Մատչելիության հղումներ

ՊՆ խոսնակ. Վազաշենում երեք քաղաքացիականներ են վիրավորվել և մեկ պայմանագրային զինծառայող


Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ
Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Երեկ երեկոյան և գիշերը սահմանին իրավիճակը կրկին լարված է եղել, բայց կրակոցները մի փոքր ավելի քիչ, քան նախորդ օրերին, «Ազատության»-ը փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ հակառակորդը կրկին հիմնականում կրակել է Տավուշի ողջ սահմանի երկայնքով, որից տուժել են նաև որոշակի գյուղեր։

«Վազաշենում վիրավորվել են երեք քաղաքացիականներ, որոնք ոչ Վազաշենի բնակիչներ են։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, այս պահին գտնվում են հիվանդանոցներում։ Ինչպես նաև կրակոցներից վիրավորվել է մեկ պայմանագրային զինծառայող, նրա կյանքին ևս վտանգ չի սպառնում, համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել», - ասաց Պն մամուլի խոսնակը։

Նրա փոխանցմամբ՝ հակառակորդը լռել է միայն հայկական կողմի պատասխան կրակից հետո։

«Ազատության» հարցին, թե պատերազմի վերսկսման վտանգ կա՞, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Պետք է ասել, մասնագիտական տեսանկյունից, սա՝ ինքը, պատերազմն է, ուղղակի ոչ այն սաստկությամբ, որ կարող էր լինել։ Իսկ լայնամասշտաբ մարտական գործողությունների մասին ձեր հարցը, չեմ կարող հստակ ասել, ցանկացած պահի կարող է լինել, կարող է չլինել։ Ամեն դեպքում, այս պահին ռեալ լայնամասշտաբ պատերազմի նախանշաններ դեռ չենք տեսնում»։

Այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ սեպտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը հանգիստ չի եղել նաև Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում. հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ:

ԼՂ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ թեև վերջին օրերի համեմատ խախտումները նվազել են, այնուամենայնիվ հակառակորդը կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ, այդ թվում 60 և 82 միլիմետրանոց ականանետեր, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1800 կրակոց:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ճնշելով հակառակորդի ակտիվությունը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG