Մատչելիության հղումներ

Սաակաշվիլի. «Յացենյուկի կառավարությունը կաթվածահար վիճակում է»


Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլի
Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլի

«Ուկրաինայի կառավարությունը սաբոտաժի է ենթարկում իմ գործունեությունը Օդեսայի նահանգապետի պաշտոնում»,- երեկ երեկոյան հայտարարեց Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:

Ուշագրավ է, որ Ուկրաինայի կառավարության և անձամբ վարչապետ Արսենի Յացենյուկի հասցեին կոշտ քննադատությունը Սաակաշվիլին հնչեցրեց նախագահ Պետրո Պորոշենկոյին պատկանող Հինգերորդ հեռուստաալիքի եթերում:

«Այսօր ես կուզեի խոսել բարեփոխումների մասին, այն մասին, թե ինչպես ենք ամբողջությամբ հաղթահարել կոռւպցիան, բայց դրա փոխարեն այսօր ես ստիպված եմ խոսել սաբոտաժի մասին, որի հեղինակները ոչ թե Ռուսաստանում են, այլ Ուկրաինայի կենտրոնական, կառավարական գերատեսչություններում»,- հայտարարեց Սաակաշվիլին՝ որպես սաբոտաժի վառ օրինակ նշելով Օդեսայի օդանավակայանում «բաց երկնքի» քաղաքականություն ներդնելու իր անհաջող փորձերը: Նրա խոսքով՝ այս հարցում Ուկրաինայի կառավարությունը պաշտպանեց ոչ թե շարքային ուղևորներին, այլ ավիացիայի ոլորտում լուրջ բիզնես շահեր ունեցող օլիգարխ Իգոր Կոլոմոյսկուն:

«Երեկ Յացենյուկը որոշում կայացրեց հոգուտ Կոլոմոյսկու: Այս ամենը տեղի է ունենում մեր աչքի առջև: Կառավարությունը սպասարկում է օլիգարխների շահերը»,- ասաց Սաակաշվիլին` հերքելով այն պնդումները, թե Յացենյուկին ուղղված իր քննադատության գլխավոր դրդապատճառը Ուկրաինայի վարչապետ դառնալու ցանկությունն է:

Նախագահ Պորոշենկոյի պաշտոնական կայքի էլեկտրոնային խնդրագրերի բաժնում օրերս կոչ էր զետեղվել՝ նշանակել Սաակաշվիլիին կառավարության ղեկավարի պաշտոնում: Ինքը՝ Օդեսայի նահանգապետը այդ ամենը համարում է քաղաքական ինտրիգների և սև փիարի դրսևորում: Դրա հետ մեկտեղ Սաակաշվիլին խոստովանում է.- «Ես նույնպես տրվեցի նրանց պնդումներին ու հնարքներին: Ես հուսով էի, որ իշխանության բոլոր թևերը ցանկանում են երկրի տարածքային ամբողջականության պահպանումը: Այո՛, ես ինձ խաբված եմ զգում»։

Վրաստանի նախկին նախագահի խոսքով՝ Յացենյուկի կառավարության գլխավոր թերացումը ոչ թե օլիգարխների շահերի սպասարկումն է, ոչ թե այս կամ այն ոլորտը ոչ պաշտոնական տերերին կամ այսպես կոչված «նայողներին» հանձնելն է, այլ բարեփոխումների քաղաքականությունից հրաժարումը:

«Մենք դատողություններ ենք լսում բարեփոխումների մասին, սակայն բուն բարեփոխումները չենք տեսնում: Արդեն մեկուկես տարի է ինչ Ուկրաինայում եմ, սակայն մեծ, նշանակալի բարեփոխումներ ես այդպես էլ չեմ տեսել: Միայն ոստիկանության բարեփոխումներն են եղել, այն էլ դրանք վերաբերել են իրավապահ համակարգի մի փոքր հատվածին միայն: Այն, ինչ կառավարությունն ու Յացենյուկը անվանում են բարոփեխում, իրականում բարեփոխման հետ որևէ կապ չունի: Ասենք, սակագների բարձրացումը ոչ թե բարեփոխում է, այլ տնտեսական ճգնաժամից բխող քայլ»,- պնդում է Օդեսայի նահանգապետը՝ հավելելով.- «Ուկրաինայի կառավարությունն այս տեսքով ի վիճակի չէ որևէ դրական քայլի»:

«Այժմ կառավարությունը լիովին կաթվածահար է: Հարկավոր է ուկրաինական կառավարության վերաբեռնավորում` այն էլ բոլոր մակարդակներում: Որքան էլ մենք պատրանք ստեղծենք, թե նման խնդիր չկա, իրականում այդ պրոբլեմն առկա է: Ուկրաինացի չինովնիկները բարոյալքված վիճակում են: Այսօր անհրաժեշտ է որոշակի քայլեր ձեռնարկել, հակառակ պարագայում այդ ամենը շատ վատ հետևանքներ կունենա»,- համոզված է Միխայիլ Սաակաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG