Մատչելիության հղումներ

Ռուսաստան արտահանվող գյուղմթերքը այսուհետ մակնշվելու է


Հայաստանից Ռուսաստան միրգ և բանջարեղեն արտահանողները այսուհետև պետք է արկղերի վրա պիտակներ փակցնեն, որտեղ նշված կլինեն ապրանքի և արտահանողի անվանումը, ծագման երկիրը:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պարզաբանմամբ՝ մակնշման անհրաժեշտությունը պայմանավորված է Ռուսաստանի կողմից արևմտյան մի շարք երկրների նկատմամբ կիրառվող սանկցիաներով, որպեսզի երրորդ երկրներն իրենց ապրանքը Ռուսաստանի տարածքում հայկականի անվան տակ չիրացնեն:

Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանն ասաց, որ հորդորն իրենց փոխանցել են «Ռոսսելխոզնադզորից»․ - «Իսկ որը որ չունի մակնշում, և մարդիկ փորձեն դա հայկական ապրանքի տակ վաճառեն, մենք միանգամից դրանց արգելենք»:

Նիկոյանն ասաց, որ մեկ շաբաթ անցումային ժամանակ է տրված, և պնդեց, թե դա բավարար է բոլորին տեղեկացնելու համար:

Նիկոյանը նաև վստահեցրեց, թե պիտակները սովորական են, թանկ չեն, խնդիրներ չեն հարուցի, իսկ Ռուսաստանի տարածքում արդեն ապրանքի ծագման վերաբերյալ հարցեր չեն ծագի․ - «Ամենաշատ մի 10 հազար դրամի լրացուցիչ ծախս պետք է լինի 20 տոննա ծիրանի կամ խաղողի հաշվով: Դա տնտեսական ոչ մի բեռ չի ներկայացնում»:

«Ռուսաստանն այս կերպ փորձում է պաշտպանել եվրասիական տնտեսական շուկան, ինչը շահեկան է նաև Հայաստանի համար», - պնդեց Նիկոյանը:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը այդչափ լավատես չէ ռուսական շուկայում հայկական մրգերի առաջխաղացման հեռանկարի վերաբերյալ: Հայ արտահանողների հիմնական խնդիրը, նրա կարծիքով, այժմ ռուսական ռուբլու շարունակվող արժեզրկումն է․ - «Մեծ գումարներ կորցնում են արտահանման մեջ հենց ռուբլու ինֆլյացիայի պատճառով: Հիմա գումարվում են որոշ ծախսեր, որոնք պիտի կատարեն, որ պիտակավորումը ավելացնեն: Բայց, մյուս կողմից էլ, իրենք դա կուլ են տալիս, որովհետև իրենց պետք է շուկան չկորցնել»:

Երկրորդ խնդիրը, ըստ Մակարյանի, այն է, որ Ռուսաստանը «անկանխատեսելի գործընկեր է, հայտնի չէ, թե իրականում ինչ քաղաքական դրդապատճառներ են տնտեսական որոշումների հետևում, կամ ինչ որոշումներ կլինեն վաղը»․ - «Այս դեպքում ինքը շատ պարզ խնդիր է դրել, որ իբր թե միամիտ ձևով ասում է՝ ուղղակի ես ուզում եմ իմանալ, որ դուք ձեր երկրներից եք բերում․․․ Կարող է ուրիշ պատճառ լինի: Ռուսաստանի ամենակառոննի նոմերներից մեկը միշտ եղել է հենց սննդի անվտանգության պահանջները: Ում հետ որ գժտվեց․․․ ում հետ որ ինքը ունենում է քաղաքական նպատակ, այդ քաղաքական նպատակը շուռ ա տալիս, փորձում է տնտեսականով ճնշել՝ հաշվի առնելով, որ այդ երկրները իրենից կախված են: Հիմա այդպիսի տենդենց կարող է լինել: Ես չեմ թաքցնում»:

Այդ պատճառով է, որ Գագիկ Մակարյանը կարևոր է համարում Ռուսաստանից կախվածությունը մեղմելը․ - «Մեր նաև բիզնեսը պիտի ակտիվանա, մենք պետք է դիվերսիկացիայի գնանք, տարբեր շուկաների վրա աշխատենք, այլ շուկաներ գրավելու մասին մտածենք, պետությունը նաև իր ծրագրերով պիտի օգնի: Օրինակ, շատ մեծ հակակշիռ Ռուսաստանի այս կապրիզներին և այս իրավիճակին ստեղծի ի օգուտ մեզ Իրանը»:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը ռուսական կողմի մակնշման պահանջը բնական է համարում․ շատ երկրներում ընդունված մոտեցում է, պետք է երևա, թե ում արտադրանքն է, և ով է դրա որակի համար պատասխանատուն: Բերբերյանի միակ մտավախությունն այն է, որ այս պահանջը Հայաստանում լրացուցիչ քաշքշուկներ չստեղծի․ - «Պարենի տեսչությունը պետք է վերահսկի այս պրոցեսը՝ չխոչընդոտելով արտահանողներին: Եթե կարողանանք հասնել նրան, որ անխոչընդոտ այդ ծրագիրը կատարվի, իհարկե ողջունելի է: Իսկ եթե որոշ մարդիկ փորձեն ձեռքեր տաքացնել այդ պրոցեսի վրա, ինչը պրակտիկայում հաճախ է պատահում, սա արդեն անընդունելի է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG