Մատչելիության հղումներ

Գործադուլ են հայտարարել Վանաձորի ՋԷԿ-ի աշխատակիցները


Վանաձորի «Քիմպրոմ» գործարանի աշխատակիցների բողոքի ցույցը, արխիվ:
Վանաձորի «Քիմպրոմ» գործարանի աշխատակիցների բողոքի ցույցը, արխիվ:

Նրանք հայտարարեցին, որ չեն աշխատի այնքան ժամանակ, մինչև իրենց աշխատավարձերի պարտքերը չմարվեն:

Այսօր Վանաձորի «Քիմպրոմ»-ի ջերմաէլեկտրակայանում հերթափոխի հանձնում-ընդունում տեղի չունեցավ:

Աշխատակիցերը գործադուլ սկսեցին՝ հայտարարելով, որ չեն աշխատի այնքան ժամանակ, մինչև իրենց աշխատավարձերի պարտքերը չմարվեն:

Տարեսկզբից մինչև օրս Վանաձոր «Քիմպրոմ»-ի ավելի քան երկու հարյուր աշխատակիցներ աշխատավարձ չեն ստացել:

«Մենք ընդամենը մեր աշխատավարձն ենք ուզում: Ամիսը 50 հազար պտի տան մարդկանց, որ իրանց թոշակի հետ յոլա գնան», - ասաց գործադուլավորներից մեկը:

«Ստրուկը, որ ստրուկ ա էղել, կերակրել են, թողել են ինչ-որ տեղ քնի, ձրի աշխատացրել են, բայց լույսի փող չեն ուզել, գազի փող չեն ուզել: Մեզ համ պահանջում ենք, բայց փոխարենը չեն վճարում: Մենակ պահանջում են ու պահանջում, բայց տալու հետ ոչ մեկն էլ ա գործ չունի», - հավելեց մեկ այլ գործադուլավոր:

1999 թվականից սեփականաշնորհված «Քիմպրոմ» գործարանը աշխատեցնելու խոստումներ վանաձորցիները բազմիցս են լսել, սակայն դրանցից իրենց եկամուտները երբեք չեն ավելացել: Գործարանը հինգ ամսվա աշխատավարձ էլ պարտք է դեռ 2011 թվականից, ու չնայած դատական քաշքշուկներին ու որոշումներին` գործարանի աշխատակիցները մինչև հիմա չեն կարողանում ստանալ այն:

Վերջիններիս բողոքներին ի պատասխան կառավարությունը հորդորում է սեփականատիրոջը դիմել, մինչդեռ աշխատակիցները գործարանի նոր տիրոջ մասին միայն լսել են , երբեք չեն տեսել եւ նրա ծրագրերի մասի պատկերացում անգամ չունեն․ - «Քիմգործարանի, ՏԷՑ-ի ամբողջ այս տարածքը երևի քաղաքի 10-15 տոկոս տարածքն ա զբաղացնում: Եթե մի երկրի, մի պետության վարչապետ չգիտի, թե հանրապետության երրորդ քաղաքի տասը տոկոսը ում ա պատկանում, սա եղավ հանրապետությո՞ւն, սա եղավ կառավարությո՞ւն․․․ Էս կառավարության հետ աշխատելը, ապրելը նշանակում է, ոնց որ անապատում, ավազի մեջ ձուկ բռնես»

Տարիներ շարունակ պարապուրդի մատնված քիմգործարանում այժմ աշխատում են միայն անվտանգության ծառայողները, արտադրամասերի պետերը, նյութական պատասխանատուներն ու էլեկտարտեխնիկները, առանց որոնց, ըստ ՋԷԿ-ի տնօերն Էդիկ Հունանյանի, երբեմնի քիմիական հսկան լուրջ խնդրի առաջ կկանգնի:

Վերջին անգամ մարզպետարանի առջև ցույցի դուրս եկած քիմպրոմցիներին մարզպետ Արթուր Նալբանդյանը հորդորեց ծայրահեղ քայլերի չդիմել, բայց և հստակ ոչինչ չխոստացավ: ՋԷԿ-ի աշխատողները հույս չունեն այլևս, թե մարզպետը կարող է սայլը տեղից շարժել․ - «Իրա ձեռին չի, որ ինքը տա: Ինքն էլ ուրիշին ա խնդրում, ուրիշներն էլ մերժում են: Ուրիշներն ասելով՝ կառավարությունը, պարոն վարչապետը»:

Գործարանի աշխատողներից յուրաքանչյուրի աշխատավարձի պարտքը կազմում է 400-800 հազար դրամ: ՋէԿ-ի տնօրեն Էդիկ Հունանյանը տեղեկացրեց, որ կապի մեջ է «Քիմպրոմ»-ի տնօրեն Ալեքսանդր Սնիգերյովի հետ, բայց վերջինս հուսադրող ոչինչ չի ասել:

Եթե իրենց աշխատավարձի հարցը չլուծվի, աշխատակիցները խոստանում են դիմել ծայրահեղ միջոցների:

XS
SM
MD
LG