Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն լքած պատգամավորները կողմ են սահմանադրական փոփոխություններին


Այսօր Սերժ Սարգսյանին հանդիպեցին անկուսակցական պատգամավորները, նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում։

«Ոնց մեր երկրի նախագահը ցանկանում է, նույնը պիտի անենք մենք, վսյո»,- հանդիպումից հետո ասաց պատգամավոր Կարո Կարապետյանը։

Պարբերաբար քրեական պատմությունների կիզակետում հայտնվողԿարապետյանն ասաց՝ գիտի ինքն ինչ է ուզում, կողմ է սահմանադրական բարեփոխումներին, ինչու՝ չհստակեցրեց, իսկ ի՞նչ է ուզում Սերժ Սարգսյանը, բառացի չփոխանցեց.- «Հենա գնացեք կարդացեք, իմացեք ինչ ա ուզում»։

Այսօր Բաղրամյան 26 էին գնացել «Բարգավաճ Հայաստանի» համար ամենածանր ժամանակներում՝ Գագիկ Ծառուկյանի հասցեին Սերժ Սարգսյանի հնչեցրած կոշտ գնահատականներից հետո կուսակցությունը լքած պատգամավորները։ Խմբով մտել, առանձին-առանձին դուրս էին գալիս ու հավաստիացնում, որ իրենց ապագա գործունեությունը չեն քննարկել նախագահականում։

ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունով տեղեկացրած Բազմասեր Առաքելյանն ասում էր՝ ինքն է որոշելու մնալ պատգամավոր, թե՝ ոչ։ Հարցին՝ կա՞ մի ուժ, որտեղ իրեն տեսնում է, Առաքելյանն արձագանքեց.- «Էս պահին չեմ կարա ոչ մի հարցի պատասխանեմ, որովհետև ժամանակը ցույց կտա»։ ԲՀԿ վերադարձը բացառեց.- «Ես ԲՀԿ-ից դուրս եմ եկել, որ նորից վերադառնա՞մ»։

Առաքելյանին օտար է հատկապես ընդդիմադրի գործունեությունը։ ԲՀԿ-ն լքած, սակայն մանդատը պահպանելու համար ԱԺ-ում նույնանուն ընդդիմադիր խմբակցությունից դուրս չեկած պատգամավորն այսօր ասում էր.- «Ինչի՞ համար ընդդիմադիր լինեմ»։

Երբ Գագիկ Ծառուկյանը խոսում էր իշխանափոխության մասին, ղարաբաղյան պատերազմի մասնակից, նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանն չէր զիջում նրան։ Մի առիթով Aravot.am-ի հետ զրույցում Գասպարյանն ասել էր.- «Ժողովուրդը պետք է հեռացնի Սերժ Սարգսյանին, ուրիշ ելք չկա»: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե մի քանի ամիս առաջ քննադատում էր նախագահին, այժմ նրա հետ քննարկումներ է անցկացնում, Գասպարյանն արձագանքեց.- «Բոլոր կուսակցությունն էլ գալիս են, սահմանադրական փոփոխությունների մասին քննարկումներ են կատարվում... և անկախ պատգամավորներն են գալիս։ Սահմանադրությամբ տենց է, որ անկախ պատգամավորները որևիցե մի կուսակցության կողմից առաջադրվելու են։ Ես դեռ չեմ որոշել՝ կառաջադրվեմ, թե՝ չէ»։

Նախագահական գնացած 10 պատգամավորներից որևէ մեկը, ըստ Parliamentmonitoring.am կայքի, անցած` գարնանային նստաշրջանի ընթացքում ամբիոնից երբևէ ելույթ չի ունեցել, անգամ տեղից հարց չի հնչեցրել։ Արագած Ախոյան վստահեցնում էր, թե խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների քննարկումներին ակտիվ մասնակցելու են։ Այսօր, համենայնդեպս, եղել է մեկ հարց, որը հուզել է միանգամից մի քանի պատգամավորի.- «Ստացանք սպառիչ պատասխանը, որտեղ հստակ գրված է սևը սպիտակի վրա, որ Հայաստանի Հանրապետությունում ընտանիք կազմելու իրավունք ունեն բացառապես կինը և տղամարդը։ Դրանով այն բոլոր խնդիրները և շահարկումները, կարծում եմ, դուրս եկան»։

Ախոյանը կողմ սահմանադրական փոփոխություններին, գործողի մասին շատ քննադատություն ու բողոք է լսել.- «Մի հատ էլ փորձենք էսպես, տեսնենք՝ ինչ է լինելու»,- ասաց։

Կեսօրին նախագահական գնալու հրավերներ էին ստացել նաև անկուսակցական պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Թևան Պողոսյանը։ Նրանք երկուսն էլ այսօրվա հանդիպմանը չմասնակցեցին։ Մարուքյանն «Ազատությանը» փոխանցեց՝ «նախագծին վերաբերող առաջարկությունները մի քանի տասնյակ էջանոց են, նպատակահարմար է գտել դրանք ուղարկել նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով»։

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, անկուսակցական Թևան Պողոսյանն էլ Բաղրամյան 26 չգնացելու որոշումն այսպես մեկնաբանեց.- «Շուտով լինելու են քննարկումները և ԱԺ նիստերին, և լսումներ են լինելու։ Եվ ունենալով այս հնարավորությունները՝ արխային կարող եմ օգտագործել, վստահ եմ, որ կլսվի, տեղ կհասնի, միգուցե հետևանքներ կլինեն։ Եթե ոչ, դրանից հետո նոր կմտածեմ այլ մեխանիզմների մասին»։

XS
SM
MD
LG