքականությունը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մահմեդական երկրների հետ հարաբերություններում։

«Սա առաջին հերթին ամերիկյան քաղաքականությունն է՝ ստիպել այդ երկրներին ընդունել իրենց սկզբունքները՝ առանց հաշվի առնելու այդ երկրների պատմական, կրոնական, ազգային առանձնահատկությունները»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ այս սխալ քաղաքականության հետևանքով տուժում են եվրոպական երկրները, ոչ թե ԱՄՆ-ը։

XS
SM
MD
LG